— Քառորդ ժամից այստեղ կլինեն,— ասաց Ռուֆիոնը ՝ շունչը տեղը բերելով ու շուրջը նայելով. շրջապատում որևէ ամրություն չկար, իսկ անտառածածկ լեռները հեռու էին ։
— Ա ՛ յ, թե կռիվ է լինելու,— Օպիոսը շոյեց սրի բռնակը ։— Երդվում եմ Արեսով ՝ այսպիսի մեծաքանակ զորք չեմ տեսել երբևէ ։
— Ծանր է լինելու մեզ համար,— Ռուֆիոնը նրան չէր լսում,— չհաջողեցրինք հանկարծակի բերել նրանց ։
— Ծանրն անփառունակ մահն է, որ վրա է հասնում գինետանը կամ գալիս է դավադիր դաշույնից,— խոսեց Կեսարը ՝ հայացքը չկտրելով բարբարոսներից ։— Սակայն բավ է տանջենք մեզ անուրախ խոհերով ։ Նայե ՛ ք հապա, մի ՞ թե տարօրինակ ոչինչ չեք տեսնում ։
Զորապետերն ուշադիր նայեցին մոտեցող բանակի ուղղությամբ ։
— Մի ՞ թե այդպես են արշավում,— բացականչեցին նրանք,— հեծելազորն անջատվել ու գալիս է խելակորույս ՝ ասես հալածում են նրան կամ ուզում է անցնել մարտակառքերից ։ Իսկ խայտաբղետ զանգվածը, որ վազում է նրանց ետևից, քիչ է նման բանակի ։
— Ֆորտունան ժպտում է մեզ,— Կեսարը հայացքը բերեց աշտարակ,— և մնացյալը մեր բազկի զորությունից է կախված ։
Ապա նա Ռուֆիոնին կարգադրեց հետևել, որպեսզի ոչ ոք չմոտենա ձիերին և փախչելու փորձ չանի, ու դառնալով մյուս զորապետերին ՝ ասաց, որ մարտակառքերի դեմն առնելու համար հարկավոր է խրամատ փորել ճամբարի երկարությամբ ։
Բայց զինվորները, որ չունեին իմպերատորի լավատեսությունը և անկանոն դես ու դեն էին վազվզում ՝ հրաժարվեցին դուրս գալ ճամբարից ։ Կեսարը չբռնացավ նրանց վրա, անխոս իջավ աշտարակից և արգելապատնեշից հեռանալով երկու հարյուր քայլ ՝ անշտապ փորեց հողը ։ Դավադիր ներքին մի ձայն նրան հուշում էր փախչել մերձավորների հետ ու փրկվել ։ Նա խլացրեց այդ ձայնը, բայց ո ՛ չ այն բանի համար, որ անզորք մնալը ծանր էր մեռնելուց. նա չէր կարող դավաճանել իր զինվորներին, որոնց սիրում էր հարազատի պես և որոնց փրկությունն այժմ մեծապես իրենից էր կախված ։ Կուրիոնի ինքնասպան եղած ջոկատը պատկերացավ նրա հայացքի դեմ, կոկորդը սեղմվեց վրեժխնդրության հանկարծահաս մոլուցքից, և շուրջը նայելով ՝ տեսավ, թե ինչպես են զինվորներն ամոթահար դուրս գալիս ճամբարից ։
Երբ խրամատը պատրաստ էր երեք հարյուր նետաձիգ թողնելով ամեն դարպասի մոտ ՝ Կեսարը բանակը շարեց ճամբարի ու խրամատի միջև ։ Տասներորդ լեգեոնը նա թողեց կենտրոնում ՝ անմիջապես ճամբարի գլխավոր մուտքի դիմաց, մեկական լեգեոն կանգնեցրեց թևերում, մյուս լեգեոններից երկրորդ շարք կազմեց ։ Հեծելազորը, երկատվելով, եզերեց դասավորությունը ։
Նոր էր հռոմեական բանակն ավարտել զորաշարժը, երբ խրամատի մյուս կողմում երևացին մանգաղակիր կառքերը ։ Թշնամու մոտիկությունից գրգռված կառավարներն անխնա մտրակեցին քրտինքի մեջ կորած նժույգներին, մեխ խրեցին դրանց մարմնի մեջ, ու երիվարները խելահեղ սլացքով ցատկեցին բացվածքի վրայով ։ Հողաթմբին զարնվելով ՝ անիվները դուրս թռան սռնիներից, և փշրված կառքերը քարշ