Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 213

Պոլիոնը դատարկում էր գավաթ գավաթի ետևից և ստեպ-ստեպ կրկնում.
— Սրիկա ես դու, Ռուֆիո ՛ ն, սրիկա, իսկ ես ՝ հիմար, որ, ի խորին տխրություն Ալեզիայի գիշանգղերի, փրկեցի քեզ ։
Մրցույթն ամենքին հետաքրքրեց և նրանք ուղեկցեցին Օպիոսին ։ Լեգատը նստեց գալլի դեմ և առաջարկեց գրավ դնել նրա ողջ շահույթը ։ Բարբարոսը մի լավ տնտղեց հռոմեացուն, կռվի պատրաստվող ցուլի անիմաստ հայացքով շուրջը նայեց, ապա իրենից հեռացրեց դրամի կույտը ։ Օպիոսն ադամանդակուռ մի մատանի դրեց կույտի վրա ։ Կեսարը, որ կանգնել էր լեգատի թիկունքում, մի ոսկյա մատանի ավելացրեց ։ Նրան հետևեցին մյուս զորապետերն ու առաջնորդները, և թանկարժեք զարդերի մի փոքրիկ բուրգ գոյացավ սեղանի վրա ։ Գալլն աչքերը փայլեցնելով նայում էր գրավին, որ մի ամբողջ կարողություն էր, ապա արմունկը թափով զարկեց սեղանին ։ Օպիոսը հարմարվեց աթոռին, ոտքերով երկար շոշափեց գետինը, հետո բարբարոսի ափն առավ իր ափի մեջ ։ Աթոռները ճռռում էին նրանց տակ, գավաթները զրնգալով շուռ էին գալիս սեղանների վրա ։ Բազմություն էր հավաքվել նրանց շուրջ, մենամարտը տեսնելու համար ոմանք ելել էին սեղաններին կամ բարձրացել ջահերը պահող սյուներին, ոմանք աղոթում էին, օգնության կանչում աստվածներին, մյուսները գրազ էին բռնում ։ Քիչ հեռու բազում խարույկների վրա վիթեր, եղնիկներ ու վարազներ էին խորովվում, որոնցից յուղ էր ծորում և ճարճատում հաճելիորեն ։ Կրակի շուրջ մեկնված զինվորները երգում էին թիբիի նվագակցությամբ ։ Իսկ զորակայանից դուրս դավադիր խավար էր, որի մեջ հրացոլքերից դեղնին էին տալիս սահմանից եկող ճանապարհի վրա խոնարհված ամեհի ժայռերը ։
Ոչ ոք չնկատեց, թե ինչպես ճանապարհի վրա երկձի մի կառք երևաց և խորանալով զորակայանի մեջ ՝ կանգ առավ բարաքների մոտ, ուր ջահերի լույսը չէր հասնում և խավարը թանձրանում էր ։ Շատ չանցած ՝ Ափրոկլեսը իմպերատորին զեկուցեց, որ ծպտյալ մի անձնավորություն ուզում է տեսնել իրեն և նրան պարզեց մի մատանի ։ Կեսարը սաստիկ գունատվեց և հազիվ քողարկելով իրեն համակած հուզումը ՝ հեռացավ ՝ շինծու ժպիտներ պարգևելով ցեղապետերին, որոնց աչքից չէր վրիպել Ափրոկլեսի անհանգիստ անցուդարձը ։
Անտոնիոսը ստրուկի հնամաշ շորերով էր, նրա առնական դեմքին հոգնածության կնճիռներ կային և նա գունատ էր ագալմատոլիթե արձանի նման ։ Նրանք փարվեցին սրտագին ։
— Ի ՞ նչ է պատահել, Մարկո ՛ ս, ինչո ՞ ւ ես ծպտված,— հարցերի տարափ տեղաց հետաքրքրասիրությունից այրվող կուսակալը, որ պատրաստ էր արդեն լսելու ամենածանր լուրը ։
Եվ Անտոնիոսն ամենայն մանրամասնությամբ պատմեց վերջին օրերի դեպքերի մասին, շտապելուց երբեմն խառնելով ժամանակագրական կարգը ։ Իսկ պատահել էր հետևյալը. հասնելով Հռոմ, նա շտապել էր կուրիա, բայց Կատոնի դրդմամբ սենատորներից ոմանք չէին կամեցել լսել նրան, գոչելով, թե հայրենիքի դավաճանին պատժել է պետք և ոչ թե ունկն դնել նրա զառանցանքներին ։ Շատերն էին պաշտպանել նրանց ։ Անտոնիոսը համառել էր ։ Նրա ձեռքից խլել էին գրությունը և ոտնատակ տվել, իսկ իրեն բռնությամբ դուրս արել դահլիճից ։ Վիրավորված լեգատը փորձել էր անհապաղ կումիցիա հրավիրել, բայց վիգիլները հեղեղել էին Մարսյան դաշտը, և սոսկալի խառնակություն էր սկսվել ։ Սպանվել էր Անտոնիոսի մի լիկտորը,