— Ե ՛ տ դառնանք,— գոչեց նավապետը տագնապած,— ծովը հոսում է ցամաք. սա լավ նշան չէ ՝ աստվածներն են կռվում միմյանց դեմ ։
Բայց հանկարծ նավի հինգերորդ ուղևորը, որ նույնպես ստրուկի շորերով էր ու մինչ այդ լուռ կանգնած էր նավասենյակների մոտ, բոլորի համար անսպասելի ձեռքն առավ ուղեթին և վարժ շարժումներով տարուբերեց այն ։ Նավը շտկվեց, իսկ նավաստիները, որ ապշած միմյանց էին նայում, նրա արարքից հանդգնացած ՝ անլսելի մի հրամանով շարունակեցին թիավարել ։
— Առա ՛ ջ, սիրելիներս, ավելի համարձակ, ոչնչից մի ՛ վախեցեք,— քաջալերում էր նրանց ուղեթիի մոտ կանգնած մարդը,— դուք Կեսարին եք տանում և նրա երջանկությունը ։
Այդ լսելով ՝ նավաստիները ձուլվեցին-կպան թիերից, նրանց մկաններն ուռչում էին տրաքվելու չափ, ոտքերի տակ տախտակամածը ճռռում էր աղերսաձայն, իսկ ստրուկի շորեր հագած զինվորները փութով դատարկում էին նավամբար լցված ջուրը ։
Ալիոն չէր հանդարտվում և գալարվում էր վիրավոր օձի պես ՝ նավը տարուբերելով սոսկալի ճոճումներով ։
Հարյուր անգամ պրծնելով մահից ՝ նրանք մեծագույն չարչարանքով հասան գետաբերան, բայց ալեբախությունն այստեղ ավելի ուժգին էր, քանի որ ոչինչ չէր զսպում այն ։ Մարդկային ջանքերն անզոր էին այլևս. նավը հանձնվել էր տարերքին և ոստոստում էր փետրագնդակի նման ։ Անձրևը սաստկացավ, երկինքը որոտում էր ։ Պարաններից կառչելով, նավապետը մի կերպ հասավ Կեսարին և գոչեց ամբողջ ուժով.
— Նավամբարը ջուր է լցվում, ուր որ է կսուզվենք ։ Մտածենք մեր փրկության մասին, քանի դեռ շատ չենք հեռացել ափից ։
Բայց Կեսարը ոչինչ չէր լսում, անբացատրելի համառություն էր տիրում նրանխ և վրդովված աստվածների անբարեհաճությունից ՝ մռայլ հայացքով նայում էր խավարի մեջ ՝ ասես կամենալով հայացքով ցրել այն ։ Նրա թրջված հագուստը կպել էր մարմնին, անձրևը դաղում էր դեմքը, մազերից ջուրը հոսում էր առվաշիթերով ։ Հանկարծ նա թողեց ուղեթին և ծնկի գալով ՝ աղոթեց, ձեռքերը վեր կարկառած.
— Հա ՛ յր պանծալի Օլիմպոսի, զորավիգ եղիր ջերմեռանդ երկրպագուիդ, մի ՛ լքիր նրան այս դաժան պահին ։ Դու, որ եթերի մեջ թափանցիկ ըմբոշխնում ես քո զորությունը հավերժական, բարեգութ եղի ՛ ր և զայրույթիդ սլաքներն ուղղիր լեռներին ամեհի, որ հանդգնաբար չեն խոնարհվում աստվածային վեհությանդ առաջ ։ Մի ՛ ողողիր Օվկիանն արցունքով երկնային, պատվիրիր ՝ թող Արևը կանգնեցնի թռչող իր նժույգներին, Նեպտունոսը թող անդորրություն պարգևի հորձանքներին դաժան, թող կանգ առնեն գետերը հավերժահոս և հողմերը չտատանեն ծառերը ։
Նրա ձայնը խլանում էր ծովի շառաչյունի մեջ ։
Նորից երկինքը որոտաց, և բռնկումի կարճատև ակնթարթի մեջ նա նշմարեց իր վրա խոյացած ալիքի ժանտ զանգվածը, բայց չհասցրեց սարսափել, քանի որ հաջորդ պահին այն սոսկալի ոռնոցով զարնվեց տախտակամածին, ավերելով ու փշրելով ամեն ինչ...