— Ես չեմ կամենում ձեզ ոչինչ պարտադրել, մեծապատի՛վ հայրեր, իմ պարտքն էր՝
հայտնել ձեզ Վերցինգետորիգոսի առաջարկի մասին, իսկ կընդունենք այն, թե
կմերժեք՝ ձեր իրավունքն է։ Այս ամենի մեջ դուք գուցե նաև հայրենադավություն եք
տեսնում, բայց ասացե՛ք ինձ, մի՞թե այլ ելք կա. ցո՛ւյց տվեք ինձ փրկության նվազ
վտանգավոր ուղի, որը հանրապետությունը կազատի ներքին պատերազմից։ Այո՛,
մենք նյութական դժվարություններ կունենանք, բայց մի՞թե Կեսարից ազատվելու
համար դուք ավելի մեծ զոհողությունների չեք պատրաստ։ ԵՎ հետո արժե՞
մտահոգվել մասը կորցնելու համար, երբ ամբողջն է վտանգված։
Ապա, ձայնն իջեցնելով՝ ասես կարող էին կողմնակի մարդիկ լսել իրեն, շշնջաց.
— Թող նրանք ոչնչացնեն Կեսարին, իսկ մենք դեռ կմտածենք՝ ինչպես վարվել նրանց
հետ. նրանց առաջին անգամ չեն քաղաքացիություն խոստանում։
Այդ միտքը որոշ աշխուժություն առաջ բերեց հավաքվածների մեջ, և նրանք
հետաքրքրվեցին, թե ինչպես է Վերցինգետորիգոսը մտադիր կատարել իր
խոստումը։
— Նա մտադիր է ապստամբություն բարձրացնել,— պատասխանեց Բիբուլոսը,—
բայց ավելի լավ է՝ թող այդ մասին դեսպանն ինքը պատմի։
Ծառան, որ հեռվում սպասում էր տիրոջ նշանին, գնաց դեսպանի ետևից։ Քիչ անց նա
վերադարձավ վիթխարահասակ, ամբողջովին բեղմորուսի մեջ կորած մի բարբարոսի
հետ, որի տեսքը երկյուղ էր ներշնչում նայողին։ Նրա բազուկները, որ նույնպես
փրչոտ էին, այնքան հզոր էին, որ առանց դժվարության երեք մարդ կարող էին պոկել
գետնից։
Գլուխ տալով՝ բարբարոսը ներկայացավ, և հռոմեացիք իմացան, որ իրենց առջև
Լակտերիոսն է՝ Վերցինգետորիգոսի եղբայրն ու հեծելազորի պետը։
Նրան հարցեր տվին, և նա պատասխանում էր՝ շարունակ ներողություն խնդրելով,
որ իր տերը՝ արևափայլ Վերցինգետորիգոսը, ու նաև սրբազան աստված Գեհեն
խստորեն պատվիրել են իրեն ասել այն, ինչ կարելի է ասել։ Նրա խոսքը հակիրճ էր,
շարժումները առնական, նա ձեռքը չէր իջեցնում կրծքից և խոնարհվում էր ամեն
հարց տվողի։ Սենատորները բարբարոսին նայում էին խորին ակնածանքով և ոչինչ
չէին խնայի նրան ծառա ունենալու համար։
Երբ դեսպանը հաղորդեց, որ Կեսարը երեք շաբաթ չի երևացել պրովինցիայում և,
ըստ իրեն հասած լուրերի, խոշոր նավատորմ կառուցելով դուրս է եկել Օվկիանոս՝
սենատորները գունատվեցին, կարծելով, թե կուսակալը ծովով շարժվում է Հռոմի
վրա։ Բայց վերստին հանգստացան, երբ Լակտերիոսը տեղեկացրեց, որ նրա
հիմնական ուժերը պրովինցիայում են մնացել։ Սակայն տագնապի վայրկենական
այդ ապրումը զգաստացրեց նրանց, ու թե մինչ այդ հոգու խորքում մտահոգված էին
հռոմեական զենքի պատվի ու դատարկվել սպառնացող գանձարանի համար, այժմ
պատրաստ էին ընդունել բարբարոսների բոլոր պայմանները։ Միայն Սկիպիոնն էր
պահպանել լրջախոհությունը, ու երբ Լակտերիոսը փորձեց հավաստիացնել նրան,
թե այս անգամ ոչինչ չի փրկի Կեսարին՝ թերահավատությամբ լի հայացքով չափեց
դեսպանին ոտից գլուխ, ապա նետեց ատամների արանքից.
— Արիովի՛ստն էլ սարեր խոստացավ. ես զրկվեցի երկու միլիոն սեստերցիումից,
մինչդեռ Կեսարն արժանացավ հինգօրյա երախտագիտական աղոթքի։