Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | страница 209

բանակը թնդաց որոտընդոստ բացականչություններից, օգնական ուժերին հեծյալ խմբեր ընդառաջ գնացին ։
Կենտուրիոններից ոմանք առաջարկեցին զինել գումակի ստրուկներին, բայց Կեսարը դեմ եղավ, մահը գերադասելով նման անպատվությունից ։ Իսկ ոգևորված բարբարոսները վերստին մխրճվել էին կոհորտաների մեջ, հռոմեացիք սեղմվել էին ճամբարին և կաշկանդում էին միմյանց ։ Շարքերը խտացել էին այնքան, որ անհնար էր նիզակ շարժել ։ Դրությունը դառնում էր օրհասական ։ Տեսնելով, թե ինչպես են ետ քաշված շարքերը նեղում բժշկողներին, Կեսարը հրամայեց վիրավորներին տանել ճամբար, սուրհանդակների միջոցով լեգատներին հայտնեց, որ ինքն այլևս ոչ մի ազատ զինվոր չունի և թող նրանք սեղմվեն դեպի կենտրոն ։ Ու ձայնը բարձրացնելով, որ զինվորները լսեն իրեն, շարունակեց.
— Թող ամենքն իմանան, որ եթե մենք բարբարոսներին չջարդենք, քանի դեռ օգնական ջոկատները չեն միացել նրանց, չենք տեսնի այլևս արևածագը Ալբանոյի հողմահար սապատի վրա ։
Ու կրկին ձայնը իջեցնելով, մի տեսակ մռայլ, դարձավ կենտուրիոններին.— Տարա ՛ փ. այլ ելք չունենք ։
Փողեր հնչեցին, սկզբում երկար, ապա ընդհատ-ընդհատ, իսկ երբ տասնյակ ու տասնյակ թմբուկների զարկերից հարթավայրը դողաց, լեգեոնները մեկ մարդու պես ետ քաշվեցին ու բանակների միջև հիսուն ոտնաչափ տարածություն առաջացավ ։ Ետին շարքերից ծանր նիզակավոր զինվորներ մղվեցին առաջ ու վազելով դեպի բարբարոսները ՝ զենքերը թափով շպրտեցին նրանց վրա ։ Հետո նույն կերպ վարվեցին մյուս կոհորտաները, և ամբողջ քառորդ ժամ նիզակների տարափը չէր դադարում ։ Վահանների ետևից ծիկրակող արվերներին անհասկանալի էր այս ամենի նպատակը, մինչդեռ սրերը մերկացրած հռոմեական մանիպուլներն անհամբեր դոփում էին տեղում, սպասելով իրենց ժամին ։ Տարափը վերջապես դադարեց, և նրանք ահեղ գոչյունով նետվեցին թշնամու վրա ։ Բարբարոսներն անկարող էին ձեռքում պահել նիզակահար վահանները և գցեցին դրանք ։ Հռոմեացիք դրան էին սպասում ։ Բանակի կեսը մնացել էր անզեն և նրանք հասկանում էին, որ եթե իրենց չհաջողվի խուճապի մատնել թշնամու զորագլուխը, կործանված են ։ Ու նրանք կռվում էին անսահման եռանդով ։ Նրանց համար դյուրին էր խոցել Վերցինգետորիգոսի անվահան զինվորներին, բայց նրանք չէին սպանում, այլ ջանում էին վիրավորել, որպեսզի սրանք, շուռ գալով, ոտնատակ տան մյուսներին ։ Նրանք դա անում էին այնպես արագ ու հմտորեն, որ հազիվ էին հասցնում սուրը դուրս քաշել հերթական զոհի մարմնից ։
Մահվան սպառնալիքից գլուխը կորցրած բարբարոսներն ընկրկեցին և խառնեցին շարքերը ։ Վահաններով պաշտպանված հռոմեական մանիպուլներն արագորեն խորացան նրանց դասավորությունների մեջ ։ Յուրայիններին կոխկրտելով ՝ բարբարոսները գրոհեցին սեփական բանակի վրա ։ Վահանակիր զինվորներին առաջին գիծ հասցնելու Վերցինգետորիգոսի ջանքերն արդյունք չտվեցին, քանի որ բոլոր ուղիները փակ էին ։ Իսկ հռոմեացիք, մոռացած և վերք, և հոգնածություն, միմյանց քաջալերելով նետվում էին թշնամու վրա ։ Նրանց հաջողվեց ետ շպրտել կենտրոնում կռվող հետևակ գնդերը և բարբարոսները սկսեցին նահանջել ։ Արքայագնդի հեծելազորը, որ նեղում էր Օպիոսին և ուր որ է նրան կկտրեր