Հռոմեացիք այնքան էին սպանել, որ արյուն էր կաթում նրանց սրերից, դաստակները բոսորագունվել էին, աչքերը լցվող քրտինքի առուները սրբելով ՝ նրանք արյունոտել էին դեմքը, ճակատը և նմանվում էին զոհաբերության շուրջպարի ելած քրմերի ։
Խրամատի մյուս կողմում գալարափողեր հնչեցին ։ Երբ Վերցինգետորիգոսը հասավ անկանոն կռվող ջոկատների թիկունքին, զորագլուխն արդեն նահանջում էր ։ Նա հավաքեց ցիրուցան հեծյալ վաշտերը, իսկ ստրուկներին մահվան սպառնալիքով ստիպեց ուղի բացել բանակի համար ։ Սրանք ետ դարձան և տեգերի ու նետերի տարափի տակ խրամատը լցրին հողով, կառքերից ու դիակներից բուրգեր սարքեցին այստեղ-այնտեղ ։ Փողերը հնչեցին ավելի հուժկու, երկիրը դողաց համաչափ քայլերից, և բազմահազարանոց բանակի հետ բուրգերի ետևում երևաց Վերցինգետորիգոսը ՝ ամեհի ՝ որպես աստվածների դեմ պատերազմող գիգանտ ։ Նիզակավոր հետևակին, որ եկել էր իր հետ, նա ուղղեց կենտրոն, ուր Կեսարն էր, թեթևազեն գնդերը շարեց թիկունքում, արքայագնդի հեծյալները պաշտպանեցին զորաշարքի կողմերը ։ Կռիվը վերսկսվեց ահագնացած կատաղությամբ ։ Հեծելազորերը խելահեղ հողմերի նման բախվեցին միմյանց, հետևակ գնդերը սպանում էին իրար, պարսավորները կավե ու արճճե արկերի տարափ էին տեղում, իսկ ստրուկները քարեր էին հանում նրանց համար հողի միջից ։ Զենքերի բախյունը, նժույգների խրխինջը, փողերի ազդականչերը, մեռնողների հոգեվարքը, վիրավորների սրտամորմոք կանչերը խլացնում էին զորապետերի հրամանները ։ Ռազմի գիծը գալարվում էր ամեհի օձի պես ։ Կռվողները սայթաքում էին արյան լճակների մեջ, ընկածները շարունակում էին խոցել միմյանց, անզենները խեղդում էին իրար, ատամներով կոկորդ պոկում ։ Իսկ գետնատարած վիրավորները, անկարող այլևս ոտքի կանգնել, դաշույնով պատառոտում էին կռվողների սրունքները ։
Լեգեոնների աջ թևում, որ Օպիոսն էր, հռոմեացիների շարքերը խախտվել էին ։ Վերցինգետորիգոսն անմիջապես թեթևազեններից հազար զինվոր փոխադրեց այնտեղ ։ Կեսարը դեռ չէր որոշել իր անելիքը, երբ լուր բերին Ռուֆիոնից, որ ձախ թևում հեծելագունդը չի դիմանում ճնշմանը և ուր որ է կշրջապատվի ։ Լեգեոնների երկրորդ շարքից մեկ կոհորտա ուղարկելով Ռուֆիոնին օգնության ՝ Կեսարը չորս մանիպուլների հետ շտապեց աջ թևը, ուր Վերցինգետորիգոսի ուղարկած լրացուցիչ ուժերը շարքերը սեղմել էին ճամբարին ։ Վերցինգետորիգոսը գերման հեծյալների նոր ջոկատներ ուղարկեց Ռուֆիոնի դեմ, նպատակ ունենալով փախուստի մատնել նրան և հետևակը կտրել ճամբարից ։ Կեսարը ստիպված էր չհոգալ այլևս աջ թևի մասին և մանիպուլներն արագ երթով տարավ Ռուֆիոնին օգնության ։ Հակառակորդի թիկունքում բարձրացած փոշու ամպից Վերցինգետորիգոսը կռահեց իմպերատորի մտադրությունը և թողնելով շրջապատվածներին ՝ հեծյալ զորամասերն ընթացքից դարձրեց դեպի մյուս թևը ։ Կեսարը դեռ Ռուֆիոնի դիրքերին չէր հասել, երբ քրտինքի մեջ կորած բանբերը հաղորդեց, թե ճնշումն ահագնանում է ու եթե Օպիոսն անհապաղ օգնություն չստանա, պարտությունից խուսափել չի լինի ։ Օգնության խնդրանքով եկավ նաև Պոլիոնի բանբերը ։
Կեսարը մոլորվեց, նա ընդամենը մեկ ազատ կոհորտա ուներ, իսկ թիկունքը թուլացնել չէր կարող ։
— Քաշվենք ճամբար,— աղաղակեցին զինվորները տագնապած ։