ինքը հազիվ էր փրկվել և քանի որ ամենուր փնտրում էին իրեն, ստրուկի շորերի մեջ ծպտված ՝ վարձու կառքով մի կերպ հեռացել էր քաղաքից ։
Կեսարը լսում էր նրան և բռունցքները սեղմած քայլում սրահում ։ Նրա աչքերը ճառագում էին բարկությունից, մարմինը դողում էր և ձեռքն ակամա փնտրում էր սրի բռնակը ։ Զայրույթը բորբոքվում էր, երբ պատկերացնում էր, թե ինչպես են սենատորները ծաղրել իրեն, ինչպես են ոտնատակել իր զինանշանը ։
« Ես կսպանեմ նրանց, բոլորին անխտիր, ես կուլ չեմ տա այս վիրավորանքը և նրանք կհատուցեն դաժանորեն »։
Նա կանգնեց լուսամուտի առջև ՝ ձեռքերը հավաքած կրծքին ։ Նրա մռայլ հայացքը թափառում էր զորակայանի վրա, իսկ սրտում հանդուգն ծրագրեր էին ծնվում ։
— Պատմելու բան չէ, Կեսա ՛ ր, թե ինչ վիճակ է տիրում հիմա Քաղաքում ։ Պրովինցիա, բանակ, հարստություն ձեռք բերելու համար ամենքը քծնում են Պոմպեոսին, իսկ սենատը նրան միակ կոնսուլ է ճանաչել, և նա չի կամենում իրեն հավասար որևէ հակառակորդ ունենալ ։ Նա հիմա մոտիկություն է անում նրանց հետ, ովքեր բարեկամ էին քեզ և ում հետ դու գժտվեցիր նրա պահանջով ։ Պարգև և աստիճան խոստանալով ՝ նա հրավիրում է իր վետերաններին. այն երկու լեգեոնը, որ պահանջեց քեզանից, մոտեցրել է Հռոմին, և այժմ Քաղաքը լի է զինվորներով. կումիցիաներում ռազմական տրիբուններն ու կենտուրիոններն իրենց զգում են ինչպես ճամբարում, և անհնար է լսել ժողովրդի ձայնը ։ Նրանք հալածում են բոլորին, ովքեր զգոնության են կոչում և փորձում երկիրը հեռու պահել պատերազմից ։
Անտոնիոսը դադար տվեց, ապա շարունակեց ցածրաձայն.— Պոմպեոսն ամուսնացել է Սկիպիոնի դստեր հետ ։
— Նա խաղալիք է դարձել Կատոնի ձեռքին,— ասաց Կեսարն անվրդով և մոտեցավ սեղանին, որի վրա բազում քարտեզներ էին փռված ։
— Եվ, ինչպես միշտ, Կատոնը ոչինչ բացահայտ չի անում ։ Հռավեննայից ես մի վերջին գրություն ուղարկեցի սենատ, առավել համեստ պահանջներով և, հաշտություն հուսալով, սպասեցի այնտեղ չորս օր ։ Նրանք ինձ չպատասխանեցին, բայց ես իմացա, որ Կատոնը գովել է սենատի քաջությունը, իսկ Պոմպեոսը հայտարարել է, թե ինքը Կեսարին ոչնչացնելու համար կազմ ու պատրաստ ինը լեգեոն ունի ու նաև տեղյակ է, իբր քո զինվորներն ատում են քեզ և չեն կռվի իր դեմ ։
— Գնեո ՜ ս Պոմպեո ՜ ս,— ի զարմանք Անտոնիոսի, Կեսարն այդ լուրից չվրդովվեց ու լուտանքներ չթափեց նախկին փեսայի հասցեին, այլ տնտղելով քարտեզներից մեկը ՝ խոսեց հանգիստ, բառերը հատ-հատ արտասանելով,— ճակատագրի կողմից առավել չափով երես տրված և միաժամանակ այդքան անվճռական արարած չեմ տեսել երբեք. ամբողջ վեց լեգեոնով հայտնվել Իտալիայում և ցրե ՞ լ բանակը ՝ Քաղաքին տիրելու փոխարեն ։ Այդպիսի բան միայն հիմարը կաներ ։ Նա, որ երկնչեց նվաճել անպաշտպան Քաղաքը, ինչո ՞ ւ է հոխորտում հանկարծ. ի ՞ նչ է նրա ուզածը ։ Մի ՞ թե այդքան բարդ է հասկանալ, որ անհնար է և ՛ իշխանության ձգտել, և ՛ լինել բարեկամը Կատոնի ։ Ու հիմա նա հավատացա ՞ ծ է, որ կործանելով ինձ տիրակալ կդառնա...
Նա ձայնեց ազատարձակին և կարգադրեց կանչել Ռուֆիոնին ։