Հանկարծ Կեսարը Պոլիոնին կանչեց իր մոտ և ինչ-որ բան ասաց նրան ։ Պոլիոնը սուրաց թիկունք և կենտրոնից վերցնելով մեկ լրիվ կոհորտա ՝ փութով այն փոխադրեց աջ թևը և չորրորդ շարք կազմեց ։
Կեսարը շրջում էր շարքերի միջով, քաջալերում զինվորներին, իսկ նրանք, որ կռիվ էին տենչում, ընդհատեցին նրան և պահանջեցին մարտի փողեր հնչեցնել ։
Այդ միջոցին Պոմպեոսի այրուձին խելահեղ հողմի պես բախվեց Կեսարի հեծելազորին ։ Մի քանի րոպե հավասար կռիվ էր գնում, բայց վերջիններս, որ քիչ էին թվապես, չդիմացան ահավոր ճնշմանը ու ետ ընկրկեցին ։ Դա ոգևորեց հարձակվողներին և սրերը ճոճելով ՝ մխրճվեցին հակառակորդի շարքերի մեջ ։ Խոցվելով սրերից, հեռվից արձակված նետերից ու տապալվելով արճճե ու կավե գնդերի հեղեղից ՝ Կեսարի հեծյալները ետ-ետ գնացին, ապա անկանոն նահանջեցին դեպի զորքի թիկունքը ։
Երբ հաշված քայլեր էին բաժանում հետևակ գնդերին, Կեսարը հարձակման փողեր հնչեցրեց ։ Հաջորդ վայրկյանին ռազմագծի ողջ երկարությամբ նրա զինվորները նետվեցին դեպի թշնամին ։ Սակայն, ի զարմանք նրանց, այդ նույն պահին Պոմպեոսի հետևակը մեխվեց տեղում ու անշարժացավ ։ Վազելով հարյուր կանգունի չափ, Կեսարի զինվորները կանգ առան և մոլորված մեկ թշնամուն էին նայում, մեկ իմպերատորին ։ Իսկ թշնամին կանգնած էր անշարժ և կարծես թե առաջանալու միտք չուներ ։ Հակառակորդի հապաղումը նկատելով ՝ Կեսարը հասկացավ, որ նրանք մտադիր են շրջապատել իր զինվորներին և սպասեց, մինչև ետին շարքերը ևս առաջացան, ապա նոր միայն նշան արավ կենտուրիոններին ։ Առաջին երկու շարքերն ահեղ գոչյունով մղվեցին առաջ, հեռվից նետեցին նիզակներն ու, սրերը մերկացնելով, ամեհի ալիքի պես բախվեցին թշնամուն ։ Մի ահավոր դղիրդ տարածվեց հարթավայրի վրա, գետինը երերաց տասնյակ հազարավոր կալիգաների դոփյունից. զենքերի շառաչն ականջ էր խլացնում ։ Առաջին վիրավորների ճիչերի հետ ռազմի գիծը կորավ թանձր փոշու մեջ, երկու կողմերից թարմ մանիպուլներ էին մղվում դեպի այն և սեղմվելով ՝ անէանում, ասես ընդերքը ճեղքվել ու կլանում էր մարդկանց ։ Սրեր էին թռչում վեր, կտրված ձեռքեր ու գլուխներ, արյունը ցայտում էր բոսորագույն շիթերով ։ Կռվողների ոգեշնչող կանչերը, հրամանատարների կոչերը, վիրավորների աղերսն ու մեռնողների հառաչը միախառնվում էին դոփյունին ու զենքերի շառաչին ։ Կենտրոնում Օպիոսը վետերանների մի հարյուրյակի հետ մխրճվել էր Բրուտոսի դիրքերի մեջ և առաջանում էր թրատելով ։ Շարքերը սեղմվում էին նրանց առաջ, տեգեր ու նիզակներ էին նետվում նրանց վրա, բայց Օպիոսի հարյուրյակը քայլ առ քայլ համառորեն խորանում էր հակառակորդի դասավորության մեջ ՝ իր ետևից տանելով մյուսներին ։ Բրուտոսը նրանց դեմ երկար նիզակավորներ հանեց ։ Օպիոսը կատաղությամբ ետ էր մղում հարվածները, բարկությունից շրթունքները կծոտում, որ չի կարող վնասել նրանց, ապա յուրայիններին կարգադրեց թրատել նիզակները ։
Գետամերձ թևում մարտն ընթանում էր փոխնիփոխ հաջողությամբ և կողմերից ոչ մեկն առավելություն չէր ստանում ։ Պատճառը թերևս այն էր, որ միմյանց դեմ կռվող լեգեոնները ծառայել էին միասին երկու տարուց ավելի և քաջատեղյակ էին հակառակորդի թույլ և ուժեղ կողմերին ։ Նրանք միևնույն հնարքներն էին բանեցնում, մեկը մյուսի մտահղացումները գուշակում էր ավելի վաղ, քան դրանք կհասցնեին իրագործվել, և որքան էլ կռիվը դաժան էր, իսկ զոհերը ՝ շատ, շարքերն այնպես ուղիղ