Այստեղ նա տեղեկացավ, որ հակառակորդի բանակը Դիրաքիոնում է, որ Մագնիան
օգնական ջոկատների ետևից մեկնել է Թեսալիա և որ նա աներոջը՝ Սկիպիոնին,
գործուղել է Մակեդոնիա՝ ամեն գնով իր կողմը գրավելու այնտեղ գտնվող
լեգեոնները։
Ապոլոնարիումում նրա հայտնվելը շփոթեցրեց թշնամուն, քանի որ այդքան վաղ
նրան չէին սպասում, բացի այդ, նրանց անհասկանալի էր, թե ինչպես էին լեգեոններն
աննկատ մոտեցել ափին, երբ նավատորմը Բիբուլոսի հրամանատարությամբ հսկում
էր բոլոր նավահանգիստներն ու ափհանման համար պիտանի մատույցները։
Պոմպեոսին լուր տարան, և նա նոր հավաքագրված լեգեոնների հետ շտապեց
Դիրաքիոն, իսկ բանակը ղեկավարող Ափրանիոսին կարգադրեց կռվի չբռնվել ոչ մի
դեպքում։ Տեղեկանալով, որ Կեսարի լեգեոնների մի մասը մնացել է Բրունդիզիոնում,
նա հրամայեց կրկնապատկել պարեկություն անող նավերի թիվը և ուժեղացնել
անձնակազմերը։
Ծովային հետևակի հարձակումներից խուսափելով՝ Կեսարը հեռացավ դեպի
ցամաքի խորքը և ճամբար դրեց Ալիո գետի ափին։ Նրա մոտ եղած զորքը բավական
չէր վճռական ճակատամարտի համար, իսկ Անտոնիոսը ուշանում էր։ Մեկ ամիս էր
անցել նավերը ետ ուղարկելուց, մինչդեռ Բրունդիզիոնից ոչ մի լուր չկար։ Սա
անհանգստացնում էր նրան, նա մարդիկ էր ուղարկում Ապոլոնարիում, որոնք կամ
չէին վերադառնում կամ գալիս էին ձեռնունայն։ Ուրվականի նման նա ողջ գիշեր չէր
իջնում աշտարակներից և ազդանշան էր որոնում խավարի մեջ։ Հարկադրական
անգործությունը վշտացնում էր նրան, այնինչ հարկավոր էր շտապել, քանի դեռ
Պոմպեոսի լեգեոնները չէին հասել Թեսալիայից։ Նա այլևս անկարող էր մնալ
հոգեմաշ անորոշության մեջ ու մի օր, երբ մթնեց, Ափրոկլեսին ուղարկեց Ռուֆիոնի
ետևից։
— Բայց դա անմտություն է, Կեսար,— անկեղծորեն զարմացավ պրեֆեկտը,
տեղեկանալով նրա խելահեղ ծրագրին,— մեն մի նավով դուրս գա՞լ ծով, երբ
Բիբուլոսն ահռելի տորմիղով հսկում է բոլոր ուղիները։
— Ես պիտի մեկնեմ Բրունդիզիոն,— ասաց Կեսարը վճռական տոնով, ապա, ետ
քաշելով վրանի վարագույրը, շարունակեց.— Լսո՞ւմ ես որոտը. ամպրոպադեզ
Յուպիտերը զորավիգ է մեզ, և ոչ ոք չի սպասի ինձ այս եղանակին։
Ռուֆիոնը, միտքը լարած, իմպերատորին ետ պահելու պատրվակ էր որոնում։
— Ուղարկիր ինձ,— ի վերջո ասաց նա,— գիտես, որ ծովը կուլ չի տա ինձ։ Եվ հետո,
դու ինչպե՞ս կարող ես թողնել բանակը։
— Այդ մասին ոչ ոք չպիտի իմանա,— շշնջաց Կեսարը՝ ասես իրենց լսող կար։—
Ապա շարունակեց՝ ձայնը բարձրացնելով. — Ուղարկելով քեզ, ես ավելի ծանր
կացության մեջ կհայտնվեմ, քանի որ այդժամ ստիպված կլինեմ անհանգստանալ
նաև քեզ համար։
— Բայց գուցե զո՞ւր է անհանգստությունդ, Կեսա՛ր. սպասենք ևս երկու օր։
— Չեմ կարող այլևս,— Կեսարն անհանգիստ քայլում էր վրանում,— սիրտս վատ
բան է գուշակում. ամբողջ մեկ շաբաթ քամի էր փչում Բրունդիզիոնի կողմից, և
Անտոնիոսը չէր կարող չօգտվել դրանից։