աստվածների համար, և այսօր Կաստորի, Սատուրնի, Յունիոսի տաճարները պաշարված էին զոհ մատուցելու եկած քվիրիտների [ 2 ] հոծ բազմությամբ ։ Եռօրյա ընդմիջումից հետո Պորկիևյան բազիլիկան վերստին թաղվել էր գործարար եռուզեռի մեջ. Աֆրիկայից, Սիկիլիայից, Հունաստանից եկած առևտրականներն այստեղ պայմանագրեր էին կնքում տեղի ստրկավաճառների ու արդյունաբերողների հետ ։ Բրոնզե քառաձի մարտակառքով պսակված Ֆուլվիոսի բազիլիկայում, որ հրապարակի մյուս թևում էր, երկարատև ընդմիջման ընթացքում կուտակված հարցերի քննման էր անցել կուրուալային դատարանը ։
Ֆորումը երկու կողմերից եզերող տաբերնաների առջև զվարթ աղմուկով առևտուր էին անում պլեբեյներն ու մեծահարուստների ստրուկները, ռոստրաների մոտ մունետիկները կարդում էին վերջին որոշումները. թևերը փռփռացնելով ու հավաքվածներին նրբափետուրներով ցողելով ՝ ցորենավաճառների կրպակների վրա անվերջ վերուվարում էր ձյունաճերմակ աղավնիների քաղցած երամը ։
Առանց հրմշտելու շարժվելն անհնարին էր, և բազմերանգ ամբոխի գլխավերևում օրորվող պերճաշուք պատգարակները նմանվում էին անհողմ օվկիանոսի վրա տարուբերվող առագաստանավերի ։ Տաբերնաների մոտ մուրացկան մի ծերունի բռնվել էր գողության մեջ, և երկու վիգիլ նրան քարշ էին տալիս մոտակա էրգաստուլ. խառնամբոխի մեջ երեխային կորցրած սիրունատես մի կին, անձայն արտասվելով, խելագարի պես դեսուդեն էր նետվում. սյունաշարի մոտ կոտրատվելով, թռվռում էին արձակ մազերով հետերաները ՝ առատաձեռն զուգընկեր ճարելու հույսով. ոսկեփայլ տաճարների տանիքներից սառն ու անտարբեր հայացքով այս ամենին հետևում էին քրոնոսածին [ 3 ] և անմահ աստվածների մարմարակերտ արձանները ։
Դժվարությամբ ճեղքելով հրապարակի վրա ալիքվող մարդկային խլրտուն ծովը ՝ սենատորի պատգարակն Արգիլետով թեքվեց դեպի Պալատինիում ։ Ճանապարհն անցնում էր Հին քաղաքի տարածքով, և փողոցներն այստեղ խիստ նեղ էին ՝ սալահատակված գրկաչափ քարերով ։ Երկու կողմից եզերված լինելով տների բարձր ետնապատերով ՝ դրանք արևի երես չէին տեսնում և իրենց մեջ զովություն էին պահում ամռան ամենատապ օրերին անգամ ։ Ի հակադրություն կենտրոնական փողոցների ՝ այստեղ լիակատար լռություն էր տիրում ։
Պալատինիումում մուտքը հսկող տապարակիր վիգիլներից զատ ուրիշ ոչ ոք չկար ։ Ներս անցնելով դարպասից ՝ սենատորի պատգարակը խորացավ նոճիների ու արմավենիների կանոնավոր շարքերով զարդարված ընդարձակ պարտեզի մեջ և կանգ առավ ալեբաստրե սյուներով երկհարկանի, կամազարդ շենքի մոտ ։ Ընդառաջ եկած դռնապահ ստրուկը խոր գլուխ տվեց սենատորին ու, փայտյա սանդալներով մարմարածածկ հատակին չքչքացնելով, ուղեկցեց դիկտատորի մոտ ։
Սուլլան տուբիլինում չէր ։ Մումերկոսը սպասավորից տեղեկացավ, որ դիկտատորը դուրս է եկել Պերգամոնից ժամանած երկու օձակիրների [ 4 ] հետ, որոնք լուր են բերել, թե Արշակի մահվան լուրն առնելով ՝ հայոց Տիգրան թագավորը ներխուժել է Պարթևստան, ավերել Էկբատան արքայանիստ ամրոցը և սպասում է օժանդակ ջոկատների ՝ Տիզբոնի վրա հարձակվելու համար ։
« Գուցե ոչինչ էլ չկա ՞,— մտածեց Մումերկոսը,— և նա ինձ հրավիրել է խորհրդակցությա ՞ ն ։ Բայց ինչո ՞ ւ միայն ինձ,— նա ակամա շուրջը նայեց,— և դա այն