որոնք երբեմն կլանում էին նրան այնպես, որ ուրիշ ոչնչի մասին այլևս չէր կարողանում մտածել ։ Այդպիսի պահերին նա անողոքաբար կշտամբում էր իրեն, որ ավելի վճռական չեղավ ու չջարդեց Հորտենզիոսի քիթմռութը. նա համոզված էր, որ եթե այդպես վարվեր, հիմա չէր տանջվի այսպես դաժանորեն ։
Նա նորից հայտնվեց գրադարանում, հոգնած հայացքը սահեցրեց գրքերի վրայով, սակայն դրանցից և ոչ մեկը չգրավեց նրան ։ Գուցե մի զրուցակից լիներ ։ Միայն գինին կփրկեր նրան, և անհագ ծարավ զգաց, փակ աչքերով ՝ բերնեբերան լցված գավաթներ տեսավ, բայց ստիպված էր վանել իրենից գայթակղությունը, քանի որ հյուրերի էր սպասում ։
Նա ելավ պատշգամբ ու արգելապատնեշի մոտ վեց կառք նկատեց ։ Արագ-արագ կարգադրություններ անելով սենեկապետին և բոլոր այն սպասավորներին, որոնք առնչվելու էին հյուրերի հետ ՝ փութով իջավ բակ ։
Հյուրերը հասցրել էին իջնել կառքից և ուշի ուշով զննում էին վիլլան ։ Ողջունելով տանտիրոջը ՝ նրանք չդադարեցրին զննումը և կարծիքներ էին փոխանակում լեսբոսյան մարմարով երեսպատված երկհարկանի տան ու պարտեզի հարդարանքի մասին, իբր թե ցածրաձայն, բայց այնպես, որ գովեստի շռայլ խոսքերը հասնեին պրինցեպսին ։
Նրանց հասկանալի չէր, թե ինչու էր Բիբուլոսն իրենց հրավիրել վիլլա, երբ կարելի էր հանդիպել քաղաքում ։ Ինչի ՞ համար է այս ավելորդ զգուշավորությունը ։ Թե ՞ նրան առաջնորդել է նորակառույց ամառանոցով պարծենալու տենչը ։ Նրանք տարակուսում էին դեռ այն ժամանակ, երբ պրինցեպսի ստրուկը հանդիպման հրավեր բերեց. ոչ մի ավելորդ բառ հնարավոր չեղավ իմանալ նրանից ։ Այն ժամանակ նրանք կարծել էին, թե Բիբուլոսն այնքան էլ չի վստահում բանբերին, բայց այժմ տեսնելով, թե որքան անկաշկանդ է ծառան շրջում հյուրերի մեջ և ինչպես է Բիբուլոսը մտերմաբար զրուցում նրա հետ, պարզեցին, որ պրինցեպսը նրան վստահում է երևի թե իրենցից ավելի ։ Սակայն նրանք մտատանջություններին տրվելու ժամանակ քիչ ունեցան, քանի որ տանտերը բոլորին հրավիրեց ճաշի ։ Հյուրերը գերադասեցին մնալ պարտեզում, ուր օդը զով էր և ճանապարհի հոգնեցուցիչ ցնցումներից հետո հաճելի էր լսել շատրվանների մեղմ շառաչն ու մեռնող աշնան թախծոտ մեղեդին ։ Տաղավարներից մեկում սեղան գցեցին նրանց համար ։ Զանազան խոսակցություններ սկիզբ առան, որոնք բոլորն, ի վերջո, հանգեցին Գալլիայից սպասվող վտանգին ։ Նրանց խորապես անհանգստացնում էին Կեսարի հաջողությունները, բացի այդ, բոլորովին անտեղյակ էին նրա ձեռնարկումներին ու միշտ անակնկալի էին գալիս ։ Նրանք ոչինչ չէին խնայի Կեսարի մերձավորներից որևէ մեկին կաշառելու համար, բայց ստիպված էին ցավով խոստովանել, որ կուսակալը զրկել է իրենց այդ հնարավորությունից, քանի որ իրեն շրջապատել է նվիրված մարդկանցով, իսկ զինվորները նրան իմպերատոր են հռչակել և պաշտում են որպես աստծու ։ Զանազան աղբյուրներից նրանք լուրեր ունեին և այժմ, համադրելով այդ բոլորը ՝ նրանց առջև հառնեց իրականության ամբողջական նկարագիրը, որն ամենևին գոհացնող չէր ։ Կեսարն իրեն նվիրված բանակ էր ստեղծում, կոփում այն բարբարոսների դեմ կռվեցնելով, իսկ իրենք նրան ոչնչով խանգարել չէին կարող ։ Դա կարծես քիչ էր ՝ Կեսարի զինվորները խումբ-խումբ արձակուրդ գալով ՝ խառնաշփոթ էին ստեղծում քաղաքում ։ Նրանք իրենց չէին ներում Կեսարին անցած լեգեոնների համար, բայց և չէին կշտամբում միմյանց.