Գլուխ հինգերորդ
Բանբերը հասկացավ, որ իր վերջին բառերը չեն հասել նրա գիտակցությանը և կրկնեց ՝ հուսալով, որ իր հաղորդածը փոքրիշատե կշեղի նրա միտքը ։
— Իմպերատո ՛ ր, ես չեմ կարող հաստատապես պնդել, բայց քաղաքում լուրեր են պտտվում, թե այդ ամենը պատահականություն չէր և որ թե ՛ հարձակումը Պոմպեոսի վրա, թե ՛ Հուլիային լուր հասցնելը ծրագրված էր ինչ-որ մարդկանց կողմից ։ Ես և ՛ ճանապարհին, և ՛ այստեղ ՝ Նարբոնում, երկար եմ խորհել այդ մասին. բավական հիմքեր կան կասկածելու, որ դա պատահականություն չէր ։
Կեսարի մռայլված հայացքը նայում էր բանբերի միջով, և նա կարծես չէր լսում ։ Նրա խոնավ աչքերում հանկարծ հույսի նշույլ փայլատակեց, և հարցրեց ՝ շնչակտրվելով.
— Դու ասացիր, որ Հուլիան ծննդաբերել է...
Իսկ զինվորը թույլ չտվեց նրան խոսքը շարունակել ու պատմեց, որ Լամիան [ 57 ] չորրորդ օրը տարել է մանկիկին ։
Գլուխ հինգերորդ
Որ Հուլիայի մահվանից հետո Մագնիան դյուրությամբ կընկներ Կատոնի որոգայթը, Կեսարը չէր կասկածում ։ Առճակատումն անխուսափելի էր, և նա տենդորեն պատրաստվում էր դրան ։ Թեև մտերիմներն անուրախ լուրեր չէին հաղորդում Հռոմից, նա կանխազգում էր, որ իր դեմ դավեր են նյութվում ։ Կարգի բերելով երկարատև ձմռան ընթացքում մարտունակությունը կորցրած բանակը ՝ նա դեսպաններ ուղարկեց Գերգովիա, Գեզորիակ, Նեմավրոս և այլուր ՝ գալլական ցեղերին ձեռնտու պայմաններով հարթելու հին վեճերը, ապա Կուրիոնի և Օպիոսի լեգեոնները հանելով ձմեռանոցներից ՝ Վիեննայի վրայով փոխադրեց Նոր Կում, ամենքի համար աննկատ ՝ նոսրացրեց բերդականների թիվը Աքվիտանիայում, ետ բերեց բատավների երկիրը գնացող հետախույզներին ։
Քաղաքը զարմանալիորեն խաղաղ էր, և նա ավելի էր զգուշանում ու հետզհետե համոզում իրեն, որ այդ լռությանը հանկարծահաս վտանգ է հաջորդելու ։ Իսկ երբ շատ չանցած ՝ Պոմպեոսը պահանջեց իր երկու լեգեոնները ՝ Հայաստան ուղարկելու պատրվակով, այլևս նրա մոտ կասկած չմնաց ։
Երբ նրան լուր բերին, որ Գերգովիայում արվերները ընդվզել են, լրջորեն չվերաբերվեց դրան և Օպիոսին երեք կոհորտա հետևակ ու վեց հարյուր հեծյալ տրամադրեց բարբարոսներին խաղաղեցնելու համար ։ Օպիոսն էլ, իմպերատորի նման կարծելով, թե գործ ունի ամենասովորական խռովության հետ հրաժարվեց մի կոհորտայից, ասելով, որ դրա կարիքն ավելի շատ կզգացվի Իտալիայի սահմանի վրա, որտեղից սպասվում էր վտանգը ։ Նոր էր Օպիոսը հեռացել Նոր Կումից, երբ սուրհանդակներ եկան պրովինցիայի զանազան ծագերից ՝ հայտնելով, որ գալլերն ամենուր զենքի են դիմել և որ սա խնամքով նախապատրաստված ապստամբության է նման ։ Կեսարը դեռևս զգուշանում էր, կարծելով, թե դա խորամանկորեն սարքված ծուղակ է և հանկարծակի բերելու համար կամենում են իրեն ստիպել հիմնական ուժերը հեռացնել Իտալիայի սահմանից ։ Իսկ լուրերը դառնում էին տագնապալի. Աքվիտանիայի կայազորը պաշարված էր, Նեմավրոսում ավերվել են ձմեռանոցները, Գեզորիակում բարբարոսները գրավել են երկու ամրոց և կոտորել բոլոր պաշտպաններին, Գերգովիայում սրի է քաշվել հռոմեացի խաղաղ բնակչությունը ։ Նա մոլորվել էր. անուրախ լուրերը հեղեղի պես գալիս էին ամեն կողմից, և նա