Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 203

— Անիծյալնե ՛ ր,— Վերցինգետորիգոսը վերջապես հասկացավ խառնաշփոթի պատճառը և արտաբերեց ՝ ատամները կրճտացնելով,— ազատությա ՞ ն են ձգտում ։ Բոլորին կգլխատեմ, բոլորին, եթե բաց թողնեն Կեսարին ։
Նա դուրս եկավ վրանից ։ Նախարշալուսային մուժի մեջ նա ծառս եղած նժույգներ նշմարեց, շուրջը ճիչ էր, սոսկալի իրարանցում և փոշի ՝ ասես ճամբարն անսպասելի հարձակման էր ենթարկվել ։ Ծառան մոտ բերեց ձին ։ Վերցինգետորիգոսը ճարպիկ շարժումով հայտնվեց նժույգի մեջքին ։ Այդ պահին նրա մոտ հայտնվեց եղբայրը ։
— Ինչպե ՞ ս թույլ տվեցիր այդ, Լակտերիո ՛ ս,— պոռթկաց նա հեծելազորի պետի վրա, սակայն նկատելով նրա ուսի արյունաթոր վերքը ՝ հասկացավ, որ եղբայրն արել է հնարավոր ամեն բան ։
Հռոմեացիներին նկատելով ՝ ռազմական գործին անտեղյակ ստրուկների երեսուն հազարանոց զորամասը մոտալուտ ազատության տենչով բռնկված ՝ առանց հրամանի նետվել էր առաջ ։ Բելգերի ու հելվետների ջոկատները կարծելով, թե ստրուկները կատարում են արքայի հրամանը, հետևել էին նրանց ։ Ապա ճամբարից ելել էին հեծելազորը, կառավարները, և միայն արքայագունդն էր տեղյակ, որ հարձակման հրաման չի եղել ։
Հարձակման « լուրն » արդեն հասել էր ճամբարի հակադիր թև, ու հետևակ վաշտերը սրերն օդում ճոճելով ու միմյանց խանգարելով ՝ հորդում էին բոլոր ելքերից ։ Ասպարակիր հրամանատարները խռպոտել էին գոռալուց, անխնա մտրակում էին աջ ու ձախ, բայց համատարած ժխորի մեջ նրանց չէին լսում, և հետևակին թվում էր, թե հրամանատարները շտապեցնում են իրենց ։
Նժույգի բարձունքից Վերցինգետորիգոսը նկատեց, որ հեծելազորն ու մարտակառքերը հեռացել են մեկուկես-երկու մղոնի չափ և ուր որ է կհասնեն հռոմեացիների ճամբարին. նրանց ետևից վազող ստրուկների հսկա զանգվածը սևին էր տալիս ոլոր գետի պես ։
— Ոչինչ այլևս չի կանգնեցնի նրանց, արքա ՛։— Լակտերիոսն էր ։
Վերցինգետորիգոսը մռնչաց վիրավոր առյուծի նման, նժույգը ծառս եղավ նրա տակ ։ Եվ նոր միայն նկատելով, որ եղբայրը հազիվ է մնում ոտքի վրա, կարգադրեց.
— Մնա ՛ գումակի մոտ ։
Նրանց մոտով անհեծյալ նժույգներ էին սուրում, գետնատարած մարմիններ էին նրանց ոտքերի տակ, իսկ աղմուկն ուժգին էր ՝ խելագարեցնելու չափ ։
Փողեր հնչեցին ։ Արքայագունդը հավաքվեց Վերցինգետորիգոսի մոտ ։ Մյուս զինվորները նկատելով թագավորին ՝ հանդարտվեցին ։ Բայց սոսկալի աղմուկի մեջ բոլորը չէ, որ լսել էին փողկանչը և շարունակում էին միմյանց ոտնատակելով դուրս գալ ճամբարից, կարծելով, թե արքան վաղուց կռվի է բռնվել և հիմա գուցե իրենց օգնությանն է սպասում ։
Նորից փողեր հնչեցին, ահարկու և երկար, բայց քանի որ հրմշտոցին վերջ չկար, իսկ նորանոր ջոկատներ էին ցրվում հարթավայրի վրա, Վերցինգետորիգոսը իրեն սպասող չորս հազար հեծյալների հետ ելավ ճամբարից և հասնելով անկանոն վազող հետևակին ՝ կանգնեցրեց նրանց ։ Մյուսներին հասնել այլևս հնարավոր չէր ։