— Ոչինչ էլ չի պատահի նրան,— Ռուֆիոնը փորձեց հանգստացնել իմպերատորին ։— Նրա բանակը մեծաթիվ է գերի ընկնելու համար և հետո, եթե այդպես եղած լիներ, Բիբուլոսը աչալրջորեն չէր հսկի ծովեզրը ։ Առավել հավանական է այն, որ նա շեղվել է ուղուց և ափ իջել հյուսիսային մարզերում, ուր հսկողությունը թույլ է, ու հիմա օգնության է շտապում ցամաքով ։
— Իսկ եթե կատարվել է ամենասարսափելին և նավատորմը խորտակվե ՞ լ է,— Կեսարը մոտեցավ և հարցական հայացքով նայում էր պրեֆեկտի աչքերի մեջ ։— Եթե դա այդպես է, ես ավելի վաղ պիտի իմանամ այդ մասին, քան Պոմպեոսը ։ Դու հասկանո ՞ ւմ ես ինձ ։
Ռուֆիոնը, որ լավ էր ճանաչում իմպերատորին, անիմաստ համարեց տարհամոզելու ամեն փորձ և պատրաստակամություն հայտնեց ուղեկցել նրան ։
— Դու կմնաս այստեղ,— պատասխանեց Կեսարը ։— Բանակի հրամանատարությունը թողնում եմ քեզ ։ Այնպես արա, որ զորքը չիմանա մեկնումիս մասին և հուսալքությունը չտիրի նրան ։
— Ես գալիս եմ քեզ հետ, Կեսար,— համառեց Ռուֆիոնը ։— Մի ՞ թե դու այլ լեգատ չունես, որին վստահես բանակը մի քանի օր ։
Կեսարը զգացվեց ընկերոջ նվիրվածությունից և, փարվելով նրան, ասաց հուզված.
— Ես չեմ ուզում կորցնել բանակի կեսը, Ռուֆիոն, մյուս կեսին օգնության հասնելով. Պոլիոնն ամբողջովին տարված է իր գրքերով, իսկ Օպիոսը տաքարյուն է չափից դուրս ։ Այնպես որ քո ներկայությունն այստեղ ավելի կարևոր է,— Կեսարը բռնեց պրեֆեկտի ձեռքը ։— Եվ խնդրում եմ, մի հակաճառիր ։ Մի նավ վարձիր, չորս լավագույն զինվորների ստրուկի շորեր հագցրու ։ Եվ դա արա հենց հիմա ։
Ալիոն հանդարտ չէր, բայց փորձառու նավավարներին դա չանհանգստացրեց, քանի որ գիտեին, որ շուտով գետի վրայով հով կփչի ու կսաստի ալիքները ։ Եվ, իսկապես, հազիվ էին նրանք երեք մղոն հեռացել, երբ համընթաց օդային հոսանքները խաղաղեցրին Ալիոն և արագացրին նավի ընթացքը ։ Բայց հանկարծ անձրև տեղաց, ծովի կողմից ուժեղ քամի փչեց, որը ջուրը քշում էր դեպի ցամաք, և երկու հակադիր հոսանքներից ալեբախություն առաջացավ ։ Այն ավելի ու ավելի էր սաստկանում ։ Մռայլ ու մութ ամպերը կպրե գետի նման ողողել էին երկնակամարը, և ոչինչ այլևս չէր երևում ։ Ափը նշմարելու համար նավաստիները ջահեր վառեցին ։ Նավը երերում էր, ինչպես հողն էր երերում Յասոնի ոտքերի տակ, երբ նա իջեցնում էր ոսկեգեղմը ։ Ալիքներ էին փշրվում տախտակամածին ։ Քամին պոկեց ծածկը, որի տակ թիավարներն էին, և անձրևն անարգել խփում էր նրանց դեմքին. նրանք խոնարհվել էին թիերի վրա ։ Երկու նավաստի կառչել էին ուղեթիից, մյուսները հապճեպորեն թույլացրին առագաստները, և հսկա կտավը դարս-դարս իջնելով տախտակամածի վրա ՝ խցանեց նավասենյակներ տանող ուղին ։ Ճոճումը մի պահ թուլացավ ։ Նավաստիներն իջեցրին նաև քթամասի պտտվող փոքր առագաստը, ապա, միանալով թիավարներին, ջանացին նավը հեռու պահել ափի ժայռեղեն ելուններից ։ Բայց այդ պահին հզոր մի ալիք փլվեց ցռուկին և դիտահարթակի հեղյուսները վեր թռան ծղոտի թեթևությամբ ։ Գետը հանկարծ փքվեց և ուռավ, ասես նրա տակ ծովահրեշ էր զարթնել, ապա հանդարտվեց ակնթարթորեն, և նավը առհելի բարձունքից գահավիժեց ցած ։