նրանց հետաքրքրում էր ոչ թե պատճառների քննությունը, այլ դժվարին կացությունից դուրս գալու ուղին ։ Վերջին ընտրություններում նրանց հաջողվել էր զբաղեցնել որոշ նշանակալի պաշտոններ, բայց դա քիչ էր մխիթարում, քանի որ բանակի ընդամենը հինգերորդական մասին էին տիրում, մինչդեռ լուրեր ունեին, որ Կեսարն իր միջոցներով հավաքագրում է ևս չորս լեգեոն ։
— Սպանե ՛ լ է պետք նրան,— ասաց Ահենոբարբը ՝ փոթորկված ։
— Հե ՜ շտ է ասել,— քմծիծաղեց Պանսան ։— Դա պիտի արվեր, քանի դեռ նա այստեղ էր ։ Իսկ հիմա անհնարին է ։
Իսկ Սկիպիոնը,— նա երկար տարիներ կառավարում էր Աֆրիկայում և վերջերս էր վերադարձել այնտեղից,— որ մինչ այդ լուռ էր և չէր մասնակցում խոսակցությանը, ձեռքերը կողքի տարածելով ՝ արտաբերեց.
— Տարօրինակ է, զարմանալի, մինչև հիմա չեմ հասկանում ինչպե ՞ ս պատահեց, որ նրանք հաշտվեցին ։
— Մեծարգո ՛ սենատորներ,— խոսք առավ Բիբուլոսը ՝ ելնելով տեղից. նա ուրախ էր, որ խոսակցությունն ակամայից ընթանում էր իր ուզած հունով,— դաշնակիցների հարցը հանգիստ չի տալիս նաև ինձ և ձեզ հրավիրել եմ այստեղ ՝ միասնաբար փրկության ուղի որոնելու ։ Հապաղումը մահ է, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք հանկարծ որոշեն իրենց լեգեոնները շարժել Քաղաքի վրա ։ Մենք պիտի խանգարենք նրանց հզորացմանը ՝ կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ ։
Հյուրերն ուշադիր նայում էին նրա կողմը ։
— Այն, ինչ հիմա ձեզ կհայտնեմ, բոլորովին իմ մտահղացումը չէ և ես ինձ վրա չեմ վերցնում պատասխանատվությունը, բայցև ճիշտ վարված չէի լինի, եթե տեղյակ չպահեի ձեզ այդ մասին ։
Կոկորդը թրջելու պատրվակով նա դադար տվեց ու մինչ փոքր կումերով մեղրահյութ էր խմում, տաղավարում մեռելային լռություն էր տիրում ։
Բիբուլոսը պատմեց, որ երկու օր առաջ իրեն անսպասելիորեն այցելել է արվերների Վերցինգետորիգոս թագավորի դեսպանը ։ Վերցինգետորիգոսը խոստանում է բերել Կեսարի գլուխը, եթե սենատի անունից իրեն խոստանան գալլերին հռոմեական քաղաքացիություն շնորհել ։
Արվերներին Կեսարի դեմ հանելու միտքը գրավեց բոլորին, բայց ամենքը չէ, որ կողմ էին Գալլիան հարկերից ազատելուն ։ Ահենոբարբը սրամտեց, թե սարսափելի ոչինչ չկա, քանի որ եթե չլինի պրովինցիան, չի լինի, հետևաբար, նաև կուսակալը ՝ իր լեգեոններով ։
— Բայց ի ՞ նչ կլինի գանձարանի վիճակը,— տարակուսեց Պանսան ։— Ստիպված կլինենք նվազեցնել հացաբաժանումների չափը, և նորից դժգոհություններ կսկսվեն Քաղաքում ։ Բացի այդ ո ՞ վ կարող է երաշխավորել, որ եթե այսօր նրանք ազատվեն հարկերից, վաղը անկախություն չեն պահանջի ։
Հենվելով աթոռի բարձր թիկնակին ՝ Բիբուլոսը մտորեց մի քանի վայրկյան, ապա ասաց.