հետևակի ստվար զանգվածն ուղեկցում էր գումակը ։ Տասներորդ լեգեոնը թիկունքը պաշտպանում էր անսպասելի հարձակումներից ։
Նրանք նահանջում էին որսորդ տեսած հովազի նման ՝ պատրաստ ամեն վայրկյան դիմելու հակահարձակման ։ Նրանց սրերը խփվում էին զրահներին, և երթն ընթանում էր անհամաչափ զրնգոցի ներքո ։ Սպաների փետրազարդ սաղավարտներն անուրախ ծվում էին դանդաղ քայլերից, նիզակների ողորկ ծայրակալները շողարձակում էին արևի տակ. սև ագռավներ էին թևածում նրանց գլխավերևում ։
Խոր աշուն էր, հնձած արտեր ու տերևաթափ այգիներ էին պատահում նրանց, ու ոչինչ չէին գտնում ուտելու ։ Հունական շեները տեղյակ էին նրանց պարտությանը, և երբ պարեն էին խնդրում, նրանց ծաղրում էին, վախեցնում Պոմպեոսով. կրծած մրգեր էին նետում նրանց ճանապարհին և հրաժարվում հոգնած ձիերը փոխանակել նորով ։ Կեսարը խուսափում էր ընդհարվել հույների հետ ՝ չկամենալով նրանց գրգռել իր դեմ ։
Կեսգիշերին մոտ, երբ կանգ առան հանգստանալու ՝ խուլ դղիրդ հասավ նրանց ։ Հետախույզներ ուղարկեցին, և նրանք լուր բերին, որ Մագնիան հետևում է իրենց ։
Հաջորդ օրերին քայլելը հետզհետե դժվարացավ, շարքերը միախառնվեցին, ձգվեցին անկանոն ու նեղացան ։ Հեծելազորը մերկացրեց երթի թևերը, գումակը ետ ընկավ զգալի ։ Քաղցին միանալու եկավ սաստիկ հոգնածությունը, և ուժասպառ վետերաններն ուշաթափվում էին ճամփին ։ Նրանք անգերազանցելի էին մարտում, բայց առաջացած տարիքի պատճառով ծանր էին տանում արշավանքի զրկանքները ։ Կեսարը նրանց թույլատրեց ազատվել վահաններից ։ Հիվանդների թիվն ավելանում էր. ստիպված եղան նրանց տեղավորել գումակի սայլերի վրա ՝ սակրավորներին պարտադրելով տանել նրանց զենքերը ։ Սրանք տրտնջում էին բեռի ծանրությունից, կենտուրիոններից թաքուն զենքերը տեղավորում էին հիվանդների կողքին, կախ գցում վրանների ծանրությունից կքած ջորիների մեջքից ։ Նրանք, որ տարիքով էին, մտաբերեցին նահանջն Արտաշատից. վիրավորները շատ էին ՝ խոցված թունավոր նետերից, և մեռնում էին սոսկալի տանջանքներից հետո. ձմեռ էր, խստաշունչ ձմեռ, որպիսին չէին տեսել մինչ այդ. փաթաթվել էին գորգերի, մորթե ծածկոցների մեջ և քաղցած էին, քանի որ Լուկուլլոսին հավատալով, շուտափույթ հաջողության հույսով գումակը թողել էին Տավրոսից այն կողմ ։
Բայց անցյալը հիշելը չէր մխիթարում նրանց, չէր թեթևացնում հոգսերը ։
Հետո ճանապարհն անցավ ամայի դաշտերով, ուր ջուր չկար, իսկ փոշին պարուրում էր նրանց այնպես, որ դժվարանում էին ճանաչել միմյանց ։ Կանաչավուն որդեր էին վխտում նրանց ոտքերի տակ, որ տասնյակ հազարներով սողում էին դեպի հյուսիս և ճզմվելով ՝ գարշահոտություն էին տարածում շուրջը ։ Նրանց անդամները նվվում էին լարումից, հոդերը ՝ խրշտում լսելի, և քայլում էին այնպես անհաստատ, ասես գոտկատեղից ցած փայտացած լինեին ։ Գլուխը կրծքին հակած ՝ նրանք քնում էին ընթացքում և շեղվում ճամփից կամ ընկնում ոտքի տակ ։ Ջանում էին անզգայանալ, մոռանալ իրենց մարմինը, հեռավոր հուշերի էին փորձում տրվել, բայց փրկարար ինքնամոռացումը չէր տիրում նրանց ։ Կայանատեղերում ընկնում էին կացնահար եղած ծառերի նման և այլևս անզոր լինելով շարժվել ՝ քնում էին բեռան տակ, մեռելի պես ։ Գինառատ խնջույքներ էին երևում նրանց երազում, հեքիաթային հովիտներ,