Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 229

Հագենալով ու մաքրվելով ՝ նրանք պառկեցին արևի տակ ՝ ավազի վրա ու դեղնած խոտերին ։ Հանկարծ զարմանքով նկատեցին, որ դղիրդը չքացել է ։ Տիրեց ծանր, սոսկալիորեն համր լռություն ։ Մի քանիսը հեռացան, որպեսզի գետի խշշոցը չխանգարեր, և ականջը հպեցին գետնին ։ Դղիրդն իսկապես չկար ։ Նրանց սարսափ տիրեց, նրանց համար այդ լռությունը վտանգավոր էր ամեն տեսակ աղմուկից, քանի որ հայտնի չէր, թե ուր է թշնամին, ինչ է ձեռնարկում նա և որ կողմից է հարկավոր սպասել վտանգին ։ Տանջալի այս անորոշությունը վհատեցրեց նրանց, կենտուրիոններից մի քանիսն սկսեցին տրտնջալ, ուժասպառ հետևազորն առաջարկում էր ամուր ճամբար կառուցել և Մագնիային սպասել գետի մոտ ։ Կեսարը դժվարությամբ նրանց համոզեց շարժվել առաջ ։ Թեև հետախույզները հավատացնում էին, որ ո ՛ չ առջևում, ո ՛ չ թևերում հակառակորդի ջոկատներ չկան, նրանք առաջանում էին մեծագույն զգուշությամբ, նրանց երկյուղած աչքերն ամենուր դարանակալ կերպարանքներ էին փնտրում, հորիզոնի վրա ընդգծված միայնակ ծառերը նրանց թշնամու հետախույզներ էին թվում, իսկ տերևազուրկ, նոսր անտառները ՝ մարտաշարք կազմած լեգեոններ ։ Կայանատեղերում նրանք կպչում էին գետնին և սսկվելով ՝ ականջ դնում ։
Տասնյոթերորդ օրը նրանք դեմ առան Գոմփոս քաղաքի պարիսպներին ։ Պատգամախումբ ուղարկեցին քաղաք ՝ խոստանալով թողնել-հեռանալ, եթե իրենց մեկ օրվա պարեն տան ։ Հույները նրանց առջև չբացեցին դարպասները և աշտարակներից պատասխանեցին, թե ոչինչ չունեն խայտառակված բանակի համար և որ գերադասում են Պոմպեոսի հետ կիսել հաղթանակները, քան Կեսարի դժբախտության ընկերը դառնալ ։ Այդժամ հռոմեացիք առաջարկեցին գնել պարենը ՝ վճարելով ոսկեզօծ սրերով ու արծաթե դիմակալներով ։ Կրկին մերժվելով ՝ նրանք մի քանի պտույտ գործեցին քաղաքի շուրջը և այն ամրացված գտնելով ՝ եզերեցին կրկնակի խրամատով ու բանակ զարկեցին ։
Գոմփոսցիները պարիսպների վրայից ծաղրում էին նրանց, հետո նրանց ջգրու խրախճանք սարքեցին աշտարակների վրա ու դիտանոցներում ։ Հռոմեացիք փորձում էին ուշք չդարձնել, բայց երբ խորովածի անուշ բուրմունքը տարածվեց հարթավայրի վրա, իսկ գինին առվակներով հոսում էր պատերի վրայով ու թշշալով ներծծվում պապակ հողի մեջ ՝ նրանց համբերությունը սպառվեց, մոլեգնած դեսուդեն ընկան, նժույգների ագիներից հապճեպորեն կատապուլտ սարքեցին և օձերով, կարիճներով ու գրաստների արտաթորանքով լեցուն զինվորական կաթսայիկներ նետեցին պարսպից ներս ։ Ուր էր, թե պարսպակործան մի մեքենա ունենային, մի բաբան, թեկուզ մի օնագր ։ Եվ սակրավորներն անօգնական պտտվում էին քաղաքի շուրջը, ինչպես աղվեսն է պտտվում փշեկծիկ ոզնու բոլորտիքը ՝ անզոր որևէ բան անելու ։ Մի քանի խիզախներ ծածկվելով վահաններով ՝ փորձեցին ելնել պարիսպներին, բայց հրակնատներից ու աշտարակներից տաք կպրահեղուկ թափեցին նրանց վրա ։
Մի կերպ հանգստացնելով զորքին ՝ Կեսարը նրանց քաղցը մեղմելու համար կարգադրեց մորթել գումակի ջորիներից մի քանիսին, որոնց միսը զինվորները կերան զզվանքով ։
Կեսգիշերն անց Կեսարն արթնացավ անսովոր աղմուկից. վրանը տարուբերվում էր սաստիկ քամուց, բոլոր կանթեղները մարել էին, երկինքը որոտում էր հաճախակի և այնպես ուժգին, ասես լեռներ էին փլվում ։