ճամբարի մյուս ելքը ՝ բաժանվեց մնացյալ զորքից ու մթության մեջ շփոթելով հիմնական ամրությունը ճամբարի պատի հետ ՝ հողով լցրեց խանդակները և խուժեց հակառակորդի տարածք ։ Նրանց հետևեց ողջ հեծելազորը ։ Հազիվ էին նրանք գիտակցել իրենց սխալը, երբ առջևից աղմուկ լսեցին, ապա կիսախավարի մեջ նշմարեցին Պոմպեոսի մեծաքանակ հեծելազորը, որ օգնության էր շտապում յուրայիններին ։ Երկյուղելով կորցնել ետդարձի ուղին ՝ կոհորտաներն արագորեն նահանջեցին և խառնաշփոթի մեջ ընկնում էին ցցավոր փոսերի մեջ ու խեղվում ։ Խուճապը հետզհետե տիրում էր նրանց և, որքան թշնամական հեծելազորը մոտենում էր, այնքան նրանց շարքերն ավելի էին խառնվում ։ Պոմպեոսի մեկուսացած լեգեոնը, որ կուչ էր եկել ճամբարի մի անկյունում և դիմադրում էր հուսահատ, յուրայինների փողկանչն առնելով ՝ թևավորվեց ու անցավ հակագրոհի ։ Խուճապը փոխանցվեց ճամբարը գրոհող կոհորտաներին ևս, ու եղավ մի պահ, որ Կեսարի բանակը սկսեց փախչել գլխապատառ ։ Պոմպեոսի հեծյալները, որ կրնկակոխ հետևում էին նրանց, սպառնում էին խուժել զորակայան ։ Կենտուրիոնների ջանքերը ՝ կանգնեցնել փախչողներին և հեծելազորին դիմագրավելու համար շարքեր կազմել մուտքերի մոտ, արդյունք չէին տալիս, քանի որ ոչ ոք չէր լսում նրանց ։ Մի ոչ լրիվ մանիպուլ դիրք էր բռնել արևելյան դարպասի մոտ և համառորեն դիմադրում էր ։ Հաջորդ պահին հեծելազորը նրանց առավ իր մեջ, և մանիպուլը ցրիվ եկավ. քչերը փրկվեցին ։
Կեսարը սոսկումով նայում էր այս ամենին և տեսարանից ցնցված ՝ հավաքի փողկանչ հնչեցրեց ։ Երեք-չորս տասնյակ զինվորներ խմբվեցին նրա շուրջը, բայց մյուսները, մահվան սպառնալիքից իրենց կորցրած ՝ բոլոր կողմերից լցվում էին սեփական ճամբար ։ Փախչողների մեջ նկատելով դրոշակակրին ՝ Կեսարն իր մարմնով փակեց նրա ճամփան և ցասումով կարգադրեց դառնալ դեպի թշնամին ։ Բայց սա այնպես էր երկյուղել, որ ինքնամոռացության մեջ մերկացրեց սուրը և կխոցեր իմպերատորին, եթե վրա հասած զինակիրը չկտրեր նրա ձեռքը ։
Ոգևորելով զինվորներին ՝ Կեսարը, դրոշը վեր պարզած, նրանց տարավ թշնամուն ընդառաջ ։ Իմպերատորին նկատողները շփոթահար կանգ էին առնում և մտնում շարքերի մեջ ։ Կեսարին հաջողվեց ետ մղել ճամբարի գլխավոր մուտքը գրոհող հեծյալներին, բայց մյուս մուտքերի մոտ առաջվա պես խուճապ էր տիրում, և հակառակորդի հեծյալ վաշտերը, լուրջ դիմադրության չհանդիպելով ՝ արդեն մտնում էին զորակայան ։ Երբ Կեսարին բերին այս լուրը, նա հուսահատվեց և, անկարող այլևս որևէ բան անել, արդեն հաշտվում էր կործանման մտքի հետ, երբ, ո ՜ վ զարմանք, հանկարծ Մագնիայի ճամբարից նահանջի փողկանչ հնչեց. հեծելազորը, որ հասել էր վրաններին, հնազանդորեն ետ քաշվեց ։
Կեսարն այլայլված հետևում էր նրանց, իսկ երբ բանակները փակվեցին ճամբարներում, սահմռկեցուցիչ տեսարան բացվեց նրա առաջ. մարտադաշտն ամբողջությամբ ծածկված էր իր զինվորների դիակներով ։ Խորին հուսալքություն համակեց նրան, և մեկուսանալով վրանում ՝ ոչ մեկին չընդունեց ։
Նա անզգա տարածվել էր արշավային մահճակալին և ուշքի չէր գալիս ճակատագրի անողոք հարվածից ։ Ամեն ինչում նա մեղադրում էր իրեն. բազում հաղթանակներից թևավորված ՝ նրան թվացել էր, թե ինքն անպարտելի է, և դարձել էր ինքնավստահ ու անհաշվենկատ ։ Աստվածների դեմ նա ոչինչ չուներ, ավելին, երախտապարտ էր, որ փրկեցին իրեն կործանումից ։