Գլուխ չորրորդ
մինչդեռ միայն իրեն է վայել հյուսիսի ժողովուրդներին հնազանդեցնողի բարձր պատիվը ։ Ահենոբարբի կարծիքով այդ գործն ամենից հաջող կանի Հռոմի ծաղրող ամբոխը. Սկիպիոնը խոստացավ վաղը ևեթ տեսնվել Ափրանիոսի հետ, իսկ կրտսեր Ֆուֆիդիան, որ գլուխ չուներ նրբին ու տևական գործերի հետ, բռունցքը զարկեց սեղանին ու գոչեց.
— Այդ սերը վերացնե ՛ լ է պետք, և վե ՛ րջ ։
Սենատորները սոսկումով նայեցին միմյանց, իսկ Բիբուլոսն օդն ափերով իրենից հեռացնելով ՝ արտաբերեց.
— Դաժա ՛ ն է, շա ՛ տ դաժան ։
Գլուխ չորրորդ
Բրիտանական արշավանքը սպասելիքները չարդարացրեց. այդ երկիրը բոլորովին հարուստ չէր ոսկու հանքերով, ինչպես կարծում էին հռոմեացիք ։ Բազում ամիսներ տևած մանրումեծ կռիվներից հետո բրետոններն ընդունեցին Հռոմի գերիշխանությունը և պարտավորվեցին կանոնավորապես հարկ վճարել գանձարանին ։ Մեկ լեգեոնի չափ կայազոր թողնելով այնտեղ ՝ Կեսարը վերադարձավ Գալլիա ։ Երաշտի պատճառով պրովինցիայում պարենի սակավություն էր, և բանակը սովի չմատնելու համար նա ստիպված էր մասնատել այն և տեղակայել տարբեր մարզերում ։ Հետո նա վերադարձավ Նարբոն ՝ նպատակ ունենալով զբաղվել պրովինցիայի գործերով ։ Բայց հազիվ էր ոտք դրել նստավայր, երբ քվեստորները զեկուցեցին, որ բանբեր է եկել Հռոմից և սպասում է իրեն արդեն երկու շաբաթ ։ Կարգադրեց նրան հրավիրել իր մոտ ։ Ներս մտավ տարեց մի զինվոր, որի դեմքը ծանոթ թվաց իրեն ։ Հետաքրքրվեց, թե որտեղ են պատահել միմյանց, իսկ բանբերը պատասխանեց, որ միասին կռվել են Միհրդատի դեմ ՝ Սմիռնայի մոտերքում ։ Զինվորի ձեռքին գրություն չկար, և սևեռուն նայելով նրան ՝ Կեսարը նրա աչքերի մեջ խորին տրտմություն տեսավ ։
— Համարձա ՛ կ,— քաջալերեց նա բանբերին, երբ սա սկսեց խոսել կցկտուր ու կմկմալով,— աչքերդ մատնում են քեզ. մահվան լուր ես բերել ։
— Աստվածային Կեսար...— Մա ՞ յրս ։ Բանբերը գլուխը կախեց ։
Կեսարին վայրկենական թուլություն համակեց, և նա շրջվեց դեպի լուսամուտը, որպեսզի զինվորը չտեսներ իր դեմքի ցավագին կծկումները ։
— Այդ երբ եղավ,— հարցրեց նա անճանաչելի ձայնով ։
Բանբերը շփոթմունքից հետզհետե ազատվելով ՝ պատմում էր Ավրելիայի մահվան ու թաղման մանրամասները և թե որքան է ինքը թափառել գալլերի երկրում, մինչև գտել է իմպերատորին, իսկ Կեսարը, արձանի պես անշարժ ու գունատ, ոչինչ չտեսնող հայացքը սառեցրել էր հեռուներում և կարծես չէր լսում նրան ։ Մայրը նրան ոչ մի կերպ չէր պատկերանում մեռած, և դժվարանում էր հավատալ, որ դադարել է բաբախել նրա ջերմ ու կարեկից սիրտը, և որ եթե վերադառնա, այլևս չի դիմավորի նա իրեն տան շեմքին ՝ այնքան հարազատ ժպիտը խորշոմածածկ դեմքին, ու