Նա գլուխ էր ջարդում և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ թշնամու
հեծելազորի նահանջի պատճառը։ Ինչո՞ւ Մագնիան այդպես վարվեց։ Գուցե նա
երկյուղո՞ւմ էր խորամանկորեն սարքված ծուղակից, թե՞ առաջնորդվեց
համաքաղաքացիների հանդեպ ունեցած կարեկցանքով։ Բայց մի՞թե Պոմպեոսը
չգիտեր, որ մերժելով հաշտության իր առաջարկները՝ պատճառ է դառնալու
անհամար զոհողությունների։
Կործանումից փրկվելը նրան քիչ էր մխիթարում, քանզի չգիտեր ինչ աներ այսուհետ։
Այսպես անփառունակ հայրենիք վերադառնալ նա չէր կարող, բացի այդ, բավական
էր ինքը հեռանար Հունաստանից, Մագնիան կարճ ժամանակում իր դրոշի տակ
կմիավորեր ասիական թագավորների բանակները։ Եվ ոչինչ իրեն չէր փրկի
կործանումից։
Նա գլուխը թաղեց բարձերի մեջ և փորձեց ոչ մի բանի մասին չմտածել։ Բայց դա
անհնարին էր. իր զինվորների դիակներով ծածկված հովիտն էր նրա աչքերի առաջ։
Պոմպեոսի ճամբարից ուրախ խրախճանքի ձայներ էին հասնում։ Նա վեր թռավ
ցնորվածի պես ու ատամները սեղմած՝ նայում էր խավարի մեջ առկայծող
կրակներին։ Նրա մագաղաթագույն դեմքը կնճռոտվել էր ցասումից, աչքերը
վրեժխնդրություն էին ճառագում։
«Օ՜, Նեմեսիս, դո՛ւ, որ իմաստավորում ես կյանքը սուրբ վրեժի հույսով,— շննջաց նա,
բռունցք արած ձեռքերը վեր պարզելով,— ահա՝ երդվում եմ քո առաջ. ես կոչնչացնեմ
այդ պիղծ բանակը, ցիրուցան կանեմ այն աշխարհով մեկ և կսրբեմ պարտության
խայտառակությունն իմ անվան վրայից»։
Ապա նա արագ քայլերով հեռացավ լուսամուտից և թափառ մտքերն ի մի բերելով,
նստեց սեղանի առջև։
Ինչո՞ւ է ինքը համառորեն շարունակում մնալ Դիրաքիոնում, երբ Մագնիան
աջակցություն է ստանում ծովից, իսկ ինքը, որ պաշարողն է, ավելի շատ զրկանքներ
է կրում. իր զինվորները հյուծվում են թերսնումից, մինչդեռ Պոմպեոսը պարենի
պակասություն չի զգում։ Եվ մի՞թե այդքան դժվար էր հասկանալ, որ Պոմպեոսը
խորամանկում է. թույլ տալով պաշարել իրեն՝ կամենում է մանր-մունր
ընդհարումներով ջլատել ախոյանին։ Բայց ինչպե՞ս հեռացնել նրան ծովից և քաշել
ցամաքի խորքը։ Նա գլուխն առավ ափերի մեջ և սևեռուն հայացքով մի կետի էր
նայում։ Հանկարծ նա հիշեց Սկիպիոնին, որ մակեդոնական լեգեոնների հետ գալիս
էր Պոմպեոսին օգնության։ Նրա գունատված դեմքը կենդանություն ստացավ և նա
կառչեց այդ մտքից, ինչպես ծովում խեղդվողն է կառչում փրկօղակից։ Իսկ եթե վաղը
ևեթ ընդառաջ գնա՞ Սկիպիոնին. Պոմպեոսն աներոջը չի թողնի վտանգի մեջ և
կհետևի իրեն։
Այս մտքից բոլորովին կերպարանափոխված՝ նա ձայնեց Ափրոկլեսին և հրամայեց
կանչել լեգատներին։
Գլուխ տասներորդ
Ադամալույսի հետ բանակը ելավ ճամբարից և ծովափնյա պաղ ավազը տրորելով՝
հեռացավ Դիրաքիոնից։ Զորագլխում նոր հավաքագրած լեգեոններն էին, երկատված
հեծելազորը գալիս էր թևերից, սակրավորների, աղեղնավորների ու ծանրազեն