Երեք օր անց լեգեոներներն աշտարակներից մեկի վրա մի նետ նկատեցին, որին ինչոր բան էր ամրացված ։ Վար բերելով այն, նրանք խնամքով թաքցված գրություն գտան, և ճանաչելով իմպերատորի զինանշանը ՝ աներևակայելի ուրախություն համակեց նրանց ։ Նրանք բոլորը, հիվանդ, թե առողջ, պարում էին, համբուրում միմյանց, ողջագուրվում, շատերն արտասվում էին և իմպերատորի գրությունը քսում աչքերին ։
Հաջորդ օրը բարբարոսները դադարեցրին պաշարումը և արագ երթով ընդառաջ գնացին Կեսարին ։ Արվերների անհամար բանակը տեսնելով ՝ Կեսարը նահանջեց, մինչև հասավ այնպիսի մի վայր, ուր կարելի էր պաշտպանվել թշնամու գերակշիռ ուժերից, և ճամբար դրեց ։ Նա կարգադրեց հնարավորին չափ փոքր կառուցել այն, որպեսզի դա ոգևորեր բարբարոսներին ։ Հողապատնեշներ կանգնեցնելով և դարպասներ դնելով ՝ հռոմեացիք ձևացրին, իբր վախենում են թշնամուց, իսկ երբ բարբարոսները ոգևորվելով հակառակորդի սակավաթվությունից ՝ արհամարհանքով առաջ եկան ու հանդգնությամբ լցված ՝ հարձակվեցին առանց որևէ կարգուկանոնի, մի ակնթարթում դուրս հորդեցին բոլոր ելքերից և կայծակնային արտագրոհով փախուստի մատնեցին նրանց ու հալածելով ՝ կոտորեցին երեսուն հազար մարդու ։
Ապստամբներին նորանոր մարգեր էին միանում ։ Կեսարին զարմացնում էր և ապստամբության թափը, և մասնակիցների մեծաքանակությունը ։ Դժվար չէր կռահել, որ արվերները խռովությանը պատրաստվել էին ողջ ձմռան ընթացքում, երբ առատ ձյան պատճառով փակվել էին ճանապարհները և ամբողջ շրջաններ դուրս էին մնացել հսկողությունից ։ Նրանք զենքի ու պարենի պակաս չէին զգում, իրենց կողմն էին գրավել ամենից ռազմաշունչ ցեղերին, նրանց ամրոցներն ու բերդերն ամրացված էին, ջոկատներ էին կենտրոնացված դժվարանցանելի տեղանքներում, և քանի որ գետերը մասամբ դեռ սառած էին, անտառները ՝ ձյունապատ, հովիտները ՝ ջրածածկ, արահետները շատ տեղերում անհետացել էին ձյան հաստ քողի տակ, իսկ որոշ հատվածներ անանցանելի էին դարձել ճահիճների և վարարումների պատճառով ՝ նրանք իրենց ապահով էին զգում հռոմեացիների անսպասելի հարձակումներից ։
Ապստամբների ծրագրերն անհայտ էին Կեսարին, գիտեր միայն, որ նրանք հավաքվում են Գերգովիայում, որ նրանց գլխավորում է Վերցինգետորիգոսը, և որը, ազատություն խոստանալով, զինել էր նաև երեսուն հազար ստրուկների ։
Տագնապալի լուրեր սկսեցին հասնել նաև Հռոմից ։ Կատոնին հայտնի էր դարձել կումիցիայի ժամանակ ֆեցիալներին արհամարհելու փաստը և պատրաստվում էր սենատից պահանջել պատասխանատվության կանչել իրեն ։ Իսկ նորընտիր կոնսուլ Նեպոտը պահանջել էր ցրել գալլական լեգեոնները ։ Այս ամենն անսպասելի չէր բոլորովին, բայց նրան անհանգստացնում էր այն, որ մեծ թվով սենատորներ խոստացել էին աջակցել կոնսուլին ։ Անկանխատեսելի էր սենատի հաջորդ քայլը, և երկու վտանգների մեջ չհայտնվելու համար նա, այլևս ժամանակ չկորցնելով, արշավեց դեպի Գերգովիա ։ Ճանապարհին նրան միացավ Կոռնելիոս Սուլլան, որ երկու հազարանոց ջոկատով գալիս էր իսպանական սահմանից ։ Պակասեցնելով թիկունքում մնացած ձմեռանոցների կայազորը և բարբարոսներից զինվորագրելով նրանց, ովքեր հարուստ ավարի ակնկալումով ցանկություն հայտնեցին կռվել Վերցինգետորիգոսի դեմ, Կեսարն իր զինվորների թիվը հասցրեց քսան հազարի ։
Նա անցնում էր ամեհի հեղեղի պես, ամայացնելով ամեն ինչ, անխնա կոտորելով դիմադրողներին և իր բանակին միացնելով հանձնվողներին ։ Մի քանի օրում նա