Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 220

օժտելով նրան անսահմանափակ լիազորություններով ։ Բայց պահը բաց էր թողնված և սարսափն արդեն տիրում էր մարդկանց հոգիներին ։ Ոչ ոք չէր ենթարկվում նրա հրամաններին, և նա հեռացավ քաղաքից, հայտարարելով, թե Հռոմում խռովություն է և ինքը չի կարող կառավարել այն ։ Նա մեկնեց Բրունդիզիոն ։ Զորքը հետևեց նրան ։ Բոլորովին անպաշտպան մնացած քաղաքը սոսկաց մի պահ և ամենքը, ովքեր երկյուղում էին Կեսարի զայրույթին արժանանալ, մեկնեցին Բրունդիզիոն ։ Կոնսուլները փախան ՝ չկատարելով նույնիսկ ճամփա ընկնելուց առաջ արվող զոհաբերությունը, նրանց հետևեց սենատորների ստվար մի զանգված ՝ այնպիսի հապճեպությամբ, որ իրենց կայք-կարողությունից հետները վերցրին առաջին իսկ պատահած իրը, ասես գործ ունեին ուրիշի ունեցվածքի հետ ։ Խուճապահար հայրերին հաջորդեցին քվիրիտների երկար ու ձիգ քարավանները ։
Եվ հանկարծ լուրեր եկան, որ Կեսարը բոլորովին դաժան չէ, նույնիսկ հիշաչար չէ և կյանք է բաշխում անգամ գերյալ այն զինվորներին, ովքեր հրաժարվում են ծառայել իրեն ։ Հետո մթերքով բեռնված բազում սայլեր եկան հյուսիսից, որոնց Կեսարն էր ուղարկել ՝ տեղեկանալով, թե որպիսի ծանր վիճակում է քաղաքը ։ Սա հանգստացրեց Հռոմում մնացածներին, և նրանք հապճեպ գրություն ուղարկեցին ազգականներին ու բարեկամներին, խնդրելով վերադառնալ ։ Ու քաղաքը, որ օրեր առաջ սոսկումի և իրարանցումի մեջ էր, այժմ անհամբերությամբ էր սպասում հաղթանակած իմպերատորին, հանձին նրա տեսնելով իր փրկչին ։ Բայց լուրեր եկան, որ Կեսարը Փիրմուսից շեղվել է դեպի արևմուտք և շարժվում է Բրունդիզիոնի վրա ։ Զենքի ընդունակ ամեն ոք իր պարտքը համարեց մեկնել Կեսարի ճամբար ՝ աջակցելու նրան ։
Երբ Կեսարը Բրունդիզիոն հասավ, Պոմպեոսն իր հիմնական ուժերը ծովով ուղարկել էր Հունաստան ՝ Ապոլոնարիում, իսկ ինքը երկու լեգեոնով փակվել էր խստորեն ամրացված նավահանգստում, որպեսզի Կեսարին զրկեր ծով դուրս գալու հնարավորությունից և ապահովեր Հունաստանում անցկացվելիք զորահավաքից հետո ուժեղացած իր բանակի անարգել վերադարձը Իտալիա ։ Հաշտության առաջարկով Բրունդիզիոն ուղարկված պատվիրակությանը Մագնիան պատասխանեց, թե բարձրաստիճան մագիստրներն Ապոլոնարիումում են, իսկ ինքն առանց նրանց ոչինչ որոշել չի կարող ։ Այս լուրն առնելով, Կեսարը ցամաքի կողմից քաղաքը եզերեց լայն խանդակով, իսկ ծովածոցը կարգադրեց լցնել ավազով ։ Տեսնելով, թե ինչ եռանդով է աշխատում հակառակորդը և երկյուղելով կտրվել ծովից, Պոմպեոսը հապճեպ, մթան քողի տակ թողեց Բրունդիզիոնը ։ Նրան անմիջապես հետապնդել հնարավոր չէր, քանի որ շրջակայքի բոլոր նավերը նա զավթել էր, իսկ թերավարտներն ու վնասվածները ՝ այրել ։ Կեսարը տրիբուններին կարգադրեց նավատորմ հավաքել Սիցիլիայից, Օստիայից և Գալլիայից, իսկ ինքը, ժամանակ չկորցնելով, բանակն Իտալիայի վրայով տարավ Իսպանիա, ուր Պոմպեոսի որդիները չորս լեգեոն էին հավաքագրել ։ Երկարատև ու դժվարին պայքարից հետո նա մաքրեց այդ պրովինցիան հակառակորդ ուժերից, ապա դարձավ Հռոմ, ուր սենատը նրան դիկտատոր հռչակեց ։ Կառավարելով ընդամենը տասնմեկ օր ՝ նա հրաժարվեց միանձնյա իշխանությունից և մեկնեց Բրունդիզիոն ։ Տորմիղը բավարար չէր բանակը միանգամից փոխադրելու համար, և հիմնական ուժերը թողնելով Անտոնիոսին ՝ նա երկու լեգեոնի ու երկու հարյուր հեծյալների հետ դուրս եկավ ծով ։ Հաջողությամբ ափ իջնելով բնակավայրերից հեռու մի վայրում, նա անմիջապես նավատորմը ետ ուղարկեց Բրունդիզիոն ։