Նրանք դուրս եկան վրանից ։
Շատ չանցած ՝ ճամբարի արևելյան դարպասից մեկը մյուսի ետևից դուրս եկան մթաթույր թիկնոցների մեջ քողարկված մանիպուլներ ։ Քամին ուռեցնում էր նրանց թիկնոցներն առագաստների նման, անձրևը շփում նրանց դեմքին, և նրանք քայլում էին գլխահակ ։ Թանձր խավարի մեջ նրանք ոչինչ չէին տեսնում և առաջանում էին կույրի պես ՝ չրմփացնելով ջրափոսերի մեջ կամ բախվելով չորացած ծառաբների ։ Նրանց ոտքերի տակ տարափից ծնված առուներ էին հոսում ։ Երկինքը որոտում էր ստեպ-ստեպ ու երբ ոսկեփայլ բեկյալը թրատում էր խավարը, նրանք նստում էին և դեմքը ծածկում թիկնոցով ։ Բարեհաջող մոտենալով դարպասներին ՝ նրանք անաղմուկ ելան պարսպի վրա և կոտորեցին դիտանոցներում ննջած բերդականներին ։ Հետո նույնպես աննկատ իջան քաղաք, բայց, ի զայրույթ իրենց, դեմ առան լայն ջրափոսի, որից այն կողմ աղոտ նշմարվում էր երկրորդ պարսպի մռայլ ուրվագիծը ։
Անձրևը սաստկանում էր ։ Զենքերը բարձր պահած ՝ նրանք մտան ջուրը, բայց ընկան ծուղակների մեջ. դրանք կենտրոնում սրածայր գերան ունեցող ոչ խոր փոսեր էին, որոնց հույները զանգակ էին կոչում ։ Վիրավորների կանչերի հետ ներքին պարսպի կողմից տագնապի փողեր հնչեցին ։ Նետերի ու քարերի տարափ տեղաց նրանց վրա, իսկ նրանք վահաններով պատսպարվելով ՝ ետ գցեցին արտաքին պարսպի փականքները, և ներս խուժած բանակը հապճեպորեն խանդակը լցրեց հողով, ծուղակներից հանված գերաններով ու բերդականների դիակներով ։ Հրակնատներից նրանց վրա կպրահեղուկ էին թափում, բայց այն, ողողվելով անձրևաջրով, պաղում էր և չէր այրում նրանց թաց հագուստները ։ Բերդականները փորձեցին կրակ վառել աշտարակների ծածկի տակ, բայց քամին մարեց այն ։ Դիտանոցներից ջահեր բերին, բայց դրանք ևս հանգան, որքան էլ բերդականները պատսպարում էին թիկնոցով ։ Հրձիգ նետեր արձակվեցին, բայց դրանք անզոր էին ցրել խավարը ։
Շանթի բեկյալը մի պահ պատռեց խավարի կուրծքը, և լուսառատ ակնթարթի մեջ նշմարվեցին գլխիվայր ընկնող մարդկային կերպարանքներ, խեղված դիակներ, գետնատարած վիրավորներ, աստիճաններով վեր մագլցող մերկազդր լեգեոներներ ու պարսպի վրա միմյանց խողխողող խառնիճաղանջ բազմություն ։ Հարթավայրը վերստին թաղվեց խավարի մեջ ։ Անձրևը մոլեգնում էր, ոչինչ չէր երևում, բերդականները կուրորեն նետահարում էին խավարը, թշնամու տեղ ընդունելով ՝ թրատում էին միմյանց, իսկ հռոմեացիք բոլոր կողմերից ելնում էին պարիսպների վրա ։
Լուսաբացի հետ նրանք մտան քաղաք ու գոմփոսցիներին փողոտելով ՝ խելացնոր վազվզում էին փողոցներում, միմյանց հրմշտելով խցկվում տները ։ Նրանց աչքին չէր երևում ոչ հարստություն, ոչ գեղանի կին ու պատանի. ամենուր սնունդ էին փնտրում ու տանտերերին կոտորելով ՝ նետվում էին դեպի մառանները ։ Նրանք ուտում էին առյուծի պես, փորի վրա պառկած, դիակների ու արյան լճակների հարևանությամբ. ամենքի մոտ մսակտորների, ապխտած ձկան ու մրգերի հսկա բլուր կար ։
Երբ անձրևը դադարեց ՝ նրանք դուրս հանեցին իրենց ավարը և անվերջանալիորեն երկար խնջույքի սեղան գցեցին փողոցներում ու հրապարակներում ։ Քաղաքապետարանի նկուղներում պրպտուն գալլիացիները գինու խոշոր պաշար գտան, և զորքը տրվեց խրախճանքին ՝ մոռացած և ՛ վտանգ, և ՛ կայսր, և ՛ Կեսար ։ Չէր