անչափ դժվար էր խոստովանել պարտությունը ։ Սակայն կշտամբանքները ոչնչով չէին օգնում գործին, և նրանք օրն օրի ավելի էին կորցնում գլուխները ։ Աուքսիմի անկումից հետո երկյուղը նրանց այնպես էր տիրել, որ մերժեցին Պոմպեոսի առաջարկը ՝ քաղաքում և մոտակա մարզերում եղած լեգեոնների հետ ընդառաջ գնալ Կեսարին ։ Մերժեցին, քանի որ քաղաքի պարիսպների ներսում Պոմպեոսի բանակի հետ իրենց ապահով էին զգում. իսկ ի ՞ նչ կլիներ իրենց վիճակը, եթե անհաջողությունը ուղեկցեր Պոմպեոսին ։
Լարվածությունն ու անհամաձայնությունը սենատից փոխանցվեցին փողոցներն ու հրապարակները, և ամենուր վեճեր ու հուզումներ էին լինում, ու չէին բաժանվում, մինչև հռետորական բարձունքը չէր պղծվում դիակներով և արատավորվում արյամբ ։ Ոմանք առաջարկում էին ընդառաջ գնալ Կեսարին և ընդունել նրա գերիշխանությունը, մյուսները, ընդհակառակը, սարսափեցնում էին, թե Կեսարը դաժանորեն վրեժխնդիր է լինում Հուլիայի մահվան համար և չի խնայում նույնիսկ կանանց ու երեխաներին ։
Հռոմի բնակչությունը բազմապատկվել էր, և քանի որ մատակարարները ևս խուճապի մեջ էին, Ռուբիկոնն անցնելու ութերորդ օրը հացի պակաս զգացվեց ։ Մարզերից եկածները, որ փախեփախի մեջ փող չէին վերցրել, թալանում էին խանութները, շուռ տալիս և այրում տաբերնաները, մորթում քաղաքի շուրջը թափառող անասուններին ։ Հետո, երբ խանութներում ոչինչ այլևս չէր մնացել, հարձակվում էին պատրիկների տների վրա ։ Նրանց միանում էին պրոլետարները, որ վաղուց սպասում էին ունևորներին վերացնելու ահեղ դատաստանին ։ Քաղաքը լցվել էր ամեն տեսակ հանցագործներով, գողերով ու գինեմոլներով. նրանք վխտում էին ամենուր, և երբեմնի հանդարտ ու զուսպ քաղաքը գավառական աղմկոտ կենտրոն էր հիշեցնում ։ Կյանքը դարձել էր անկառավարելի, չէր գործում ոչ մի օրենք ։ Գլուխը կորցրած էդիլներն ու պրետորներն իրենց ընտանիքի փրկության մասին էին միայն հոգում ։ Զինված խմբեր էին վխտում գիշերային փողոցներում, վիգիլներն անգործության էին մատնված, և ամեն առավոտ բազում դիակներ էին հայտնաբերվում նրբանցքներում, իսկ թե քանիսին էր Տիբերն իր հետ տանում, Մանեսին [ 60 ] էր միայն հայտնի ։
Մարզերից եկածները քնում էին հրապարակներում, տաճարամերձ բակերում ու շուկաներում ։ Չմրսելու համար նրանք խարույկ էին վառում, և գիշերային քաղաքը հուրհրում էր վարդագույն ցոլքերով ։ Ամենուր նիզակների բուրգեր էին ու վրաններ, պուրակներում հիվանդների տնքոց էր ու մանկան ճիչ ։ Քրտինքի ու մեզի հոտն էր օդը բռնել ։
Շատերը նրանցից, որ մի քանի օր առաջ անպատվել ու հալածել էին Անտոնիոսին, զղջում էին իրենց արարքի համար և Կեսարին սիրաշահելու առիթ էին փնտրում ։ Իսկ նրանք, որ անհողդողդ էին ժայռի պես, իրենց ողջ կարողությունը կտային Կեսարի մահվան լուրը բերող օձակրին ։ Մինչդեռ Կեսարը ոչ միայն չէր մեռնում, այլև առաջանում էր քամու պես արագ, ճանապարհին ոչ մի լուրջ դիմադրության չհանդիպելով ։
Սարսափահար ժողովուրդը շարունակում էր ամբողջ մարզերով բոլոր կողմերից մղվել դեպի Հռոմ ՝ ապավինելով նրա վարդագույն պարիսպների ամրությանը, մինչդեռ հռոմեացիներին անասելի խուճապ էր տիրել և շատերը հեռանում էին պրովինցիաները ։ Սենատը Պոմպեոսին գլխավոր հրամանատար նշանակեց ՝