Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 216

— Նրանք իսկապես չեն սպասում ինձ,— Կեսարը ոգևորվել էր, անհապաղ գործելու մոլուցք էր համակել նրան և նա անհանգիստ քայլում էր սրահում ։— Վաղը ես կգրավեմ Արիմիոնը, և թող լուրերը, ձնագնդի նման ուռչելով, թափվեն Հռոմի վրա. դրանք բազմափորձ վետերաններից կազմված լեգեոնից շատ գործ կանեն ։
Շատ չանցած ՝ Անտոնիոսին բերած կառքն աննկատ ելավ զորակայանից, զգուշության համար մի քանի մղոն խորացավ դեպի հյուսիս, ապա, անտառներով ձգվող նեղլիկ ճանապարհներով մի մեծ կիսաշրջան գծելով ՝ աստիճանաբար թեքվեց հարավ և ուղղվեց դեպի սահման ։ Անձրև էր մաղում, երբեմն հեռու-հեռվում կայծակն էր թրատում մռայլ երկնակամարը, և նժույգների թաց ու ողորկ մարմինները պսպղում էին թանձր սաղարթների մեջ խճճված դալուկ ցոլքերից ։ Թիկնոցի մեջ ամուր փաթաթված կառապանն ինչ-որ երգ էր դնդնացնում քթի տակ ՝ անտեղյակ աշխարհից և հեռու ամեն տեսակ խարդավանքներից ։ Կեսարը տեսնում էր նրա նիհար թիկունքը, որ երբեմն խոնարհվում էր առաջ ու մնում այդպես բավականին երկար ։ Կառքի միալար ճոճումը ընդարմություն էր բերում բոլորին, և բազմօրյա երթից հոգնած Անտոնիոսը քնել էր ՝ գլուխը հենած կողածածկին ։ Նրա դեմքին երանավետ զմայլանք էր դրոշմվել. երևի հաճելի երազ էր տեսնում ։
Որքան մոտենում էին Իտալիայի սահմանին ՝ գլուխ բարձրացրած կասկածն այնքան ավելի ցավագին էր քրքրում իմպերատորի հոգին ։ Չկար այլևս նախկին եռանդը, վճիռն իրականացնելու ճանապարհին պատահած արգելքները խորտակելու անսասան հավատը, և այժմ, երբ աստղակաթի հետ հեռվում ուրվագծվեցին Ալպերի ձյունածածկ գագաթները, նա իրեն ավելի ու ավելի հաճախ էր բռնեցնում այն մտքի վրա խորհելիս, թե չի ՞ շտապում ինքն արդյոք, սպառվա ՞ ծ էին հաշտության բոլոր միջոցները. գուցե հարկավոր էր մի փոքր սպասե ՞ լ ։ Եվ չի ՞ չարաշահում ինքն արդյոք աստվածների ողորմածությունը ՝ ամեն անգամ հույսը դնելով նրանց բարեհաճության վրա ։ Բայց մյուս կողմից նա անկարող էր բախտը չփորձել այժմ, երբ հաջողության դեպքում ամեն ինչ վճռված կարելի էր համարել. մի ՞ թե հետո ինքն իրեն չի մեղադրի ճակատագրի ընձեռած բարենպաստ իրավիճակից չօգտվելու համար ։ Սառը, խոնավ օդ էր թափանցում ներս ։ Անտոնիոսը քնի մեջ ստեպստեպ փաթաթվում էր թիկնոցի մեջ, տատանվում կառքի երերումից, ուժգին ցնցումներից բացում էր աչքերը, մշուշոտ հայացքով մի պահ նայում իրենց զորեղ կրծքով խավարը ճեղքող նժույգներին, ապա կրկին քուն մտնում ։ Իսկ Կեսարը ոչինչ չէր զգում ՝ ոչ ցուրտ, ոչ տարուբերում ։ Նա ետ էր ընկել թիկնակին, և նրա ոչինչ չտեսնող հայացքը թափառում էր հեռուներում ։ Նա հազար անգամ մտովի գրավել էր Արիմիոնը ՝ ամեն անգամ բանեցնելով մի նոր հնարք, Իգուվիայում պաշարել էր Ահենոբարբին, հասել Պիսավրոս ։ Կյանքին հրաժեշտ տվող մահապարտի նման նա հիշում էր իր սերերը, Գալլիայում զոհված իր մտերիմներին, հայացքի դեմ մայրն էր հառնում ՝ Հուլիայի ձեռքը բռնած ։ Նա անչափ ուզում էր գոնե մեկ ժամ աչք կպցնել, բայց Մորփեոսը համառորեն հանգիստ չէր բերում նրան ։
Մի վերջին անգամ կեռման տալով ՝ կառքը դուրս եկավ մթին անտառից, և ցածում ՝ հարթավայրի վրա, թույլ խարույկներ նշմարվեցին, որ հեռվից աստղաբույլերի էին նմանվում ։ Ճանապարհը զառիվերում էր, նժույգները դժվարությամբ էին արգելակում, մանրախիճը փախչում էր նրանց սմբակների տակից ։ Ցնցումներն ուժգնացան, կառապանն անհասկանալի ինչ-որ բան էր գոռում ։ Մարկոսն արթնացավ, տրորեց աչքերը և նկատելով, որ օրը սկսում է բացվել, ասաց ինքն իրեն.