Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 224

Երբ Կեսարն աչքերը բացեց, նրա դեմ հառնեց Անտոնիոսի աղոտ կերպարանքը ՝ սաղավարտը կրծքին սեղմած, ոսկե գանգուրները ոլորված լայն ճակատին ։
Նա վերստին փակեց աչքերը. նրա ունկերում ծովի աղմուկն էր, իսկ մարմինը ծանր էր երկաթի պես ։
Նրան ուշքի բերեց Անտոնիոսի բամբ ձայնը.
— Լսո ՞ ւմ ես զենքերի շառաչը, Գայո ՛ ս. զորքը սպասում է քեզ, առաջնորդիր այն Դիրաքիոն...
Ճամբարը վերցնելով ՝ Կեսարն ընդհուպ մոտեցավ Պոմպեոսի բանակատեղին և մարտահրավերի փողեր հնչեցրեց ։ Նրան չպատասխանեցին ։ Այդժամ նա զբաղեցրեց շրջակայքի բոլոր բարձունքները, դրանց վրա ամրություններ կառուցեց, ապա այդ ամենը միացրեց իրար լայն խրամատով ։ Պոմպեոսի մեծաքանակ հեծելազորն այլևս չէր անհանգստացնի պարենի մեկնող իր ջոկատներին, բացի այդ, պաշարման լուրը բարոյապես կընկճեր Պոմպեոսի դաշնակից թագավորներին ու սատրապներին ։
Պոմպեոսի ճամբարը մի բարձր բլրի վրա էր, որի արևելյան լանջը հասնում էր ծովին, և նավատորմը պարեն էր հասցնում նրան ։
Կեսարն ամեն օր բանակը հանում էր ճամբարից և մարտաշարքի բերում ։ Դա գրգռում էր պաշարվածներին, և Պոմպեոսը կարգադրեց ամրություններ կառուցել հակառակորդի ամրություններին զուգահեռ ։ Դրանք միմյանց այնքան մոտ էին, որ պահակները կարող էին նիզակահարել միմյանց աշտարակների վրայից ։
Պոմպեոսը մտադիր չէր պատերազմի ելքը վճռել մի գլխավոր մարտում, և կամենալով համբերությունից հանել նրան, Կեսարը հարձակումներ էր գործում նրա դիրքերի վրա, ասպատակում նրան ենթարկվող նավահանգիստները ։
Պաշարման երրորդ շաբաթվա վերջում Կեսարի բանակում պարենի պակասություն զգացվեց ։ Գյուղեր մեկնած ջոկատները վերադառնում էին ձեռնունայն, քանի որ Պոմպեոսը նախապես թալանել էր այդ մարզերը ։ Բայց դա չէր կոտրում պաշարողների կամքը ։ Նրանք ամենևին չէին խորշում գարի ուտել, հետո ինչ-որ արմտիք գտան, որ կոչեցին հարա, և դրանով թեթևացնում էին քաղցը ։ Այդ արմտիքից սկսեցին հացի նմանվող ինչ-որ բան թխել ։ Ու երբ պաշարվածներն աշտարակների վրայից ծաղրում էին նրանց արմտիքով սնվելու համար, պատասխանում էին, թե ծառի կեղև էլ կուտեն, բայց Պոմպեոսին բաց չեն թողնի ։ Նրանք հրճվում էին, իմանալով, որ հակառակորդի բանող անասունները խոտի բացակայության պատճառով սատկում են, որ նժույգներին կերակրում են հազիվհազ և որ անտանելի մի գարշահոտություն է տիրում ճամբարում, որից շատերը հիվանդանում են ։
Երկու ամրությունների միջև, անմիջապես ծովի մոտ, անտառածածկ վայրում մի հին ու կիսավեր բանակատեղի կար, ուր Պոմպեոսի զինվորները երբեմն-երբեմն հողային ինչ-որ աշխատանքներ էին կատարում ։ Մի օր էլ հետախույզները լուր բերին, որ թշնամու մեկ լրիվ լեգեոն ծածուկ պատսպարվել է այնտեղ ։ Կեսարն այդ ճամբարից ոչ հեռու մի նոր զորակայան հիմնեց, ապա, գիշերով, թշնամուց գաղտնի, երեսուն կոհորտա փոխադրեց այնտեղ ։ Ու մթնշաղի հետ հանկարծակի գրոհեց ճամբարը ։ Թեև այն պաշտպանված էր ցցավոր խոր փոսերով ու բարձր արգելապատնեշով, նրան հաջողվեց խուժել ճամբար ։ Կոհորտաների աջ թևը կամենալով գրոհել