Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 211

Իսկ բարբարոսները, որ բոլորովին հուսահատ նայում էին հրակնատներից, կարծում էին, թե այդ ողջ աղմուկը ռազմավարի համար է ։ Օրն օրի նրանց վիճակը ծանրանում էր. Վերցինգետորիգոսի հարյուր ութսուն հազար զինվորներին կերակրելը վեր էր աշխարհից կտրված քաղաքի ուժերից ։ Պարենը սպառվում էր, հռոմեացիք ջրամբարները լցրել էին հողով, բոլոր անասունները մորթվել էին, մարդիկ փողոցներում կատու էին որսում, նետաձիգներն ագռավ էին խփում ։ Սով էր սկսվում, զազրելի հիվանդություններ էին տարածվում վիրավոր զինվորների մեջ ։ Բայց հանկարծ մի օր նրանց հանդգնություն համակեց, և պարիսպների վրայից կանչում էին, թե շուտով ցրիվ կտան Կեսարի բանակը ։ Լուսաբացի հետ նրանք ելնում էին աշտարակների վրա ու ջերմեռանդ աղոթում ՝ դեմքով արևելք դարձած ։ Հռոմեացիք կարծեցին, թե նրանք իրենց աստվածներին են օգնության կանչում ։ Ամեն ինչ պարզ դարձավ հետո, երբ Ռուֆիոնի հետախույզները գերեցին երկու հոգու, որոնք մթան քողի տակ փորձում էին սողոսկել քաղաք ։ Սրանք խոստովանեցին, որ իրենց ուղարկել է Վերցինգետորիգոսի ազգական Ամբիորիգոսը ՝ պաշարվածներին տեղեկացնելու, որ ինքը երեք հարյուր հազարանոց բանակով մոտենում է Ալեզիային և սպասում է Վերցինգետորիգոսի հրահանգներին ։ Ամբողջ երեք օր հռոմեացիք զույգ պատնեշ էին կանգնեցնում, մեկը պաշարվածների անակնկալ հարձակման դեմն առնելու համար, իսկ մյուսը պիտի պաշտպաներ նրանց Ամբիորիգոսի ջոկատներից ։ Եվ նրանք մնացին բարձրաբերձ երկու պարիսպների միջև ։ Նրանց տքնաջան նախապատրաստությունը ոգևորում էր պաշարվածներին, որոնք կռահում էին, որ օգնության եկող բանակը մոտեցել է, և անհամբերությամբ էին սպասում բաղձալի այն պահին, երբ հորիզոնի վրա կփողփողային հարազատ դրոշներ...
Լուսաբացին հռոմեական ճամբարի գիշերապահները փշաքաղվեցին հանկարծակի ճիչերից և, փութով ելնելով քաղաքահայաց աշտարակներին ՝ պարիսպների վրա ողբացող բազմության տեսան. տղամարդիկ պատառոտում էին հագուստները, կանայք պոկում էին մազերը, դեմքը ճանկռոտում արյունոտելու աստիճան ։ Ողբալով ՝ նրանք բոլորը ձեռքերը տարածում էին արևելք, և դառնալով այդ կողմ ՝ գիշերապահներն ընդարձակ հարթավայրի վրա անթիվ անհամար սայլերի հետ եկող հռոմեական մեծաթիվ զորք տեսան ։ Ու սոսկացին, կարծելով Պոմպեոսի բանակն է իրենց առջև, բայց շուտով ճանաչեցին Կեսարի դրոշը, ապա նրան տեսան սպիտակ նժույգը հեծած ։ Իսկ սայլերը բեռնված էին ոսկով լի սնդուկներով, գալլական զենքերով ու վրաններով ։ Նոր միայն նրանք շուրջը նայեցին ու հասկացան, որ ողջ գիշեր հսկել են դատարկ ճամբարը ։ Բայց ուշացած տագնապը վայրկենապես փոխարինվեց անսահման ուրախությամբ, և աշտարակներից ցատկելով ՝ վազեցին հաղթանակած իմպերատորին ընդառաջ ։
Իրիկնադեմին, երբ հարթավայրը ողողվել էր վարդագույն ցոլքերով և մարել էր հաղթանակի խնջույքը ՝ տոնականորեն հագնված հռոմեական բանակը հորդեց բոլոր ելքերից և շարվելով պարսպի տակ ՝ ահեղորեն զրնգացրեց զենքերը ։ Որոտի հետ լացուկոծը մարեց քաղաքում, աշտարակների վրա գունատ դեմքեր երևացին ։ Հետո լռություն տիրեց, միայն քամին էր չարաճճիորեն վազվզում արձանացած շարքերի միջով ՝ փռփռացնելով ալ թիկնոցները և ծածանելով վեր պարզված դրոշները ։ Մռայլ դղրդոցով բացվեցին Ալեզիայի դարպասները, ու երբ արձակ մազերով կանանց ուղեկցությամբ երևաց Վերցինգետորիգոսը ՝ հեծած մոխրագույն ձին ու ամբողջովին զինավառ, բանակը մեկ մարդու նման ճոճեց զենքերն ու որոտաց.