եկան նժույգների ետևից ։ Քչերը հասան ճակատային գիծ, և բազմափորձ վետերանները, շարքերը խտացնելով, երկար նիզակով ծակծկեցին նժույգների ռունգերը ։ Վիրավոր անասունները ծառս էին լինում աղերսալի վրնջյունով, բայց չդադարող հորձանքը անդիմադրելի ուժով նրանց սեղմում էր նիզակների անտառին ։ Կառքերը բախվում էին միմյանց ու կատապուլտներից արձակված արկերի նման կառավարներին նետում հռոմեացիների վրա. նրանց սպանում էին օդում ։
Մարտակարգերի սրածայր մանգաղները փողոտում էին վայր ընկածներին, ու հռոմեացիք արյամբ չողողվելու համար դեմքը թաքցնում էին վահանի ետևում ։
Թավալվող ձիերով ու ջախջախված կառքերով ծածկված խրամատն անձեռակերտ ու խճճուն բարիկադի էր վերածվել ։ Հռոմեացիք շշմել էին հաջողությունից. կռիվը դեռ չէր սկսվել, իսկ բարբարոսները նրանց աչքի առաջ ահռելի կորուստներ էին ունենում ։ Նրանք զենքերը ճոճելով փառաբանում էին Կեսարին, ապա ամոթանք տվեցին միմյանց երկնչելու և խրամատ փորելուց հրաժարվելու համար ։
Մարտակառքերի հոսքը դեռ չէր դադարել, երբ բարիկադի մյուս կողմում սևին տվեց գերմանական ծանրազեն հեծելազորը, որ Վերցինգետորիգոսին աջակցելու էր եկել մերձհռենոսյան թավուտներից ։ Նրանք անթիվ էին աստղերի պես ։
« Միայն թե չսպասեն հետևակին, օ ՜, սո ՛ ւրբ Վեներա, միայն թե չսպասեն »,— մրմնջում էր Կեսարը ՝ լարված հայացքով հեծյալներին նայելով ։ Ու երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր աստվածներին, երբ, բարիկադին հասնելուն պես, բարբարոսները գրոհեցին ռազմագծի ողջ երկարությամբ ։ Հռոմեացիք պատրաստ էին դրան. զորագլխի մանիպուլներն ակնթարթորեն նետվեցին առաջ և հեծյալներին դիմավորեցին խրամատի վրա, ուր սոսկալի նեղվածք էր և նժույգները կաշկանդում էին միմյանց ։ Զենքերը շաչեցին, երիվարները ծառս եղան, բայց վիրավորների աղաղակ չկար և մեռնողների հոգեվարք. նիզակավոր լեգեոներները հեծյալներին թույլ չէին տալիս մոտենալ իրենց, բայց և իրենք անկարող էին ծակել նրանց ամուր զրահները ։ Հռոմեացիք ամբողջ ուժով հարվածում էին հեծյալների կրծքին, ջանալով վայր գցել նրանց ձիերից, իսկ հեծյալները փորձում էին ծանր սրերով ջարդել նրանց նիզակները ։ Մի անարյուն և անզոհ կռիվ էր դա, և նրանք անօգնական պտտվում էին միմյանց շուրջ ։ Կեսարը սուրհանդակներ ուղարկեց բոլոր լեգատներին ։ Փողեր հնչեցին, զորագլուխը հանկարծ դադարեց կռվել ու նահանջեց ։ Թարմ ուժեր հորդեցին առաջ և փոքր խմբեր կազմելով ՝ բոլոր կողմերից ծածկվեցին վահաններով ու մտան հակառակորդի շարքերի մեջ ։ Սա կատարվեց այնպես արագ, որ բարբարոսները չհասցրին գոնե մեկ քայլ առաջանալ ։
Նրանք ծակծկում էին հեծյալների անպաշտպան սրունքները, պատռում էին նժույգների փորը և տապալում գետին ։ Վայնասուն բարձրացավ, ցավի ու զայրույթի ականջ ծակող մռնչոց ։ Հեծելազորը թպրտաց ծուղակն ընկած գազանի նման, փորձեց նահանջել, բայց թիկունքից սեղմում էին նրանց ։ Նրանք անխնա թրատում էին նժույգներին, ու երիվարներից արյուն էր ծորում առատ շիթերով ։ Ոտքերից խոցված ՝ նրանք վայր էին ընկնում և փորձում նահանջել սողալով ։ Բայց նրանց վիճակված չէր փրկվել, քանի որ այդ միջոցին խրամատ հասավ ստրուկների խուռներամ բազմությունը և լավայի պես ներծծվելով կռվողների մեջ ՝ խցանեց բոլոր ուղիները ։ Սրանք զինված էին եռաժանիով, մահակներով, թրերով, շատերը ոչինչ չունեին ու քար, հող, կառքի բեկորներ էին շպրտում հռոմեացիների վրա ։ Ստրուկները վարժ չէին կռվի մեջ, և լեգեոներները նրանց կոտորում էին մեծագույն վարպետությամբ ։