Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 218

Գլուխ իններորդ
Անձրևն առատորեն թափվում էր նրանց վրա, նրանք սայթաքում էին, կառչում միմյանցից ։ Իսկ շուրջը խորին լռություն էր, միայն Ռուբիկոնն էր միալար խշշոցով իր ջրերը տանում օվկիանոս...

Գլուխ իններորդ

Արիմիոնի առումն ամպրոպի պես ճայթեց Հռոմի վրա ։ Այն անսպասելի էր ավելի, քանի եթե լուսաբացին Ալբանոյի տեղում մի հսկա վիրապ լիներ ։ Իսկ երբ Իգուվիայում Ահենոբարբն առանց մարտի հանձնեց ութ կոհորտա և գլխապատառ փախավ Հռոմ, սարսափը տիրեց Իտալիային ։ Հյուսիսից եկողները տարածում էին, թե Կեսարը ճանապարհին ավերում է ամեն ինչ և նրա զինվորները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կսպանի և հարստություն կդիզի, թե սահմանից այս կողմ ճանապարհներն եզերված են կախաղաններով և Կեսարը պատժում է բոլորին, ովքեր չեն մտնում իր դրոշի տակ ։ Իր խայտառակ փախուստն արդարացնելու համար Ահենոբարբը կեղծ լուրեր էր տարածում, թե Կեսարի զինվորներին հաշիվ չկա և իբր քաղաքացիություն խոստանալով ՝ նա իր բանակին միացրել է գալլերից շատերին, իսկ բարբարոսները, կամենալով շահել նրա բարեհաճությունը, գերիների հետ վարվում են դաժանորեն, ողջ-ողջ մորթազերծ են անում կամ բարձր ժայռից գլորում ցած ։ Իբր Կեսարը փախստակ ստրուկներից վաշտեր է կազմում, իսկ սրանք երդվում են ամենքի առաջ, որ վրեժխնդիր կլինեն իրենց տերերից ։ Այս ամենը սարսափեցնում էր հռոմեացիներին, նրանք իրենց պատկերացնում էին մորթված ու հոշոտված, և տանջալի մահից խուսափելով ՝ շատերն ինքնասպան էին լինում ։ Ժողովուրդն ամբողջ քաղաքներով ու գյուղերով հորդում էր դեպի Հռոմ, կայազորերը հանձնվում էին առանց նշանակալի դիմադրության ։ Իսկ Կեսարն առաջանում էր մեծ արագությամբ. Իգուվիայի գրավումից երկու օր անց նա հայտնվեց Անկոնայի պարիսպների տակ և հանկարծակի բերելով Պոմպեոսի համար հավաքագրված ջոկատներին ՝ գերեց դրանք ու միացրեց իր բանակին ։
Հետո լուր եկավ, որ գրավված են Պիսավրոսը և Կումը, որ Աուքսիմում կայազորի հրամանատարներն իրենք են բացել քաղաքի դարպասներն իմպերատորի առաջ ։ Որքան նա մոտենում էր Հռոմին, քաղաքում տիրող խուճապն ավելի էր սաստկանում ։ Անհաշտություն էր տիրում սենատում. սենատորները մեղադրում էին միմյանց պետությունը քաղաքացիական պատերազմի դուռը հասցնելու համար, Կատոնին կշտամբում էին, որ ավելորդ համառություն ցուցաբերելով ՝ խանգարեց բավարարելու Կեսարի պահանջները, քանի դեռ դրանք համեստ և ընդունելի էին, ու կոպտորեն վիրավորեց իմպերատորին ՝ կուրիայից վտարելով նրա լեգատին ։ Իսկ Պոմպեոսին առաջարկում էին ոտքը գետին խփել, ինչ է թե նա մի անգամ պարծեցել էր, որ բավական է ոտքը գետին խփի, այնքան զինվորներ կհայտնվեն, որ հարյուր Կեսար կոչնչացնի ։ Ձայներ էին հնչում ՝ պատվիրակություն ուղարկել Կեսարի մոտ ՝ նրա պահանջները կատարելու առաջարկությամբ, սակայն ամենքը չէ, որ պաշտպանում էին այդ, քանի որ երեկվա պահանջներով Կեսարն այլևս չէր բավարարվի, իսկ նրան միապետ ճանաչել չէին ուզում ։ Եվ շարունակվում էին անիմաստ վեճերն ու փոխադարձ վիրավորանքները ։ Նրանք վերհիշում էին միմյանց սխալներն ու վրիպումները դեռ այն ժամանակվա, երբ Կեսարը ոչ դիրք, ոչ հեղինակություն ուներ, և հեշտությամբ կարելի էր ազատվել նրանից ։ Կեսարի պաշտպանները մեծ թիվ չէին կազմում, և լռեցնում էին նրանց աղմուկով, քանի որ