Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 217

— Չորս ժամ քնեցի ։ Ապա բուռն հորանջումից հետո շարունակեց.
— Երազում երևաց, թե Ալեքսանդրիայում եմ և շքեղ նավով զբոսնում եմ ափամերձ ջրերում, իսկ տախտակամածը լի է մերկ կանանցով ։
Նա երանությամբ գլուխն օրորեց ։
Կեսարն անկեղծորեն նախանձեց նրան, որ կարող է հանգիստ քնել և անուշ երազներ տեսնել ։
— Ֆորտունան քեզ Եգիպտոս է ուղարկելու,— ասաց ։ Անտոնիոսը չարձագանքեց ։
Կեսարը նայեց նրա կողմը ՝ հուսալով, որ կենսուրախ լեգատը կխոսի որևէ բանի մասին, թեկուզ կիսատ մնացած երազի, որը կզբաղեցներ իրեն և կազատեր ծանր մտքերից ։ Բայց Անտոնիոսի դեմքին նույնպես տագնապ էր դրոշմվել. նա գլուխը հանել էր լուսամուտից և անձրևախառն քամին խաղում էր նրա գանգուրների հետ ։
— Այս անձրևը մեր բախտից է,— Անտոնիոսը գլուխը ներս քաշեց,― աստվածները հոգ են տանում, որ մեզ չնկատեն ։
Եվ րոպեաչափ լռելուց հետո ասաց.
— Նարբոնում ես չասացի քեզ այդ մասին, Կեսար, քանի որ համար չեղավ. Բրուտոսը Պոմպեոսի հետ է ։
Կեսարը մի անբացատրելի հայացքով նայեց լեգատին, ապա ասաց դառնաձայն.
— Այդ տղան բոլորովին կորցրել է իրեն. մի ՞ թե ես նրան ավելի շատ վատություն եմ արել, քան Պոմպեոսը [ 59 ] ։
— Նա գժտվել է մոր հետ և Պոմպեոսին միացել է ի հեճուկս նրա ։
Կեսարը ոչինչ չասաց և երկար ժամանակ նայում էր այն կողմ, ուր տարածվում էր Ռուբիկոնը ։
— Ես միշտ կամեցել եմ քեզ հարցնել այդ մասին, Կեսար, բայց զսպել եմ ինձ. դու նրա հանդեպ չափից դուրս հոգատար ես, որքան էլ նա զգացնել է տալիս, որ չի համակրում քեզ ։ Նրա վարմունքը, ինչ խոսք, հասկանալի է, բայց ասա ինձ...
— Թողնենք այս խոսակցությունը մեկ ուրիշ անգամվա համար, Մարկոս,— խուսափեց Կեսարը ՝ հայացքը չկտրելով Ռուբիկոնից ։ Այդ պահին գետը նրան թվաց որպես նիրhած մի հրեշ, իսկ խավարի գերությունից ազատվող հովիտը ՝ դժգույն ու լի անիմանալի չարությամբ ։
Քարքարոտ ճանապարհից տանջահար նժույգները մտնելով հովիտ և սմբակների տակ զգալով հողի հաճելի փափկությունը ՝ վայրի խրխինջով սուրացին առաջ ՝ կառքը սահեցնելով նորաբաց կակաչների ու անուշաբույր ծաղիկների միջով ։
Խարույկների մոտ տաքացող զինվորները, որ ծպտված էին քաղաքացիական հագուստի մեջ, ընդառաջ եկան ։ Իմպերատորն ու լեգատն իջան կառքից, և բոլորը միասին անխոս շարժվեցին դեպի պրովինցիան Իտալիայից բաժանող կամուրջը ։