Երբ կարգի բերած ջոկատների հետ Վերցինգետորիգոսը հասավ առաջ ընկած
գնդերի թիկունքին, զորագլուխը, որ վաղուց արդեն կռվում էր հռոմեացիների դեմ,
նահանջում էր...
Աստղակաթի հետ Կեսարը ելավ շուրջայցի։ Նոր սկսվող օրը չէր հասցրել ջերմանալ,
և նա լանջազրահի վրայից վերարկու էր կրում։ Ափրոկլեսը լուռ հետևում էր նրան։
Բանակը սկսում էր արթնանալ։ Գումակում խարույկներ էին վառվում, և մեգանման
ծուխը տարածվում էր վրանների վրա։ Աջ կողմից, ուր նժույգներն էին, անհանգիստ
վրնջյուն էր լսվում։
— Ձիերն անհանգիստ են,— ասաց Ափրոկլեսը։— Երդվում եմ Զևսով՝ բարբարոսները
հեռու չեն։
Ճամբարն եզերող ցանկապատի մոտ գիշերապահ զինվորներ էին խմբվել և
բարձրաձայն վիճում էին։ Իմպերատորին տեսնելով՝ նրանք ձգվեցին ու ողջունեցին։
Տեղեկանալով, որ զինվորները վիճում են մահվան կանխագուշակելիության մասին,
Կեսարը թույլ ժպտաց, բայց ոչինչ չասաց։ Իսկ երբ բավականին հեռացան, նա
հանկարծ խոսեց, այնքան ցածր, որ միայն Ափրոկլեսը լսեր իրեն։
— Մի հիմար զգացում հանգիստ չի տալիս ինձ, Ափրոկլե՛ս, թե մեռնելու եմ
դաշույնից։ Չգիտեմ ինչն է դրդում այդպես մտածել, բայց ահա չորս ամիս այդ միտքը
չի լքում ինձ և երբեմն թիկունքիս զգում եմ շեղբի սառնությունը։
Ափրոկլեսը չարձագանքեց. նա ականջ էր դնում հեռվից եկող ինչ-որ ձայների։
— Գուցե բարին դա՞ է,— շարունակեց իմպերատորը։— Պատկերացնո՞ւմ ես,
Ափրոկլե՛ս, Գայոս Կեսարին որպես զառամյալ ու անօգնական մի ծերունի, որն
անկարող է նույնիսկ իր պետքերը հոգալ։ Սարսափելի է։ Բայց իմ թշնամիներն
այնքան անզոր չեն, որ թույլ տան խայտառակվեմ այդպես։
Ճամբարն աստիճանաբար աշխուժանում էր, կաթսայիկները չքչքացնելով՝
զինվորները գնում էին նախաճաշի։ Պատնեշից այն կողմ թափառական շներ էին
ոռնում։ Անտառածածկ սարերի վրա հուրհրում էր այգաբացի վարդագույնը,
աղջամուղջն անէանում էր գոլ ջրի մեջ գցված սառույցի կտորի պես։
— Իմպերատո՛ր, բանակ եմ տեսնում։
Կեսարը ցնցվեց գիշերապահի ձայնից, փութով ելավ աշտարակի վրա և զինվորի
մատնանշած ուղղությամբ նայելով՝ ճամբարից մեկ-երկու մղոն հեռու սև ինչ-որ
զանգված տեսավ։ Տեսողությունը լարելով՝ նա մռայլ այդ ֆոնի վրա մարտակառքեր
ու հեծյալներ նշմարեց, ապա, երբ այն ավելի մոտեցավ, անկանոն վազող հետևակ
նկատեց։
Այգաբացի վարդագույնից փայփլող տասնյակ հազար արծաթապատ զենքերը,
մարտակառքերի ոսկե զարդերն ու հեծյալների անագապղնձե զրահները
սարսափեցրին պատնեշին ելած հռոմեացիներին, հետո ամեհի դղիրդ հասավ
նրանց, և գետինը երերաց։ Նրանք երկյուղածությամբ նայում էին արագորեն
մոտեցող հեղեղին, որը մեկ ակնթարթում կսրբեր ճամբարը երկրի երեսից։ Նրանց
տագնապած հայացքներն ուղղվեցին դեպի իմպերատորը, իսկ նա ոսոխին նայում էր
այնպես անվրդով, ասես եկողները դաշնակիցներ էին։
Վազքով եկան լեգատները։