գերմանների հեծելազորին թույլ չէր տվել միջամտել հետևակի կռվին՝ հալածեց
նրանց ու կոտորեց անխնա, մինչև նրանք հասան Հռենոսին։ Ով քաջություն ուներ՝
նետվեց ջուրը և փորձեց գետն անցնել լողալով, մյուսները լցվեցին պատահած
մակույկների մեջ, մնացյալները, որոնց թվում և Արիովիստի կանայք ու դուստրերը,
գերի ընկան։
Այս կռվից հետո բազում դեսպանախմբեր եկան Հռենոսի մյուս ափից և իրենց
հնազանդությունը հայտնեցին հռոմեական ժողովրդին ու որպես իրենց խոսքերի
հավաստիացում՝ պատանդներ թողեցին հաղթանակած կուսակալի մոտ։
Տիրելով Արիովիստի գրաված երկրներին՝ Կեսարը հանրապետության տարածքները
հասցրեց մինչև Օվկիանոս, ապա Կուրիոնին ոչ մեծ նավատորմով ուղարկեց ծով՝
պարզելու, թե այնտեղ չկա՞ն արդյոք այլ երկրներ...
Կեսարը զորապետերի հետ նոր գրավված տարածքներում կայազորերի
տեղաբաշխման հարցն էր քննարկում, երբ վրան մտավ կենտուրիոններից մեկը՝
քարշ տալով հերախռիվ մի բարբարոսի։ Սա փորձել էր նժույգներ գողանալ
հռոմեացիների երամակից։
Բարբարոսը փռվեց գետնին ու աղաչեց խնայել իրեն։ Կեսարը կարգադրեց
բարձրացնել նրան։ Իր առջև տեսնելով խստահայաց կուսակալին՝ բարբարոսը
սփրթնեց ու ծկնի գալով՝ աղաղակեց.
— Խնայի՛ր ինձ, աստվածային Կեսար, խղճա՛ զավակներիս, դարձրու ինձ քո
ստրուկը, բայց մի՛ սպանիր։
— Ինչո՞ւ էիր մոտեցել ճամբարին,— հարցրեց Կեսարն ահեղաձայն։
— Ես ձիերը պիտի փոխեի մակույկի հետ,— անկեղծորեն խոստովանեց բարբարոսը՝
հուսալով, որ դա կմեղմի պատիժը։
— Չորս ձի մակույկի դիմա՞ց։
— Ես պիտի նաև մի ամսվա պարեն ձեռք բերեի։
— Հեռու՜ն ես ուզում գնալ,— հեգնեց Պոլիոնը։
— Ի՞նչ եք գլուխ դնում սրա հետ,— Օպիոսն առաջ եկավ և ոտքով հարվածեց
գալլին։— Ինձ որ մնար՝ մտրակածեծ կանեի մի լավ ու բաց կթողնեի, որպեսզի ամեն
տեղ ցուցադրեր քամակն ու պատմեր, թե ինչ է նշանակում հռոմեացիներից ձի
գողանալ։
Այս խոսքերից բարբարոսը գունատվեց և զորապետների դեմքին գթության նշույլ
չտեսնելով՝ փաթաթվեց Կեսարի ոտքերին ու աղերսեց.
— Ողորմա՛ծ եղիր, Կեսա՛ր, մի՛ տանջիր ինձ այդպես դաժանորեն։
Հանկարծ նա դադարեց ողբալ և կտրուկ շարժումներով ծոցից հանեց մագաղաթի
բազմածալ մի կտոր, հարթեցրեց այն ծնկան վրա ու պարզեց կուսակալին։ Կեսարն
անտարբերությամբ նայեց մագաղաթին, ապա ուսերը թոթվելով՝ այն հանձնեց
Պոլիոնին։ Զորապետները ձեռքից ձեռք փոխանցեցին այն, բայց ոչինչ չհասկացան
կարմիրով արված գծագրերից։
— Ի՞նչ է սա,— հարցրին գալլին։