գորովանքով չի փարվի իրեն ։ Նա մտովի համբուրեց մոր ձեռքերը, ճակատը և նոր միայն մտաբերելով բանբերին ՝ խնդրեց մենակ թողնել իրեն ։
Զինվորը չենթարկվեց ։ Կեսարին բարկություն տիրեց և շրջվելով, շանթող հայացքով նայեց նրան ։ Իսկ զինվորը հանկարծ այլայլվեց, նրա շուրթերը դողացին և խզված ձայնով ասաց կոկորդը սեղմող արտասուքի միջից.
— Աստվածային Կեսար, ներիր ինձ, ես ոչ մի կերպ չէի ցանկանում գալ այստեղ և այդպես էլ կանեի, եթե Գնեոս Պիզոնը, որին կյանքով եմ պարտական, թախանձագին չխնդրեր ինձ այդ մասին ։ Օ ՜, ամենազոր աստվածներ, ինչո ՞ ւ պահապան եղաք ինձ և գայլերի բաժին չդարձրիք կամ չթույլատրեցիք արնախում բարբարոսներին սպանել ինձ ։ Թող պղծվեն շուրթերս, Կեսա ՛ ր, բայց ես գերադասեցի ստանձնել այս ծանր պարտականությունը, քանի որ, խորապես համակրելով քեզ, չէի կարող թույլ տալ, որ դու չարակամներից լսեիր այն ամենը, ինչ խնդրել են ինձ հաղորդել ։
Զինվորը սրբեց արցունքները և չհամարձակվելով նայել կուսակալի դեմքին ՝ շարունակեց.
— Այդ օրը սարսափելի հուզում եղավ քաղաքում. Կլոդիոսը իր մարդկանցով գրավեց Ֆորումը և սպանեց այնտեղ գտնվող երկու սենատորներին ։ Զայրացած ամբոխը հարձակվեց խռովարարների վրա, և նրանք թողեցին Ֆորումը ։ Կլոդիոսին սպանեցին Բոնա Դեայի տաճարի մոտ, այն նույն դիցուհու, որին նա պղծել էր ։ Նրա դիակն այրեցին, այդպես էլ փողոցներում չցուցադրելով նրա նախնիների պատկերները, առանց երգի, գովաբանության և արտասուքի ։ Ոչ ոք այդպես էլ չհասկացավ ՝ ինչ էր ուզում նա կյանքից ։ Այս սպանությունն առիթ եղավ մի շարք անկարգությունների ։ Պոմպեոսը, որ լիկտորների հետ վերադառնում էր Լավեռնայից և տեղյակ չէր Քաղաքում տիրող խառնաշփոթին, հարձակման ենթարկվեց ծպտյալ մի խմբի կողմից ։ Հարձակվողները չվնասեցին Պոմպեոսին, բայց վիրավորեցին նրա լիկտորներից մեկին, որը հոգին ավանդեց նրա ձեռքերի վրա ։ Պոմպեոսի հագուստը բոլորովին արյունոտ էր, և հանգրվանելով Ափրանիոսի մոտ ՝ ծառաներին կարգադրեց զգեստները ծածուկ տանել տուն և նորը բերել ։ Սակայն չար լեզուները հասցրել էին տեղեկացնել Հուլիային ընդհարումի մասին, և տեսնելով ՝ ինչպես են ստրուկները թաքուն ներս բերում ամուսնու արյունոտ շորերը, նրա մտքով անցել էր ամենավատթարագույնը, և հուզմունքից ծննդաբերել էր վաղաժամ ։ Երեք օր նա ուշքի չեկավ, և Պոմպեոսն այդ ողջ ընթացքում չէր հեռանում նրա մահճից ու լալիս էր դառնաձայն ։
Բանբերը լռեց ու թաշկինակով աչքերն էր սրբում ։
Կրծքից խոցված զինվորի նման երերալով ՝ Կեսարը հեռացավ լուսամուտից ու փլվեց աթոռին ։ Նրա հայացքի դեմը մթագնեց, զգաց, թե ինչպես են վերջին ուժերը լքում իրեն, և հուսահատ ետ ընկավ թիկնակին ։ Զարհուրելի մենակության զգացում համակեց նրան, և նա անզուսպ ցանկություն ունեցավ թողնել ամեն ինչ և գնալ Հռոմ ՝ փարվելու հարազատների շիրիմներին ու այլևս չվերադառնալ անիծյալ այս պրովինցիան. ո ՞ ւմ համար է ինքն այսուհետ ապրելու և հանուն ինչի ՞։ Այդպես կիսաանզգա նա մնաց մի քանի րոպե, իսկ երբ իրեն պարուրած մշուշն աստիճանաբար հալվեց, իր առջև տեսավ գլխահակ բանբերին ։
— Դու էլի ինչ-որ բան ասացի ՞ ր,— հարցրեց ու ինքն էլ չճանաչեց իր ձայնը ։