Գլուխ երրորդ
Այս խոսքի վրա ձիագողը հանկարծ նկատեց, թե ինչպես զորապետները միանգամից զգաստացան և խորհրդանշանակ հայացքով նայեցին միմյանց ։ Վերջապես նրանց պարզ դարձավ, թե որտեղ են չքվում կապույտ ներկած այն ջոկատները, որոնք հաճախ հայտնվում են առափնյա մարզերում և այնտեղի ցեղերին խռովության հրահրում ։
Օպիոսը շշմել էր անակնկալ լուրից ։ Այդ կապույտ մարդկանց ինքն էլ էր պատահել, նույնիսկ մի անգամ քիչ էր մնում շրջապատեր նրանց, բայց նրանք հասցրին մտնել անտառները, և որքան էլ ինքը տակնուվրա արավ շրջակայքը ՝ այդպես էլ չգտավ նրանց ։
— Եթե ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես սա է պատմում,— Օպիոսը գլխով արեց դեպի ձիագողը,— ապա մեզ մնում է անհապաղ նավատորմ կառուցել ։
Գլուխ երրորդ
Պրոկոնսուլ Բիբուլոսը ելավ պատշգամբ ։ Նրա մտահոգ հայացքը փոշու ամպ էր որոնում ձիթենիների ուղղանկյունաձև դաշտերի միջով ձգվող ճանապարհի վրա, որը մերթ կորչում էր շրջադարձերում, մերթ ձգվում սլաքի պես ուղիղ ։ Ճանապարհն ամայի էր ։ Քամի չկար, արևն արձանացել էր երկնակամարում, ոչինչ չէր փոփոխվում տեսադաշտի վրա, և ասես հսկա մի կտավ լիներ նրա առջև ։
Հյուրերն ուշանում էին, և սպասումի տանջալի րոպեները կարճելու համար նա կրկին ներս մտավ ու փորձեց տարվել ընթերցանությամբ, սակայն բառերը լողում էին նրա աչքերի առաջ, և նա վագրենիով ուսերը ծածկելով ՝ քայլեց սենյակից սենյակ ։ Նա կանչեց ծառային և որերորդ անգամ հարցրեց, թե նա իսկապե ՞ ս տեսնվել է նրանց հետ, ում հարկ էր, և կամեցավ նոր մանրամասներ իմանալ ։ Ծառան որերորդ անգամ երդվեց, որ տիրոջ պահանջը կատարել է բարեխղճորեն, և ավելացրեց, որ եթե նրանք բոլորն են ուշանում, կնշանակի արտառոց որևէ բան է պատահել ։
« Միայն ա ՛ յդ էր պակաս »,— մտածեց Բիբուլոսը տհաճությամբ և շարունակեց զննել վիլլայի բոլոր սրահները ։
Նրան դուր էր գալիս իր ամառանոցը, ոչինչ չէր խնայել այն արտակարգ շքեղ ու հարմարավետ կառուցելու համար ։ Չվստահելով ճարտարապետներին ՝ նա ինքն էր անձամբ հետևել շինարարության ընթացքին, և երկհարկ այս առանձնատունը նրա համար թանկ էր ավելի, քան ողջ Իտալիան ՝ վայրենիներով լի պրովինցիաների հետ միասին ։
Բախտի դիցուհին վերջապես սկսել էր ժպտալ նրան. Եգիպտոս գործուղված Կատոնի փոխարեն նրան էր վստահվել սենատի նախագահությունը ։ Բայց դա դեռ բոլորը չէր. քաղաքը մնացել էր առանց Կեսարի ու Կատոնի, Կրասոսը սպանվել էր պարթևների երկրում, Պոմպեոսը սիրահարված էր կնոջը մինչև ականջների ծայրը և կուրիայում գրեթե չէր երևում, իսկ Ցիցերոնը աքսորված էր, և նա ուրիշ ոչ մեկին չէր տեսնում, որը կխլեր իրենից առաջնության դափնին ։ Նա շշմել էր անսպասելի այս հաջողությունից. ուրիշները գզվռտվեցին, հոշոտեցին միմյանց, իսկ քաղաքը մնաց իրեն, որ Մարսյան դաշտի պատահարից հետո կորցրել էր ամեն հույս և գրեթե չէր զբաղվում քաղաքանությամբ ։
Եվ նա շփոթվել էր ՝ չիմանալով ինչպես կառավարել ամենքի կողմից մոռացված քաղաքը ։