նրանք գնացին դեպի մուտքը, բայց այն խցանված էր բոլորովին, և ճամբար մտան ավերված արգելապատնեշի վրայով ։
Թռչուններ էին թևածում դիակների վրա, չարագուշակ կռինչով ելնում էին վեր ՝ դժգոհ խանգարված խրախճանքի համար ։ Կիսայրված մարմիններ էին երևում ծխացող վրանների տակ, մեռնողների խուլ հառաչ էր լսվում, այլանդակված դեմքով վիրավորներ էին սողում նրանց կողմը ։ Իջնելով ձիերից և ճանաչելով նրանց ՝ նրանք շուրթերը կծոտեցին արյունոտելու աստիճան և դեմքերը թաքցրին միմյանցից ։
Զինվորական հանդերձանք էր շաղ տված անցուղիներում, աթոռակներ ու արշավային մահճակալներ էին ամենուր ։ Յուրայինների դիակներ քիչ էին պատահում, և նրանք տանջում էին իրենց ՝ հասկանալու համար առեղծվածը ։ Անցնելով ավերված տաղավարների ու ջարդոտված սայլերի վրայով ՝ նրանք հայտնվեցին պրետուարում [ 58 ] և քար լռությամբ գլուխներից առան սաղավարտները ։ Այն, ինչ տեսան նրանք, սոսկալի էր. պրետուարը ծածկված էր միմյանց վրա անկանոն թափված մի քանի հարյուր դիակներով ՝ բոլորը խոցված սրտից ։ Դրանք ճամբարի վերջին պաշտպաններն էին, որ գերությունից խուսափելով ՝ ինքնասպան էին եղել ։
Նրանք արձանացել ու մռայլված նայում էին զարհուրելի այդ տեսարանին ։ Արյան հոտով հագեցած քամին ծածանում էր նրանց թիկնոցները ։ Ծանր տնքոց լսվեց ։ Բոլորը վազեցին ձայնի ուղղությամբ ։ Կուրիոնն էր ։ Կեսարը ծնկի եկավ ձյունացեխի մեջ ու խոնարհվեց նրա վրա ։ Դժվարությամբ շնչելով ՝ Կուրիոնը մի պահ բացեց աչքերը, աղոտ հայացքով նայեց երկինք, ապա, ճանաչելով իմպերատորին, արտաբերեց հազիվ լսելի ձայնով.
— Մեռնողները ողջունում են քեզ, Կեսար ։ Եվ հոգին լքեց նրա թուլացած մարմինը ։ Հոգեցունց այս տեսարանից այլայլված ՝ Կեսարը դառը հեկեկաց...
Այդ նույն միջոցին Մարկոս Անտոնիոսի զորակայանը շրջապատված էր բարբարոսների հիսուն հազարանոց բանակով ։ Արվերները հայտնվել էին հանկարծակի, երբ լեգեոներների մի զգալի մասը սովորականի պես մերձակա անտառներում գերաններ էր կտրում ամրությունների համար ։ Շրջապատելով ու կոտորելով նրանց ՝ բարբարոսները հեղեղի պես հորդել էին անտառից և հարձակվել բանակատեղի վրա ։ Սակայն գրոհով այն գրավելու նրանց մտադրությունը չէր իրականացել, ու նրանք հռոմեացիների ճամբարը եզերել էին տասնհինգ ոտնաչափ լայնությամբ խոր խրամատով, և Անտոնիոսը ոչ մի կերպ չէր կարողանում լուր տալ իմպերատորին ։ Բարբարոսները որսում էին նրա բոլոր սուրհանդակներին և սարսափելի տանջանքների ենթարկում հռոմեացիների աչքի առաջ ։
Պաշարումն օրեցօր դառնում էր ծանր ու վտանգավոր, պարենի պակասություն էր զգացվում, մեծ էր վիրավորների ու հիվանդների թիվը ։ Երբեմն-երբեմն հակառակորդի դիրքերից զենքը հանձնելու պահանջներ էին հնչում, հայտնում էին, թե Կուրիոնի լեգեոնը ոչնչացված է, թե Կեսարի զորակայանները շրջապատված են, այնպես որ պաշարվածները թող ոչ մեկից օգնություն չսպասեն ։ Իսկ հռոմեացիք ուշք չդարձնելով նրանց վրա ՝ համառորեն ամրացնում էին ճամբարը, արգելապատնեշի վրա ատամներ էին կառուցում, խրամատներում սուր ցցեր էին քողարկում, աշտարակները ծածկում տախտակներով ու անկիզելի պատյանով ։ Ոչ ոք անմասն