Մասն առաջին
Գլուխ առաջին
Սենատոր Մումերկոս Էմիլիոսը ճանապարհին անվերջ մտածում էր, թե ինչը կարող
էր լինել Սուլլայի շտապ հրավերի պատճառը։ Առավոտյան ինքը եղել էր
դիկտատորի մոտ, նախաճաշել էին միասին, և նա իրեն ոչինչ չէր ասել։ Նշանակում
է՝ անցած հինգ ժամում կատարվել էր չնախատեսված մի բան, արտակարգ մի դեպք,
որ Սուլլան չի համբերել մինչև սենատի վաղվա նիստը և բանբեր է ուղարկել իր
հետևից։
Մետաքսե փափուկ բարձերին ընկողմանած՝ նա պատգարակի կիսաբաց
վարագույրի հետևից նայում էր դանդաղ ետ գնացող մարդաշատ փողոցին։ Նրա
դեմքն արտաքուստ խաղաղ էր, հայացքի մեջ ան հանգստության ոչ մի նշույլ չկար,
այնպես որ, նայողին կթվար, թե Հռոմի քաղաքային ոստիկանապետը հրավիրված է
խնջույքի կամ վերադառնում է հասարակական բաղնիքից, ուր անուշ լոգանք է
ընդունել։ Այնինչ նրա հոգին տագնապ էր ապրում. անսպասելի հրավերից սիրտը ոչ
մի լավ բան չէր գուշակում։
Նա մեկ առ մեկ վերհիշեց առավոտյան տեղի ունեցած խոսակցության
մանրամասները, այն ժամանակ ասված իր խոսքերը կրկնեց մի քանի անգամ և
կասկած հարուցող ոչինչ չգտնելով՝ մանրակրկիտորեն մտաբերեց քաղաքացիական
պատերազմում կոնսուլներին հաղթելուց հետո անցած երկու ամսում ձեռնարկած իր
բոլոր քայլերը, երկյուղելով, թե Սուլլային հայտնի չի՞ դարձել արդյոք իր գաղտնի
գործերի մասին, իր լոյալությունը կասկած չի՞ հարուցել արդյոք։ Միակ բանը, որից
սարսափելի վախենում էր, այն էր՝ չլինի՞ իր թույլտվությամբ քաղաքից ծածուկ
փախած մարդիկ ընկել են պարեկների ձեռքը և մատնել իրեն։
Սուլլայի հետ պրովինցիաներից եկած լեգեոնները դեռևս ետ դառնալու հրաման չէին
ստացել, և քաղաքամերձ զորանոցները լքած զինվորներն աննպատակ թափառում
էին կենտրոնական փողոցներում՝ անհամբեր սպասելով Մեծ կրկեսի
ներկայացումների սկսվելուն։ Պոնտոսից բերված երեսուն հազար ստրուկները դեռ
վաճառքի չէին հանվել, ու սրանք, ճողոպրելով փարախներից, վխտում էին
գետափնյա թաղամասերում, պլշած նայում ամեհի թատրոններին, արևի տակ փայլ
փլող տանիքներով տաճարներին, մեծահարուստների շքեղ, սյունազարդ
առանձնատներին։ Նրանք անվերջ ընկնում էին ոտքի տակ, հրմշտվում, հալածվում
կրկին դեպի փարախները քշելու փորձ անող վիգիլների [1] մտրակներից, խճճվում
սայլերի ու պատգարակների հոսքի մեջ։
Սենատորի պատգարակն ուղեկցող ստրուկն արդեն խռպոտել էր գոռալուց. նա
բարկացած հայհոյում էր փողոցը հեղեղած բարբարոսներին, հրում նրանց, խփում,
բայց միևնույն է պատգարակն առաջանում էր դանդաղ, հաճախակի կանգառներով։
Ուրիշ անգամ Մումերկոսը կդժգոհեր ստրուկի դանդաղկոտությունից, կկարգադրեր
թեքվել սակավամարդ նրբանցքները, բայց այսօր նա չէր շտապում և նման երթը նրա
սրտով էր։
Մեծ Կլոակայի վրա մարդկանց հոսքը ստվարացավ, ֆորումի մատույցներում ասեղ
գցելու տեղ չկար արդեն։ Նախորդ երեք օրերը հավգուրներն անհաճո էին համարել