Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 234

— Վերջապես մենք կմարտնչենք մարդկանց, ոչ թե քաղցի ու կարիքի դեմ,— ասաց Կեսարը ՝ հայացքը չկտրելով թշնամուց ։ Ապա նա կարգադրեց ծիրանեգույն խիտոն բարձրացնել իր վրանի առաջ ։ Ճակատամարտի նշանը տեսնելով ՝ զինվորներն ուրախ կանչերով նետվեցին դեպի զենքերը ։
Արագորեն շարելով զորքը ՝ Կեսարը ձախ թևը, ուր Տասներորդ լեգեոնն էր, վստահեց Անտոնիոսին, Ռուֆիոնը երկու լեգեոնով պիտի կռվեր Ափրանիոսի դեմ, իսկ Օպիոսին բաժին հասավ Բրուտոսը ։ Հեծյալները թվապես շատ անգամ զիջում էին հակառակորդին, և Կեսարը թեթևազեն հետևազորից հազար հոգու կարգադրեց կռվել նրանց շարքերի մեջ ։ Երբ ամեն ինչ ավարտված էր, փողեր հնչեցին, ու թմբուկների զարկերի ներքո զորքը ծանրորեն հեռացավ ճամբարից ։ Կեսարը միացավ Անտոնիոսին ՝ նպատակ ունենալով Տասներորդ լեգեոնի կազմում կռվել անմիջապես Պոմպեոսի դեմ ։
Պոմպեոսի զինվորները տեղյակ էին հակառակորդի սակավաթվությանը, բայց ստույգ տվյալներ չունեին, և այժմ իրենց առջև տեսնելով հազիվ քսան հազար հետևակ, որի դասավորությունը խորացնելու համար Կեսարը կոհորտաները շարել էր միմյանցից բավական հեռու, և ընդամենը մի քանի հարյուր հեծյալ ՝ իրենց յոթ հազարի դիմաց ՝ նրանց ոգևորությունն ավելի աճեց և անզուսպ ուրախությամբ համակված ՝ շարքերում կատակում էին, թե չարժեր խղճուկ այդ ջոկատների համար առավոտ վաղ ելնել անկողնուց ։ Նրանք արդեն ապրում էին հաղթանակի բերկրանքը, իրար մեջ բաժանում էին Կեսարի զորապետերի ունեցվածքը և յուրաքանչյուրն իրեն պատկերացնում էր մեծ կարողության տեր դարձած ։ Նրանք ծառաներ ուղարկեցին ճամբար ՝ տաղավարներում խնջույքի սեղան գցելու, որպեսզի մարտից հետո նշեն հաղթանակը ։
— Նրանք ինքնավստահ են պարթևական կատաֆրակտոսների նման,— նկատեց Անտոնիոսը, որ նժույգի վրայից ուշադիր հետևում էր հակառակորդի ամեն շարժումին ։— Իսկ հեծյալներն այնպես են պճնվել, ասես տրիումֆի են ելել ։
Կեսարը չարձագանքեց. նրան բոլորովին այլ բան էր զբաղեցնում. Պոմպեոսն առաջ էր մղել իր հսկայաթիվ հեծելազորը, իսկ նրանց ետևից առաջանում էր նետաձիգների ու պարսավորների հսկա զանգվածը ։ Նա ենթադրեց, որ Պոմպեոսը մտադիր է հարվածել իր աջ թևին, շրջանցել այն և խառնաշփոթ ստեղծելով թիկունքում ՝ մարտի ելքը վճռել նախքան հիմնական ուժերի մոտենալը ։ Նա ուշադիր զննեց հարթավայրը և համոզվելով, որ հեծելազորի առաջխաղացումն այլ նպատակ չէր կարող հետապնդել ՝ կարգադրեց աջ թևում շարքերը նոսրացնել ու մեծացնել խորությունը, իսկ կոհորտաների երրորդ շարքին արգելեց առանց իր նշանի մարտի մեջ մտնել ։
Նկատելով, որ պաշտպանությունը խորացնելու նպատակով հակառակորդի շարքերը ետ են քաշվում, Պոմպեոսը հրամայեց լայնացնել դասավորությունը ։ Հեծելազորը կողմ քաշվեց, թիկունքից վեց կոհորտա արագ վազքով զբաղեցրին ազատված տարածությունը ։ Այժմ նա ավելի արդյունավետ կօգտագործեր իր գերակշիռ ուժերը, մինչդեռ Կեսարը շրջապատումից խուսափելով ՝ ստիպած եղավ կոհորտաների երրորդ շարքի հաշվին ընդլայնել ռազմի գիծը ։
Հետևակ գնդերը միմյանցից հեռու էին ավելի քան կես մղոն, իսկ Պոմպեոսի հեծելազորն արդեն ընդհուպ մոտեցել էր հակառակորդի զորագլխին ։