չգիտեր ում հասներ օգնության, չգիտեր որտեղ են ապստամբների հիմնական ուժերը
և ով է ղեկավարում նրանց։
Գալլերի դեմ բազում պատերազմներում ունեցած հաջողությունները նա վերագրում
էր աստվածների ողորմածությանը, որ նրանք բարբարոսներին չոգեկոչեցին կռվել իր
դեմ մի քանի ճակատով, իսկ մի տեղում կուտակված թշնամական բանակը, որքան էլ
մեծաթիվ լիներ այն ու զենքերով հագեցած, սարսափելի չէր նրա համար։ Բայց ահա
բարձրյալները կարծես երես են թեքում իրենից. նախ նրանք պարտադրեցին իրեն
մասնատել բանակը և տեղաբաշխել միմյանցից բավականին հեռու, ապա
բարբարոսներին հրահրեցին իր դեմ։ Կատարվում էր այն, ինչից ինքը երկյուղում էր.
ոչ մեծ կայազորերն անկարող էին դիմագրավել թշնամու գերակշիռ ուժերին, իսկ
քանի որ խռովությունն ընդգրկել էր գրեթե բոլոր մարզերը, նրանք զրկված էին
միմյանց օգնելու հնարավորությունից։ Միայն իր և Պոլիոնի զորամիավորումներն
էին զերծ մնացել պաշարումից, իսկ Անտոնիոսի լեգեոնից ոչ մի լուր չուներ։ Նա
Պոլիոնին օգնության ուղարկեց Օպիոսին, իսկ ինքը, այն է, շարժվում էր դեպի
Գերգովիա, երբ եկավ Կուրիոնի բանբերը՝ ուժասպառ ու բզկտված, և լուր բերեց, որ
Նոր Կումի ճամբարը շրջապատված է բարբարոսների անհամար ուժերով ու եթե
անհապաղ օգնություն չհասնի, կկործանվի հիմնովին։ Ութ հարյուր հեծյալների հետ
Կեսարը սուրաց Կուրիոնին օգնության, իսկ Պոլիոնին կարգադրեց հետևակն արագ
երթով բերել իր ետևից։
Ճակատագրի որպիսի չար դիպված. երկու շաբաթ առաջ Կուրիոնն իր մոտ էր, և Նոր
Կումի կայազորն ուժեղացնելու համար ինքը նրան առաջարկեց ևս երկու կոհորտա
թրակիացիներից, այնինչ Կուրիոնը հրաժարվեց համոզելով, թե իր մոտ խաղաղ է և
խորհուրդ տվեց այդ ջոկատները տրամադրել Ռուֆիոնին, քանի որ հելվետները
վերստին ակտիվացել և կամենում էին պրովինցիայի վրայով անցնել Հռենոսի մյուս
ափը։
Նրանք անխնա մտրակում էին ձիերին, սրընթաց անցնում գյուղերի ու ավանների
միջով։ Ճանապարհները փոշով էին ծածկվում նրանց ետևից, և տներից
տագնապահար ելած բնակիչները չէին հասցնում հասկանալ այդ ինչ աղմուկ ու
որոտ էր։ Երեք ժամից նրանք փոխեցին նժույգներին և, մոռացած հնարավոր դարանի
մասին՝ սուրացին առանց շունչ առնելու։ Բայց ընթացքը նրանց թվում էր անտանելի
դանդաղ, և նրանք նյարդայնանում էին։ Իրիկնամուտին նրանք հասան լեռնանցքին
ու դադար չառնելով՝ սկսեցին վերելքը, որը տևեց մինչև լուսաբաց։
Երբ իջան լեռներից ու ամպամեգը մնաց թիկունքում, զմայլելի տեսարան բացվեց
նրանց առջև. ցողածածկ, անընդգրկելի հարթավայրը փայլում էր անաղարտ
ցոլքերով, ինչպես Արարումի յոթերորդ օրը։ Սակայն նրանց սիրտը փակ էր
հրապույրի համար, իսկ միտքը՝ բռնված ծանր խոհերով։ Նրանք հեռվից նշմարեցին
բանակատեղին և շրջակայքում բարբարոսներ չտեսան։ Ճամբարից ծուխ էր ելնում, և
կարծեցին արշավային վառարաններն են ծխում։ Բայց ավելի մոտենալով՝
դարպասները խորտակված գտան, խանդակները լի էին մարդկանց ու նժույգների
դիակներով։ Արգելապատնեշի երկայնքով բարբարոսների դիակների բուրգեր էին՝
խոցված նետերից ու նիզակներից, ջախջախված գանգով, դուրս թափված
փորոտիքով։ Կտրված ձեռքեր ու գլուխներ էին թափված նրանց ճանապարհին, և
արյան հոտից անհանգստացած նժույգները տենդորեն թափահարում էին գլուխները՝
լայն բացած ռունգերով թարմ օդ որոնելով։ Ներքին երկյուղածությամբ ու համրացած՝