խմում միայն իմպերատորը, որ ուրվականի նման շրջում էր պարիսպների վրա,
այդտեղ էլ ընդունելով հետախույզների զեկույցները։
Միջնաբերդում պատսպարված հույները երկյուղածությամբ ծիկրակում էին
հրակնատներից, այնինչ նրանց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում. զորքը հասել
էր իր գերագույն նպատակին և սնվում էր անպատմելի գոհունակությամբ։ Երբ
գինովացան, մերկ կանայք սկսեցին երևալ նրանց աչքերին, նրանք չտեսի նման
պտտվում էին կարիատուհիների շուրջը և գորովանքով փարվում սառն
արձաններին։ Նրանց միտն եկան իրենց կանայք ու սիրուհիները, և երանությամբ
հիշեցին Գայոս Կոտտայի իմպերատորությունը, երբ բանակից անբաժան էին
պառկած մարտնչող կոհորտաները, ինչպես իրենք կոչում էին պոռնկանոցը։ Հետո
քնեցին բաց երկնքի տակ՝ փողոցներում ու հրապարակներում, կռթնած՝ սեղաններին
կամ մեկնված վահանների վրա։
Առավոտյան վետերաններից մեկը միջնաբերդի պարիսպների վրա տեսավ
Կալիմաքոսին, այն նույն մեխանիկ Կալիմաքոսին, որ Միհրդատի համար
զարմանահրաշ մեքենաներ ստեղծելով՝ մեծ անախորժություններ էր պատճառել
իրենց պոնտական պատերազմի ժամանակ։ Գրգռված զորքն անմիջապես պաշարեց
միջնաբերդը և սուրը վահանին զարկելով՝ պահանջեց հանձնել Կալիմաքոսին՝
սպառնալով փորել ամրոցի տակն ու կործանել այն։ Իսկ պարիսպների տակ երեկվա
ուժասպառ ու վհատված բանակը չէր. նրանք կազդուրվել էին երկարատև
սովահարությունից հետո, նրանց պիրկ մկանները գալարվում էին շարժումներից,
նրանց աչքերը փայլում էին ինչպես զույգ արեգակներ և նրանք դոփում էին այնպես
ուժգին, որ ճոճվում էին միջնաբերդի աշտարակները։ Բայց երբ Կալիմաքոսը
կամովին հանձնվեց, և նրանք իրենց առջև տեսան դողդոջուն մի ծերունու, խիղճը
գլուխ բարձրացրեց նրանց հոգում և արձակեցին մեխանիկին, իսկ հույներին
թույլատրեցին վերադառնալ իրենց տներն ու թաղել զոհվածներին։ Հետո մեծագույն
զարմանքով և անսահման ուրախությամբ նկատեցին, որ հիվանդներն ապաքինվել
են գինուց։
Երբ հիշողություն դարձան ուժասպառությունն ու սովը, վիրավորված
պատվախնդրությունը սկսեց տանջել նրանց. նրանց երակներում նորից եռաց
արյունը, և մեծաթիվ խմբերով գնացին իմպերատորի մոտ ու սրերն արևի տակ
շողացնելով՝ պահանջեցին առաջնորդել իրենց Պոմպեոսի դեմ. այլ բան լսել նրանք
չէին կամենում։ Այդ նույն միջոցին հետախույզները լուր բերին, որ Մագնիան գալիս է
դեպի Գոմփոս։
Կեսարը բանակը դուրս բերեց քաղաքից, բայց չգնաց Պոմպեոսին ընդառաջ, այլ
շարունակեց առաջանալ դեպի հյուսիս և մեկօրյա երթից հետո մտավ Փարսալի
հարթավայր։
Հաջորդ օրն այստեղ հասավ նաև Պոմպեոսի բանակը։
Գլուխ տասնմեկերորդ
— Երկնային բոլոր նշանները դեմ են հարձակումին, իմպերատո՛ր։ Երեկ բռնկվել են
գիշերապահների սլաքները, վահանները հանկարծակի ներկվել են արյունով,
կայծակը չորս զինվոր է սպանել, երկնքում այրվող քարեր են երևացել, իսկ գիշերը
երկու լուսին է հայտնվել միանգամից։ Սիբիլյան գրքերն այս առիթով եռօրյա աղոթք