չէր մնում ՝ ո ՛ չ հիվանդները, ո ՛ չ վիրավորները. վհատությունը լքում էր նրանց, երբ տեսնում էին, թե ինչպես է լեգեոնի հրամանատարը, գունատ ու վերքերից արյունաքամ, աշխատում իրենց հետ լուսաբացից մինչև ուշ գիշեր ։
Բարբարոսները նույնպես անգործ չէին մնում և եռանդով պատրաստվում էին վճռական հարձակման ։ Նրանք շարժական աշտարակներ էին կառուցում ու կարիճներ, ամբողջ օրը կրիա էին փորձարկում ։ Ճամբարից նրանց հետևող լեգեոնները զարմացել էին, քանի որ մինչ այդ բարբարոսները երբեք նման մեքենաներ ու մարտավարական հնարքներ չէին կիրառել ։ Մի անգամ սրատես մի զինվոր բացականչեց, թե բարբարոսների մեջ հռոմեական հագուստով ինչ-որ մարդիկ է տեսնում ։ Նրանք չհավատացին, բայց մի քանի օր անց, երբ արվերներն աշտարակները մոտեցրին ճամբարին, ամենքը նկատեցին թշնամու զինվորներին մարզող երեք-չորս հռոմեացիների ։
Պաշարման յոթերորդ օրը սաստիկ մրրիկ եղավ, քամին տապալում էր մարդկանց, տեղահան անում վրանները, փոշին հանում մինչև երկինք ։ Բարբարոսները կարծես դրան էին սպասում. նրանք պարսատիկներից կավե շիկացած գնդեր նետեցին ճամբարի վրա ։ Բարաքները, որ ծղոտե տանիքով էին, վայրկենապես բռնկվեցին ։ Քամին բորբոքում էր կրակը, տարածում այն զորանոցով մեկ ։ Հրդեհվեցին բոլոր կառույցները, այրվեց գումակը ՝ պարենի վերջին պաշարներով հանդերձ ։ Ու երբ զորակայանը ծածկվեց փոշու և ծխի անթափանց շղարշով, բարբարոսները ահեղ կանչերով ՝ ասես հաղթանակն արդեն ապահովված էր, առաջ հրեցին աշտարակները և սկսեցին պաշարվածներին նետահարել դրանց բոլոր հարկերից ։ Մի այլ տեղ նրանք կրիա էին կազմում և խանդակները լցնում հողով, ոմանք հասել էին արգելապատնեշին և երկար սանդուղք հենելով ՝ սպառնում էին խուժել ճամբար ։
Հռոմեացիք կռվում էին անձնուրաց, նրանց վրա բոլոր կողմերից արկեր էին տեղում, կրակն այրում էր նրանց ունեցվածքը, որ կուտակել էին երկար տարիներ, բայց ոչ ոք չէր լքում դիրքերը ։ Երկաթե կեռերով նրանք շուռ էին տալիս սանդուղքները, քարերով, որ նախապես հավաքել էին արգելապատնեշի մոտ, ջախջախում էին բոլոր նրանց, ովքեր անցել էին խրամատը ։ Երբ քամին դադարեց, նրանք, կատապուլտներից այրվող անձղակոթեր արձակելով ՝ հրդեհեցին աշտարակները, և բարբարոսները միմյանց ոտնատակ տալով ՝ բոլոր հարկերից թափվում էին ցած ։ Դրանից ոգևորվելով, նրանք քարշ տվին, բերին բարաքների այրվող գերաններն ու հեղյուսները և նետեցին հարձակվողների վրա ։ Մի սոսկալի աղմուկ բարձրացավ, մի սարսափելի իրարանցում. վառվող բարբարոսները աղեկտուր ճիչերով փորձում էին նահանջել, բայց ետին շարքերը խանգարում էին նրանց ։ Նրանք այնքան շատ էին ու այնքան խիտ, որ հռոմեացիք նրանց նետահարում էին առանց նշանառության ։
Հանկարծ Անտոնիոսը, որ կռվում էր արգելապատնեշի վրա, իջավ ու հայտնագործություն արածի ոգևորությամբ վազեց գումակի ուղղությամբ ։ Գումակում մի գալլ ստրուկ կար, որ գիտեր արվերների լեզուն և քաջածանոթ էր տեղանքին ։ Գտնելով ստրուկին ՝ ազատություն ու մեծ պարգև խոստանալով, Անտոնիոսը նրան համոզեց գրություն տանել Կեսարին ։ Նրան զգեստավորեցին արվերի նման, գրությունը խնամքով ամրացրին նիզակի ձողին և բարբարոսների հերթական գրոհի ժամանակ նրան արգելապատնեշից հրեցին ցած ։ Գալլն անվնաս վայրէջք կատարեց, մեկ րոպեի չափ ձևացրեց, թե կռվում է, ապա նահանջեց ու կորավ տեսադաշտից ։