Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 236

էին, ասես մարտը նոր էր սկսվում ։ Տասներորդ լեգեոնի բոլոր կենտուրիոնները զոհվել էին, և Անտոնիոսը արյան ու քրտինքի մեջ կորած ՝ ինքն էր կոհորտաները տանում առաջ ։ Նրա նժույգը սպանվել էր, սաղավարտը կախ էր ընկել ուսին, զրահը վնասվել էր կրծքի վրա, բայց նա ոչինչ չէր նկատում և մի բան էր միայն նրան զբաղեցնում. սպանել, սպանել ՝ որքան կարելի է արագ, որքան կարելի է ՝ շատ ։ Երբեմն ծանոթ դեմքեր էին սահում նրա հայացքի առջևով, հակառակորդի շարքերից նույնիսկ նրան ողջունողներ եղան, բայց նա ոչինչ չէր լսում ։ Նա փռեց երկու հոգու, վերից վար շեշտակի հարվածով երրորդի գլուխը կիսեց մեջտեղից, հետո ճարպկությամբ խույս տվեց անկասելի թվացող հարվածից ու երբ պատսպարվեց վահանի ետևում ՝ մի քանի նետ ու հեռվից արձակված մի տեգ խոցեցին այն ։ Կեսարն օգնական ուժեր ուղարկեց նրան ։
Պոմպեոսի հեծելազորը ոչ մի դիմադրության չհանդիպելով ՝ հակառակորդի դասավորության կողքով սուրում էր առաջ նպատակ ունենալով Ռուֆիոնին հարվածել թիկունքից ։ Կեսարը նժույգի բարձրությունից տեսնում էր այս ամենը, և երբ հեծելազորը հավասարվեց չորրորդ շարքին ՝ գայիսոնը վեր պարզեց ։ Դուրս գալով դասավորությունից, Պոլիոնի կոհորտան նետեց թիկնոցները, ծանր կնեմիդները և կայծակի արագությամբ մխրճվեց հեծելազորի մեջ ։ Սովորականի պես նրանք նիզակները չնետեցին հեռվից, այլ մոտենալով ՝ նշան բռնեցին հեծյալների դեմքին ։ Նրանք դա անում էին մեծագույն հմտությամբ և այնքան վարժ, որ սարսափելի վայնասուն ընկավ հեծյալների մեջ, որոնք միայն սրեր ունեին և անզոր էին վնասել երկար վահանով ծածկված հետևակին ։ Այլանդակվելուց խուսափելով ՝ նրանք շրջեցին ձիերի գլուխը, և նրանց խոցում էին թիկունքից ։ Խառնաշփոթի մեջ նժույգները տրորում էին միմյանց, ծառս լինում անգութ խթանումից, բայց Պոլիոնը երկու մանիպուլների հետ կտրել էր նրանց ուղին դեպի հարթավայր ։ Հեծյալներից մի քանիսն աղեկտուր ճիչերով ցած ընկան թամբից և դեմքն ափերով բռնած ՝ գալարվում էին ։ Նրանց աչքերը դուրս էին թռել խոռոչներից, պատռված այտերի տակից երևում էին փշրված ատամները ։ Վիրավորներից ոմանք գցել էին զենքերը և խոցվում էին զորավարժական թիրախների նման ։ Մյուսները, որոնք բոլորն էլ արիստոկրատական տներից էին և սիրում էին պարծենալ իրենց արտաքինով, սոսկալի տեսարանից գլուխները կորցրած ՝ սիրտ չարեցին մոտենալ ու ետ քաշվելով ՝ խառնեցին շարքերը ։ Նրանք անիմաստ պտտվում էին տեղում, հետո մի քանի տեղից փորձեցին խրվել Ռուֆիոնի կոհորտաների մեջ, բայց ետ շպրտվեցին, ինչպես ալիքն է ետ շպրտվում ժայռեղեն ելուններին զարկվելով ։ Նրանք փորձեցին նահանջել, բայց թիկունքից նրանց սեղմում էին հզոր մամլիչի նման ։ Իսկ Պոլիոնի զինվորները մտնում էին նժույգների տակ, պատռում դրանց փորը և անասունին տապալելով ՝ փողոտում հեծյալներին ։ Ի վերջո մի նեղ միջանցք բացվեց, և խուճապահար դուրս սողոսկելով սպանդանոցից ՝ Պոմպեոսի հեծյալները ցրվեցին հարթավայրի վրա ։ Կեսարի այրուձին, որ հասցրել էր կարգի բերել շարքերը, հալածեց նրանց ։
Նետաձիգներն ու պարսավորները, որ պաշտպանվելու ոչինչ չունեին և հայտնվել էին Պոլիոնի կոհորտայի դիմաց ՝ գլխապատառ փախուստի դիմեցին ։ Պոլիոնը քաջալերելով զինվորներին ՝ հալածեց նրանց և հաջողությունից ոգևորված ՝ ինքն էլ չհասկացավ ինչպես հայտնվեց Ափրանիոսի թիկունքում ։