Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 186

ընդգծված անփութությամբ նրանց փոխադրեց նոր ճամբար ։ Գալլերին հիմնական ուժերի տեղ դնելով ՝ բարբարոսները չդիմացան գայթակղությանը և ճամբարից հանեցին իրենց ողջ հեծելազորը, ոչ այնքան ՝ կռվելու, որքան թշնամուն իրենց մեծաթվությամբ սարսափեցնելու մտադրությամբ ։ Կեսարը, որ անհամբեր դրան էր սպասում, մի ակնթարթում զորքը դուրս բերեց հիմնական ճամբարից և ընթացքում դասավորելով ՝ խրոխտ քայլերով տարավ Արիովիստի դեմ ։ Սա կատարվեց այնքան արագ, որ հեծելազորն այլևս չէր հասցնի վերադառնալ յուրայինների մոտ, և գերմանները երկյուղելով կորցնել այն ՝ հապճեպորեն ելան ճամբարից և շարվեցին ըստ ցեղերի ու ընտանիքների ։ Նրանք իրենց բանակը թիկունքից և կողերից եզերեցին սայլերով ու քարշակներով, այդպիսով իրենք իրենց զրկելով փախուստի հնարավորությունից, իսկ դրանց վրա նստեցրին իրենց կանանց, որոնք ձեռքերն ամուսիններին պարզած և արցունքն աչքերին ՝ աղաչում էին գերության չմատնել իրենց ։
Իրարանցումի մեջ գերմանները հարկ եղածի չափ չէին ուժեղացրել իրեն աջ թևը, և նկատելով այդ ՝ Կեսարը Տասներորդ լեգեոնը փոխադրեց այդ կողմը ։
Հակառակորդները միմյանց վրա նետվեցին այնպես արագ ու անսպասելի, որ չհասցրին նետել նիզակները ։ Կատաղի ձեռնամարտ սկսվեց ։ Գերմանները ռազմագծի ողջ երկարությամբ խտացրին շարքերը և փաղանգ կազմեցին ։ Հռոմեացիք քաշքշում էին նրանց վահաններից ու փորձում խոցելի տեղեր գտնել ։ Բարբարոսները կռվում էին չտեսնված խիզախությամբ ։ Առջևի շարքերն ընկնում էին, մյուսները մարտնչում էին յուրայինների դիակների վրա կանգնած ։ Քիչ անց ռազմագծի երկարությամբ դիակների բուրգեր առաջացան, բարբարոսները ելնում էին դրանց վրա և նիզակահարում հռոմեացիներին, ճարպիկ շարժումներով որսում էին դեպի իրենց արձակված զենքերն ու ետ շպրտում ։ Տոհմակիցները կռվում էին ուս-ուսի տված, մեկը սիրով զոհաբերում էր իրեն մյուսի համար, որդին փոխարինում էր սպանված հորը, հորեղբայրը սատարում էր եղբորորդուն ։ Անվերջ փողեր էին հնչում, թմբուկների զարկերը խլացնում էին մեռնողների կանչերը, գերման կանայք աղաղակելով քաջալերում էին իրենց զավակներին ու ամուսիններին ։ Բայց անսահման եռանդն ու անձնազոհությունը բավարար չէին գերազանցելու յոթ դար շարունակ հղկված ռազմարվեստին, որին տիրապետում էին հռոմեացիք. նրանք կռվում էին ինքնավստահ, ետին շարքերն անմիջապես օգնության էին հասնում նեղն ընկածներին, և փոխհամագործակցությունն այնքան ներդաշնակ էր, կարծես նրանք ելել էին ամենասովորական զորավարժության. նրանց շարժումներում անհանգստության նշույլ չկար ։
Կռվի երրորդ ժամին փաղանգի աջ թևը խռնվեց և չդիմանալով Տասներորդ լեգեոնի ճնշմանը ՝ նահանջեց ։ Բայց մյուս թևը, որ կռվում էր Արիովիստի գլխավորությամբ, սկսել էր նեղել հռոմեացիներին ։ Կոհորտաների երրորդ դասավորությունից Կեսարն անհապաղ օգնություն ուղարկեց նրանց, այլապես պարտությունն անխուսափելի կլիներ ։ Փաղանգի աջ թևը սեղմվելով պատնեշին ՝ խառնեց շարքերը ։ Նրանք սկսեցին խանգարել միմյանց, իսկ հռոմեացիք թրատում էին նրանց ։ Կանայք վայնասուն բարձրացրին ու մազերը պոկում էին գլխից ։ Դա վերջնականապես բարոյալքեց գերմաններին, և ոտնատակ տալով միմյանց ՝ փախուստի դիմեցին ։ Խուսափելով շրջապատումից ՝ Արիովիստը ետ քաշեց իր գնդերը, հետո հաղթանակի հույսը բոլորովին կորցրած ՝ փախուստի դիմեց ։ Ռուֆիոնի այրուձին, որ այս ողջ ընթացքում