Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 190

Եթե նա Կեսարին ատում էր համատեղ էդիլության, պրետորության և կոնսուլության տարիներին ապրած նվաստացումի և անախորժությունների համար, ապա Կատոնին նախանձում էր նրա մտավոր գերազանցության ու սենատում ունեցած հեղինակության համար ։ Միշտ ինչ-որ մեկը խանգարել էր նրան, և նա ստվերում էր մնացել ։ Հիմա վերջապես կարծես թե եկել էր նրա աստղային ժամը, և անշրջելի Քրոնոսը հոսում էր նրա օգտին ։ Նա գոհ էր բախտից դեպքերի այսպիսի զարգացման համար, և ամեն առիթով առատ զոհ էր մատուցում Ֆորտունային, որը, երկարատև մոռացումից հետո, վերստին հիշել էր իրեն ։ Նա պրինցեպս էր, և իր խոսքը վճռական նշանակություն ուներ հանրապետության համար կարևոր հարցերը լուծելիս ։
Նա ձեռնամուխ էր եղել մի այնպիսի ինքնամեծարման, որին Սուլլան անգամ կնախանձեր ։ Նրան մեծ բավականություն էր պատճառում սենատի որոշումները վավերացնելը, որքան էլ նվազ կարևոր լինեին դրանք, և խենթանում էր ՝ իր կնիքը տեսնելով այդ փաստաթղթերի վրա ։
Նա հասկանում էր, որ երջանկությունը ինչպես հանկարծակիորեն եկել էր, այդպես էլ կչքանար, եթե ձեռքերը ծալած նստեր ։ Եվ նա իր առջև դրել էր այլոց համար գուցե անհնարին թվացող մի նպատակ, որն անօրինակ փառք կբերեր իրեն, այն է ՝ սեղմ ժամկետում, քանի դեռ Հռոմի նշանավոր քաղաքացիները բացակայում են, ոչնչացնել դաշնակիցներին ։ Նա հասկանում էր, որ Կեսարն ու Պոմպեոսը տիրում են բանակին և անիմաստ է պատերազմ հայտարարել նրանց, բայց, մյուս կողմից, նրանց լեգեոնները հեռու են Հռոմից ու նաև միմյանցից ։ Չափազանց վտանգավոր այդ ծրագիրը կլանել էր նրան ամբողջովին, նա հաշիվ չէր տալիս իրեն դժվարությունների առաջ և պատրաստ էր նույնիսկ նետվել բոցերի մեջ, եթե դա իրենից պահանջեին հանգամանքները ։ Եվ ինքն էլ չէր հասկանում, թե որտեղից իրեն այդքան եռանդ, այդպիսի համարձակություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ ։ Կրասոսի մահը ոգևորել էր նրան, նա դա համարում էր աստվածային նշան, որը բոլորովին հեշտացրել է իր գործը ։ Սակայն նրա աննախադեպ խանդավառությունը խախտվել էր չորս օր առաջ տեղի ունեցած մի տհաճ դեպքի պատճառով ։ Իսկ ահա թե ինչ էր պատահել. նրան այցելել էր Հորտենզիոսը ՝ գինովացած, և անվերջ շաղակրատելով ու գովելով Բիբուլոսների տոհմը ՝ ասել էր, թե մի մեծ երազանք ունի ՝ կին առնել այդ տոհմից ։ Մարկոսը կարծել էր, թե տարիքն առած հռետորը նկատի ունի այրիացած իր զարմուհիներից որևէ մեկին, և քաջալերել էր նրան ։ Բայց երբ դրանից ոգևորված Հորտենզիոսը խնդրել էր նրա աղջկա ձեռքը, պրինցեպսը, հազիվ զսպելով պոռթկումը ՝ կեղծել էր, թե իրենից արդեն խոսք են առել, և շուտով դուստրը նշանվելու է ։ Հորտենզիոսը, որ խմիչքի պակասը լրացրել էր Բիբուլոսի տանը ու բոլորովին կորցրել իրեն, ասել էր, թե այդ դեպքում ինքը գուցե ամուսնանա Նիդիայի ՝ Բիբուլոսի կնոջ հետ ։ Պրինցեպսը փոթորկվել էր, հռետորին սոմա էր անվանել և ծառաներին կարգադրել էր դուրս շպրտել նրան ՝ որպես վերջին մուրացկանի, ինչը ստրուկներն արել էին մեծագույն խանդավառությամբ ։
Այդ միջադեպից հետո նա ոչ մի կերպ չէր հանդարտվում, ամեն վայրկյան հիշում էր Հորտենզիոսին, իսկ կնոջը կամ դստերը հանդիպելիս կրկին ու կրկին նրա հայացքի դեմ գինուց այլագունված հռետորն էր հայտնվում ։ Առավոտ վաղ ՝ աչքերը դեռ չբացած, այդ միտքն էր սողոսկում սիրտը և թունավորում օրը ։ Նա հեռացավ քաղաքից ՝ հուսալով, թե այդ տեղափոխությունը կօգնի իրեն, սակայն այստեղ էլ ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել Հորտենզիոսին վերաբերող ծանր մտքերից,