Ի՞նչ ես մտադիր անել,— հետաքրքրվեց Անտոնիոսը։
— Նրանք ուզում են, որ ես կռվեմ իրենց դեմ։ Նրանք դա շա՜տ են ուզում, այնքան
շատ, որ այլևս չեն համբերում։ Եվ համոզված են, որ եթե ետ ստացան Պոմպեոսի
լեգեոնները, կարող են վարվել ինձ հետ ինչպես կամենան։ Նրանք ինձ ստիպում են
սուր վերցնել և, վկա են աստվածները, դա ես անում եմ՝ այլ ելք չունենալով։
— Պատերա՞զմ,— արտաբերեց Անտոնիոսը՝ զգաստանալով։
— Պատերա՜զմ,— պատասխանեց Կեսարը հաստատակամությամբ և ավելացրեց,—
մի՞թե դու այլ ելք ես տեսնում, Մարկո՛ս, մի՞թե ճանապարհին անվերջ այդ մասին չես
խորհել և մի՞թե ինքդ չէիր հիշեցնի ինձ այդ մասին, եթե ես երկնչեի։ Հիմա քեզ
սարսափեցնում է ո՛չ թե պատերազմն ինքը, այլ այն, որ ստիպված ենք կռվել մեր
հայրենակիցների դեմ և ... — Կեսարն այստեղ դադար տվեց,— շատերը մեզ գուցե թե
հայրենադավ կոչեն։ Բայց եթե հայրենիքը Ֆակտիոն է կամ նրա ձեռքին պուպրիկ
դարձած սենատը, ապա թող ինձ կոչեն՝ ինչպես կամենան. հիմար օրենքները
խորտակելու համար կանգ չեմ առնի ոչնչի առաջ։
Ռուֆիոնը եկավ թույլ օրորվելով, բարձր տրամադրությամբ և կանչեց դռների միջից.
— Մի տեսնեիր, Կեսա՛ր, թե Օպիոսն ինչպես խեղճացրեց այդ բարբարոսին, և հիմա
նա կնոջ նման լաց է լինում իրենը չդարձած հարստության համար։
Ճանաչելով ստրուկի հանդերձների մեջ ծպտված լեգատին՝ Ռուֆիոնը վայրկենապես
լրջացավ ու ձգվեց՝ պատրաստ ամեն փորձության։ Պատերազմի լուրը նա ընդունեց
բավականին հանգիստ, ասես հոգու խորքում վաղուց պատրաստ էր դրան, բայց երբ
կուսակալը տեղեկացրեց, որ մտադիր է անհապաղ հեծյալ վաշտ ուղարկել
Իտալիայի սահման ու լուսաբացին գրավել Արիմիոնը, նա զարմանքից ուսերը
թոթվեց։
— Նորից խենթացա՞ր. մի վաշտով Իտալիայի վրա՞։
Անտոնիոսին ևս թվաց, թե ինչ-որ բան լավ չլսեց։
— Իսկ ի՞նչ եք խորհուրդ տալիս,— հարցրեց նրանց Կեսարը,— սպասե՞մ, մինչև
նրանք մեծ բանակ ժողովեն ու հայտնվեն Ռուբիկոնի այս ափին։
— Գոնե Տասներորդ լեգեոնը բերենք Նոր Կումից,— առաջարկեց Ռուֆիոնը։
— Ես հիմա ևեթ սուրհանդակ կուղարկեմ Նոր Կում, բայց չեմ սպասի նրանց, քանի
որ նա երեք օրից շուտ այստեղ չի լինի։ Իմ թշնամիները գիտեն, որ իմ բանակը
ցրված է պրովինցիայում, որ իմ ընտիր կոհորտաներն անցել են Հռենոսը և կռվում են
այնտեղ, որ ես զորակայանում հազիվ յոթ հարյուր զինվոր ունեմ։ Գիտեն, դրա
համար էլ այդպես լկտի են։ Բայց ես հանկարծակի կբերեմ նրանց բոլորին ու
կխառնեմ նրանց հաշիվները։ Ինքներդ գիտեք, թե որպիսի թանձրամիտն է
Պոմպեոսը և որքան է նա սիրում երկարատև ու մանրազնին նախապատրաստվել
պատերազմի։ Շատ բան շահած կլինենք, եթե մեզ հաջողվի խուճապի մատնել նրան։
Ապա նա հետաքրքրվեց, թե Մարկոսը որքան զինվոր է տեսել Իտալիայի հյուսիսում։
Լեգատը խոտոր ճանապարհներով էր եկել, բայց վստահ էր, որ Իգուվիայում գտնվող
Ահենոբարբի ոչ լրիվ լեգեոնից բացի ոչ մի ուրիշ զորամիավորում չկա, չհաշված
բերդերի ու քաղաքների կայազորերը։