— Այլ ելք չկա, Կեսա ՛ ր, թշնամին տասնապատիկ գերակշռում է մեզ,― խորհուրդ տվին կենտուրիոնները ։
Նա ոչինչ չպատասխանեց, մանիպուլները թողեց Ռուֆիոնին և կարգադրեց թշնամուց թաքուն դուրս բերել ճամբարի պաշտպաններին, դարպասների մոտ թողնելով քսանական զինվոր ։ Ու երբ օգնությունը եկավ, կռվին դեռ չմասնակցած վերջին կոհորտայի հետ նրանց ուղարկեց Օպիոսին օգնության, իսկ Պոլիոնին կարգադրեց ետ քաշվել և թույլ չտալ թշնամին կտրի իրեն ճամբարից ։ Գալով կենտրոն ՝ նա ձգվեց նժույգի վրա. վետերանները կռվում էին անձնուրաց, սակայն նոր հավաքագրած ջոկատների մեջ շփոթություն էր ընկել, ոմանք դադարել էին կռվել և թիկունքը թշնամուն դարձրած ՝ նահանջում էին ։ Նրա սիրտը մղկտաց, կոկորդը սեղմվեց, արյունը բաբախեց քունքերում, երբ նահանջողների գլխավերևում տեսավ իր զինանշանը ։ Նա ինքնամոռաց մտրակեց ձիուն, նժույգը մի քանի ամեհի ոստյունով հայտնվեց նահանջողների մեջ ։
— Ու ՞ ր, ճիվա ՛ ղ,— որոտաց Կեսարն ահեղորեն,— իմ դրոշը չի ՛ նահանջի, քանի դեռ ես չեմ մեռել ։
Նա սոսկումով թրատեց զինակրին, ապա, թռչելով ձիուց, ձեռքն առավ փետրափնջերով զարդարված զինանշանը և այն որպես նիզակ առաջ պարզած ՝ նահանջողներին հրմշտելով մղվեց դեպի թշնամին ։
— Ես այստեղ փառավոր մա ՛ հ կգտնեմ,— կանչում էր նա արյունով լեցուն աչքերով շուրջը նայելով,— իսկ դո ՛ ւք, հռոմեացինե ՛ ր, եթե ձեզ երբևիցե հարցնեն, թե որտե ՞ ղ դավաճանեցիք ձեր իմպերատորին, չմոռանաք ասել ՝ Ալեզիայի մոտ ։
Նա ջախջախեց առաջին պատահած բարբարոսի գլուխը ։ Զինանշանը ջարդվեց ։ Նա մերկացրեց սուրը և բոլորովին մոռացած պաշտպանության մասին ՝ թրատեց աջ ու ձախ ։ Բարբարոսները ճանաչեցին իմպերատորական նրա շքեղ ասպազենը և նրա վրա հարձակվում էին մեծ խմբերով ։ Նա ճարպկությամբ ետ էր մղում անկասելի թվացող հարվածները, խույս էր տալիս մեծագույն վարպետությամբ ։ Նա սպանեց ևս երկու բարբարոսի, սրի հարվածից նրա սաղավարտի փոկը թուլացավ և այն կախ ընկավ կրծքին ։ Դա կատաղեցրեց նրան, և նա սոսկալի արագությամբ հարվածներ էր հասցնում իրեն մոտեցողներին ։ Սպանելով տասներկու հոգու ՝ նա ազատեց իրեն բարբարոսների խիտ օղակումից, բայց հեռվից արձակված մի տեգ վիրավորեց նրան ուսից ։ Նրա ձեռքը թուլացավ, հաջորդ հարվածից զրահը պատռվեց կրծքի վրա ։
Իմպերատորին սպառնացող վտանգը սթափեցրեց լեգեոներներին, և նրանք շտապեցին օգնության ։ Լուրը հասավ վետերաններին, ու սրանք հակառակորդի շարքերը խառնելով ՝ ինչպես փիղն է տրորում մացառները, հաշված վայրկյաններում հայտնվեցին զորավարի կողքին ։ Հակահարձակումը ոգևորվեց հռոմեացիներին, ճակատային գիծն ուղղվեց, որոշ հատվածներում նույնիսկ հաջողվեց խորանալ թշնամու դիրքերի մեջ ։ Սա թեթևացրեց թևերի վիճակը, քանի որ Վերցինգետորիգոսը ստիպված էր լրացուցիչ ուժեր բերել կենտրոն ։
Երբ Կեսարը նորից հեծավ ձին, տեսավ, որ Ռուֆիոնը ճեղքել է շրջապատումը ։ Նա կենտրոնից երեք հարյուր զինվոր տրամադրեց Պոլիոնին և այդ պահին նկատեց, որ ճամբարը հսկող զինվորներն աշտարակների վրայից ինչ-որ բան են գոռում ՝ ձեռքերն արևելք պարզած ։ Նա ձգվեց և հարթավայրի վրա վեց հազարի հասնող բարբարոսական հետևակ տեսավ, որ նոր էր իջել լեռներից ։ Վերցինգետորիգոսի