ալեծածան արտեր ու մեգապատ ծովեր, իսկ առավոտյան սոսկալիորեն ծանր էր գիտակցել իրականության ողջ դառնությունը ։
Անծանոթ խոտերով սնվելուց, հոգնածությունից, թե ուրիշ այլ պատճառներից ՝ զարհուրելի մի հիվանդություն սկսվեց նրանց մոտ, որպիսին երևի թե չլիներ նույնիսկ դժոխքում ։ Հիվանդությունն այդ սկսվում էր հանկարծակի, գլխի սաստիկ տաքությամբ, աչքերը բորբոքվում էին և հետզհետե կարմրում, կոկորդը սևանում էր ու ողողվում սև արյունով ։ Խոցեր էին սեղմում ձայնուղին և փակում այն, լեզուն ուռչում էր և դառնում ծանր, անշարժ ու պինդ ։ Հետո հիվանդությունը կոկորդով իջնում էր ցած և շրջապատում կուրծքը ։ Անդամները սկսում էին փայտանալ, հոդերը թուլանում էին, և հիվանդը հյուծվում էր, ջլատվում ։ Բոցավառված հնոցի պես նրանց տանջում էր ներքին մի ջերմություն, և նրանք սառնություն ու թարմ օդ էին որոնում ։ Նրանք տոչորվում էին ծարավից, հորդառատ անձրևը ցող էր երևում նրանց ։ Եվ փորձում էին բացատրություն գտնել այս ամեն տառապանքների համար, գլուխ էին ջարդում հասկանալու համար, թե իրենց որ արարքով են արժանացել աստվածների զայրույթին ։ Բայց երկար չէր տևում նրանց չարչարանքը, քանի որ երրորդ կամ չորրորդ արեգակի հետ առհավետ դադարում էր վառվել նրանց կյանքի ջահը ։ Թույլերը փրկվում էին այսպես, իսկ մարմնով ուժեղներին սպասվում էին նոր տանջանքներ, քանի որ հիվանդությունը սկսում էր տարածվել մարդու բոլոր անդամներում. շատերը մոտիկ մահից խուսափել ցանկանալով ՝ կտրում էին իրենց ձեռքը, ոտքը, առնանդամը, հանում բորբոքված աչքը, մյուսներն ահեղ մահվան երկյուղից մոռանում էին անցյալը և դադարում ճանաչել նույնիսկ իրենց ։ Նրանք անուժ էին ինքնասպան լինելու համար և աղաչում էին մտերիմներին ազատել իրենց սոսկալի տանջանքներից ։ Մերժվելով ՝ ամենքից թաքուն նետվում էին զառիթափերից, պառկում սայլերի անիվների տակ ։ Սկզբում նրանց այրում էին, ինչպես պատշաճ է զինվորներին, բայց հետո դիակներն այնքան շատացան, որ մյուսներին չհուսալքելու համար գիշերը դրանք հեռացնում էին կայանատեղերից ու ծածկում խաշամով ։
Չկար այլևս նախկին խանդավառությունը, որ ունեին Բրունդիզիոնում, և ուզում էին պառկել ու չշարժվել այլևս, բայց ամաչում էին իմպերատորից, որ անտրտունջ տանում էր բոլոր դժվարությունները, քայլում էր իրենց կողքին ՝ գլխաբաց, քրտինքից խունացած հագուստով, փոշեկոլոլ, քնում էր իրենց հետ և ուտում այն, ինչ իրենք էին ուտում ։ Իսկ նա քաջալերում էր զինվորներին ՝ ասելով, թե հարկ չկա ընկճվելու, ընդհակառակը, պետք է շնորհակալ լինել աստվածներին, որ անկորուստ գրավեցին Իտալիան, ապա նվաճեցին Իսպանիան, բարեհաջող ափ իջան Ապոլոնարիումում և, վերջապես, եթե հաջողությունը երբեմն երես է թեքում ՝ ճակատագրին օգնել է պետք անձնական ջանքերով ։
Դիրաքիոնից դուրս գալու տասներկուերորդ օրը նրանք պատահեցին վճիտ մի գետակի ։ Կենտուրիոնների հրահանգին չսպասելով ՝ զինվորները նետեցին վահանները, տեգերը, պսակազարդ արծիվները, ոտքերից շպրտեցին կալիգաները և հրմշտոցով լցվեցին ջուրը ։ Խմում էին սաղավարտներով, փորի վրա պառկած, ջորիների հետ միևնույն տեղից ։ Ոմանք հանվել ու լվանում էին հոտել սկսող մարմինները ։ Հիվանդ մի զինվոր աղաղակում էր, թե նախորդ գիշեր սուրբ է երևացել իրեն ու հայտնել, թե պատահելու են ջրի և օծվելով ՝ ապաքինվելու են ։ Ու հիվանդները միմյանց ոտնատակ տալով թափվում էին գետը, բոլորովին ընդարմացածները թախանձագին աղերսում էին օգնել իրենց ։