Ձիագողը մագաղաթը փռեց արշավային սեղանին։ Զորապետները խմբվեցին նրա
շուրջը։
— Սա Գալլիան է,— բացատրեց բարբարոսը ոգևորված, որ կարողացավ շարժել
հռոմեացիների հետաքրքրասիրությունը,— սա Օվկիանոսն է, իսկ ահա այս մեկը
անհայտ երկիր է։
— Մի՞թե ծովից այն կողմ երկիր կա,— թերահավատությամբ հարցրեց Կեսարը՝
նայելով Կուրիոնի կողմը։
— Գեզորիակից հարյուր մղոն հեռու մի փոքրիկ կղզի կա միայն, ուր ոչ ոք չի
ապրում,— պատասխանեց Կուրիոնը։
— Մեծապատիվ զորականն անշուշտ հենվում է Մարցիուս Կուրիոնի վկայության
վրա,— խոսեց բարբարոսը,— բայց չէ՞ որ նա ինքը նշում է, որ երբ հեռանում էր այդ
կղզուց, օրը մառախլապատ էր, և նա գերադասեց փոխել նավերի ուղղությունը դեպի
հարավ։
Հռոմեացիների դեմքից վայրկենապես չքացավ բարձրամտությունն ու
թերահավատությունը, իսկ Կուրիոնը հարցրեց.
— Որտեղի՞ց է քեզ այդ ամենը հայտնի։
— Ես տեսնվել եմ նավաստիների հետ, որոնց Կուրիոնը վարձել էր Գեզորիակում,—
պատասխանեց բարբարոսը՝ բոլորովին չակնկալելով, թե ով է կանգնած իր առջև։
— Դու եղե՞լ ես այնտեղ,— հարցրին հռոմեացիք, որոնց համակել էր անհայտ երկրին
տիրելու գայթակղությունը։
— Այս քարտեզը ես ձեռք եմ բերել լյուտեցիացի [56] մի ակնավաճառից։ Ես այնքան էլ
չէի հավատում նրան, ինչպես այժմ՝ դուք ինձ, բայց ինձ հանգիստ չէր տալիս նոր
երկիր հայտնագործելու մոլուցքը։ Երեք տարի ես նավ բեռնաթափեցի Գեզորիակում,
սնվեցի ջրով ու արմտիքով և ետ գցած փողերով մի հին դուիրեմ գնելով՝ սրանից կես
տարի առաջ դուրս եկա Օվկիանոս։ Իմ խոսքերը գուցե հավատ չեն ներշնչում, բայց
ես տեսա այդ երկիրը, և ոչ միայն տեսա, այլև ափ իջա։
— Եվ ի՞նչ տեսար այնտեղ,— հռոմեացիք նրան նայում էին հմայվածի պես։
— Բազում թագավորություններ կան այնտեղ, անծայրածիր դաշտեր՝ ինչքան աչքդ
կտրի, առուներ կան, որ քաղցրահամ ջուր ունեն, զանգվածեղ նժույգների
երամակներ են ամենուր պատահում, որոնք վայրի են, իսկ մարդիկ պաշտում են
նրանց և չեն հեծնում։ Կապույտ լեռներ կան այնտեղ, որոնց փեշերից վարդագույն
գոլորշի է ելնում, զմրուխտի նմանվող ինչ-որ քարեր կան, որ կրում են կանայք
ստինքների վրա, իսկ գիշերները լույս տվող ինչ-որ միջատներ են թևածում դաշտերի
ու ճանապարհների վրա, այնքան շատ, որ մարդիկ կերոն չեն վառում։ Նրանք
այնտեղ աղոթում են անտառներում, երկրպագում են քարերին ու ծառերին։ Նրանք
իրենց բրետոն են կոչում, գաղթել են Հայաստանից՝ իրենք էլ չեն հիշում երբ...
— Ստո՛ւմ է սրիկան,— Օպիոսը ոչ մի կերպ չէր հավատում բարբարոսին,— այդ
ամենն ինքն է հորինել. եթե այդպիսի երկիր լիներ, նրանց նավատորմը վաղուց
երևացած կլիներ Գեզորիակում։
— Նրանք տորմիղ չունեն,— պատասխանեց գալլը հանգիստ,— ու նաև մեծ
քաղաքներ։ Փոքր նավակներ ունեն միայն։ Նրանք իրենց կապույտ են ներկում և ...