են սահմանում, հարկ կլինի նաև պատգամախումբ առաքել Դելփիք ՝ պարզելու, թե ինչ է հարկավոր նվիրաբերել Ապոլոնին, որպեսզի նա այս դժվարին պահին պահպանի մեր հոգու արիությունը և մտքի կայունությունը ։ Մենք պիտի սակրա խոստանանք Մարսին և Վեներային, որպեսզի նրանք բարեհաճ լինեն մեր հանդեպ առաջիկա օրերին ։
Հավգուրների զգուշացումը չէր կարող ուրախացնել Կեսարին, և նա նկատելի մռայլվեց ։ Ներքին մի ձայն նրան հուշում էր, թե մարտի հետաձգումը ոչ մի լավ բան չի բերելու իրեն, ու թե հաղթելու է, ապա միայն այսօր ։ Բայց անչափ մեծ էր մարտի նշանակությունը, և նա չէր կարող բախտը փորձել առանց աստվածների ողորմածության ։
Զորապետերը լուռ նստած էին իմպերատորական վրանի երկայնքով և անհամբերությամբ սպասում էին նրա վճռին ։ Ճամբարը վաղուց ոտքի վրա էր, և դրսից անկանոն անցուդարձի ու խոսակցության աղմուկ էր հասնում ։
Կեսարը մեկ րոպեի չափ մտախոհ քայլեց վրանում, ապա հարցրեց հարուսպիկների կարծիքը ։ Խոսեց նրանցից ավագը ՝ հայտնելով, որ զննումները վիճակի կտրուկ փոփոխություն են ակնկալում. բարին են նախորոշում, թե ՞ ոչ ՝ միայն Կեսարը կարող է պատասխանել. եթե ներկա վիճակը բարենպաստ է իր համար, թող անհաջողություն սպասի, եթե ոչ ՝ հաղթանակ ։
Այդ միջոցին վրանից դուրս սմբակների դոփյուն լսվեց, և ներս մտած հետախույզները լուր բերին, որ հակառակորդը մարտաշարքեր է կազմում և որ Մագնիայի հեծելազորն առաջացել է մեկ մղոնի չափ ։
— Աստվածները տեսնում են, թե ով է մարտը սկսում,— գոչեց Կեսարը ոգևորված ։
Զորապետերը փութով ելան վրանից ։ Սկզբում ռազմերթի խուլ դղիրդը հասավ նրանց, ապա սաղավարտներ փայլեցին հորիզոնի վրա և այն վարդագունվեց ՝ ինչպես մայրամուտի ժամանակ ։ Պոմպեոսի քառասուն հազարանոց բանակը դանդաղ ու անշտապ տարածվում էր հարթավայրի վրա ։ Կոհորտաները, իսկ դրանք հարյուր վաթսունն էին, նմանվում էին բազմաձեռ ու բազմաոտ առասպելական փշե արարածների, որ առաջանում են սոսկալի դղրդյունով ։
Նրանք իրենց դիմաց առաջին անգամ էին հռոմեական մեծաթիվ ու կանոնավոր բանակ տեսնում և նրանց համար տարօրինակ էր, որ թշնամին զորաշարժում էր ճիշտ այնպես, ինչպես դա կանեին իրենք ։ Մինչ նրանք մոլորված նայում էին ՝ հակառակորդը մոտեցել էր այնքան, որ շարքերի վերևում ծածանվող զինանշաններից կարելի էր կռահել, թե որ զորապետը որ մասում է կռվում ։ Աջ թևում Պոմպեոսի գլխավորությամբ այն երկու լեգեոններն էին, որոնք կռվել էին Գալլիայում ։ Կենտրոնում Բրուտոսն էր ՝ Սիրիական լեգեոններով, ձախ թևը զբաղեցրել էր Ափրանիոսը ՝ Իսպանական կոհորտաների հետ ։ Մնացյալ առանձին կոհորտաներն ու հունական օժանդակ ջոկատները դասավորված էին թևերի ու կենտրոնի միջև, իսկ այդ ստվար զանգվածի թիկունքում, զորաշարքի ողջ լայնությամբ, երկու հազարի չափ վետերաններ էին ՝ նրանք, ովքեր ծառայությունից հետո մնացել էին Հունաստանում ։ Դասավորությունների աջ կողմն ամբողջությամբ պաշտպանված էր կտրտված ափերով մի գետակով, և ողջ հեծելազորը, նետաձիգներն ու պարսավորները հակադիր թևում էին ։