Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 212

Գլուխ ութերորդ
— Փա ՛ ռք Կեսարին, փա ՛ ռք Կեսարին ։

Գլուխ ութերորդ

Նարբոնում խնջույք էր ։ Զորակայանի ընդարձակ բակում, ուր ցերեկը վարժանք էր արվում կուսակալի անմիջական ղեկավարությամբ, միմյանց զուգահեռ երկու անչափ երկար սեղանաշարեր էին գցված, ջահեր էին վառվում սյուների վրա և մոմեր ՝ սեղաններին ։ Եթերը հագեցած էր հարյուրավոր մարդկանց աղմուկով ։ Հրավիրված էին դաշնակից ցեղերի առաջնորդները, որոնք եկել էին բազմամարդ շքախմբերով ու մեծաթիվ հյութեղ կանանց հետ, և կարճավարս հռոմեացիների մեջ սեղանների շուրջ կարելի էր տեսնել փրչոտ ու հսկայամարմին արարածների, որոնք գինին խմում էին մեղրաջրի պես, խորովածի ահռելի կտորները խփշտում նախամարդու ախորժակով ։ Կիսամերկ կանայք էին պտտվում բարբարոսների շուրջ, նրանց կեղծ զարդերը պսպղում էին ջահերի ցոլքերից ։ Գալլերը մոռացած ՝ ուր են գտնվում, քաշում էին նրանց թևից, նստեցնում ծնկներին, գինի հեղում նրանց պարարտ ստինքներին և ծծում ագահությամբ ։ Հռոմեացիք քրքջում էին, քաջալերում նրանց ու արծաթե մանրադրամ ցանում կանանց վարսերին ։ Սրանք ուրախ կանչերով պոկ էին գալիս բարբարոսներից ու փարվելով մոտ կանգնած հռոմեացուն ՝ տապալում նրան իրենց մարմնի ծանրությամբ ։ Ամենքը ծիծաղում էին արցունքոտվելու աստիճան և գալարվելով ՝ ընկնում աթոռներից ՝ վերստին գրգռելով մյուսներին ։
Մի այլ տեղ հսկա մի գալլ սրբել-թափել էր սեղանի ողջ պարունակությունը և գրազով արմունկ էր ծալում ։ Նա հռոմեացիներին հաղթում էր առանց աչք թարթելու և նրանց ձեռ առնելու համար խորովածի յուղոտ մի կտոր էր կրծում ։ Զինվորները տնքում էին գալլի ամեն ախոյանի հետ, կնճռոտվում, պարտվողի հետ հառաչում այնպիսի դառնությամբ ՝ ասես այդտեղ հանրապետության բախտն էր որոշվում ։ Նրանք խմբով գնացին Օպիոսի մոտ ։
Այնտեղ, ուր կուսակալն էր լեգատների ու առաջնորդների հետ, նույնպես զվարթ աղմուկ էր. ամենքը գինովացել էին, իսկ Ռուֆիոնը խաղում էր Պոլիոնի հոգու հետ, ինչ է թե նա բոլոր հաճույքները թողել, հուշեր էր գրում գալլական պատերազմի մասին ։
— Եթե ինձ ասեին, որ Հաղթանակած Յուպիտերի արձանն իջել է Կապիտոլիումից և շրջել Քաղաքում, բոլորովին չէի զարմանա, քանի որ աստված դրա համար է աստված, որ նրա արարքներն անկանխատեսելի են ։ Բայց որ Աղինիոսը մոռանա իր անցյալն ու տրվի իմաստասիրությա ՞ նը... Դե, նայե ՛ ք, նայե ՛ ք Օպիոսի դեմքին, խեղճն ինչպե ՜ ս է զարմացել ։ Ասա ՛ ինձ, Օպիո ՛ ս, կարո ՞ ղ ես պատկերացնել այսպիսի բան. երեկոյան հանգստի ժամ է, թաքուն մտնում ես Աղինիոսի վրանը, նրան գտնում ես անկողնում մեկնված, բայց նրա տակ կին չի թփրտում, այլ նա, խոնարհված դեռ յուղոտ մագաղաթի վրա, գրիչն է անվերջ թքոտում ։
Օպիոսն այնպիսի մի խեթող հայացք ձգեց Պոլիոնին, որ ներկաները փռթկացին ծիծաղից ։
— Իսկ նա, Օպիո ՛ ս, տքնում է, տքնում և չի կարողանում մտաբերել այն հարճի անունը, որին գնել էր մի հայ առևտրականից միլիոն սեստերցիումով, և որը, խելքահան անելով սրան, ծլկել էր ՝ հասցնելով սրբել զարդատուփը ։