ճամբարից, տեսնելով այդ, ետ քաշվեց։ Շատ չանցած Վերցինգետորիգոսի ահռելի
բանակը սփռվեց հարթավայրի վրա և սկսեց խուճապահար փախչել։ Ամայի
դաշտում պատսպարվելու տեղ չկար, և հռոմեացիք թրատում էին նրանց։
Երեկոյան, երբ զոհվածների դիակներն ու առգրավված զենքերը Լույայի պատվին
այրելուց հետո հռոմեական բանակը ճամբար էր դրել Ալեզիայի պարիսպների տակ,
ուր ապաստանել էր Վերցինգետորիգոսը, օձակիրներ եկան Հռոմից, լուր բերելով, թե
սենատը ցրում է Կեսարի լեգեոնները, իսկ նրան, որպես հայրենիքի դավաճանի,
որոշել է հանձնել թշնամուն։
Գլուխ յոթերորդ
Ճամբարն ալեկոծվել ու փոթորկուն ծով էր հիշեցնում։ Քուն ու հանգիստ մոռացած
զինվորները խմբվում էին մերթ մեկ, մերթ մյուս զորապետի վրանի մոտ՝ սպասելով,
թե ինչ կասեն իրենց։ Նրանց վերքերը դեռ չէին ապաքինվել, արյան բծեր կային
նրանց դեմքին, զրահները ծռմռված էին հարվածներից, իսկ աչքերում վրեժի ծարավ
էր, որպիսին ունենում է որդին անարգված հոր համար։
— Դավաճանը Կատո՛նն է,— կանչում էին նրանք։— Այդ նա՛ է խառնում սենատը և
քվիրիտներին հրահրում միմյանց դեմ։
Նրանք ի վերջո գնացին գումակի կողմը և սայլերը բեմ ծառայեցնելով՝ բողոքում էին
սենատի որոշման դեմ, կոչ անում ինքնակամ չհեռանալ՝ գտնելով, որ
դավաճանություն է՝ լքել արնաքամությունից ուժասպառված իմպերատորին, ում
քաջության շնորհիվ միայն իրենք չկոտորվեցին մարտում։ Ոմանք պահանջում էին
առաջնորդել իրենց Հռոմ՝ վրեժխնդիր լինելու բոլոր այն փափկասուն
սենատորներից, որոնք միայն պառկած ուտել գիտեն, ոչինչ չեն անում
հանրապետության համար և ատում են իսկական հայրենասերներին։ Նրանք
մտաբերում էին այլ դեպքեր, երբ սենատը նվաստացրել էր արժանավոր մարդկանց։
Ամենքն էին պաշտպանում կուսակալին, սակայն ո՛չ սիրաշահելու համար. այլոց
նման նա չէր խեղդում իրեն պերճանքի ու վայելքների մեջ և ռազմավարը չէր
կուտակում իր համար, այլ դրանք պահպանում էր որպես ընդհանուր ունեցվածք ու
պարգև զինվորական ծառայության համար, իրեն թողնելով միայն աչքի ընկածներին
պարգևներ բաշխելու իրավունքը։
Կրքերն առավելապես բորբոքվեցին այն բանից հետո, երբ գերիներից մեկը
խոստովանեց, թե Վերցինգետորիգոսը կաշառված է եղել որոշ սենատորների
կողմից։ Վրդովված զինվորները հորդեցին դեպի իմպերատորի վրանը և
պահանջեցին իրենց անհապաղ առաջնորդել Հռոմ։ Նրանք ոչինչ լսել չէին ուզում։
Լեգատները մի կերպ հանգստացրին նրանց՝ ասելով, որ իմպերատորն Անտոնիոսի
հետ գրություն է ուղարկել սենատին ու Պոմպեոսին, և հարկավոր է մի քանի օր
սպասել։
Արյունահեղությունից խուսափելու համար Կեսարն իր նամակներում
պատրաստակամություն էր հայտնել արձակել զորքը և ներկայանալ որպես
մասնավոր անձ, եթե սենատը Պոմպեոսին ևս պարտադրի վարվել նույն կերպ։ Իսկ
Պոմպեոսին առաջարկում էր հաշտվել հանուն Հուլիայի հիշատակի և հանդիպել
ցանկացած վայրում և ժամանակ։